Ճարպակալում և բարիատրիկ վիրաբուժություն , առավելություններ, թերություններ... մանրամասնում է բժիշկը: 

- Ի ՞նչ է իրենից ներկայացնում բարիատրիկ վիրաբուժությունը: 

-Բարիատրիկ վիրաբուժությունն ուղղված է մարմնի ավելորդ զանգվածի դեմ, այն օգնում է մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Կա երեք վիրահատական տարբերակ, որոնք բոլորն են ուղղված են աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածների, այսինքն` ռեստրիկտիվ չափսերի փոքրացմանը: 

- Ո՞րն է բարիատրիկ վիրահատական միջամտության առաջին տարբերակը, ի՞նչ առավելություններ ունի այն: 

-Առաջին տարբերակը ստամոքսի օղակավորումն է, որի դեպքում լապարասկոպիկ եղանակով որովայնի խոռոչում տեղադրվում է սիլիկոնե օղ, այն տեղադրվում է ստամոքսի ամենավերին հատվածում, արդյունքում ձևավորվում է փոքր ստամոքսը, որը շատ փոքր տարողունակություն ունի (ընդամենը 15 մլ): Դա նպաստում է, որ մարդիկ շատ քիչ սնունդ ընդունելով, անմիջապես հագենան, բացի այդ, սնունդը բավական երկար ժամանակ է մնում նոր ձևավորված ստամոքսում և ավելի լիարժեք է մարսվում: Վիրահատությունն արվում է 3-ից 5մմ կտրվածքների միջոցով, որոնք գրեթե սպիներ չեն թողնում և անցավ են: Հիվանդները սովորաբար վիրահատության հաջորդ օրն իսկ դուրս են գրվում հիվանդանոցից: Օղակավորման առավելություններից մեկն այն է, որ վիրահատության ժամանակ աղեստամոքսային տրակտի ոչ մի հատված չի հեռացվում, այսինքն` չի խախտվում աղեստամոքսային տրակտի ամբողջականությունը: Բացի այդ, մարդիկ ցանկացած ժամանակ կարող են հեռացնել օղակը և վերադառնալ իրենց նախկին ապրելակերպին, չնայած կա թեորիա, որ այդ օղը հեռացնելուց հետո նրանք վերադառնում են իրենց նախկին քաշին: Վիրահատական այս տարբերակի մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ օղը կարգավորվող է, ենթակա տրամագծի փոփոխման (հնարավոր է մեծացնել կամ փոքրացնել): 

- Իսկ կարգավորումը պարտադիր, թե՞ կամային բնույթ է կրում: 

-Այն պարտադիր բնույթ է կրում, եթե օղի տրամաչափը չկարգավորվի, վիրահատությունը կարող ենք համարել անարդյունավետ: Տարվա կտրվածքով` մասնավորապես հետվիրահատական առաջին տարում 2-ից 3 անգամ փոքրացնում ենք օղի տրամաչափը, որպեսզի աստիճանաբար սնունդն ավելի դժվար անցանելի լինի և դրանով իսկ սահմանափակենք հիվանդի կողմից օգտագործվող սննդի չափաբաժինը: Առաջին կարգավորումն արվում է վիրահատությունից 2 ամիս անց, որպեսզի հետվիրահատական շրջանում ձևավորված այտուցներն անցնեն, և մենք ունենանք նոր ձևավորված ստամոքսի լուսանցքի հստակ ու ճիշտ չափս: Օղի տրամաչափի կարգավորումն իրականացվում է ռենգեն սենյակում, հիվանդները նախապես խմում են բարիսուլֆատով մեկ բաժակ ջուր, որպեսզի ստուգենք ստամոքսի անցանելիությունը, ըստ այդմ մեծացնում կամ փոքրացնում ենք օղի տրամաչափը: 

Մանրամասնեք նաև, թե ինչ է իրենից ներկայացնում բարիատրիկ վիրահատության 2-րդ տարբերակը` ստամոքսի երկայնակի հատումը: 

- Այն կատարվում է լապարասկոպիայի եղանակով ` 3-5մմ երկարություն ունեցող մի քանի կտրվածքների միջոցով: Ստամոքսի ֆունդալ հատվածն ու մեծ կորությունը հեռացվում են, ձևավորվում է ընդամենը 1 սմ տրամաչափ ունեցող նոր ստամոքս: Այս վիրահատությունն ընթանում է 2 հիմնական բաղադրիչների կիրառմամբ. նախ այն, որ աղեստամոքսային թաղանթի չափսերը փոքրացվում են այնքանով, որ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում մարդիկ չկարողանան մեծ քանակությամբ սնունդ օգտագործել, և 2-րդ, քանի որ հեռացվում է ստամոքսի ֆունդալ հատվածը, որտեղ ինչպես գիտենք գտնվում են այսպես կոչված «սովի հորմոնները», ստացվում է, որ դրանք քիչ են սինթեզվում, արդյունքում նպաստում են մարդկանց ախորժակի ընկճմանը: Այս վիրահատության առանձնահատկություներից մեկն այն է, որ մարդիկ ստիպված չեն հետվիրահատական շրջանում ժամանակ առ ժամանակ այցելել բժիշկներին: Սակայն թերություն է այն, որ, հեռացնելով ստամոքսի զգալի հատվածը, որոշ դեպքերում հիվանդների շրջանում կարող է զարգանալ ավիտամինոզ` մասնավորապես B խմբի վիտամինների պակաս, չի բացառվում, որ կալցիումի պակաս ևս կնկատվի: Նման դեպքերում սրսկումների միջոցով կարելի է լրացնել այդ բացը: Մյուս թերությունն այն է, որ սա անդառնալի վիրահատություն է, հեռացված ստամոքսի մեծ հատվածն այլևս վերականգնելի չէ: Այնուամենայնիվ, աշխարհում ստամոքսի երկայնակի հատումը համարվում է «ոսկե ստանդարտ»:

- Ներկայացրեք, խնդրեմ ,բարիատրիկ վիրահատության մյուս արդյունավետ տարբերակը: 

-3-րդ տաբերակը ստամոքսի շունտավորումն է: Այն իրենից ներկայացնում է 2 բաղադրիչ: Բացի այն, որ բավարար փոքրացվում են ստամոքսի չափսերը, կատարվում է նաև բերանակցում փոքր ձևավորված ստամոքսի աղիճաղու դիստալ հատվածի հետ. 12- մատնյա աղուց դուրս եկող բարակ աղիների մի որոշ հատված դուրս է մնում մարսողական համակարգից, այսինքն` սնունդը պարզապես չի անցնում այդ աղիների հատվածով, արդյունքում նվազում է սնդդի ներծծումը: Բացի այն, որ հիվանդները շատ արագ կերպով նվազեցնում են իրենց քաշը, հետվիրահատական փուլում այն մարդկանց շրջանում, ում մոտ առկա է եղել խոլեստերինի բարձր մակարդակ, վերականգնվում է հիպերխոլեստերինը: Բարիատրիկ վիրաբուժության մեջ, չնայած այս վիրահատության բարդությանը, այն ամենաարդյունավետներից մեկն է և նախորդ տարբերակի հետ մեկտեղ համարվում է «ոսկե ստանդարտ»: 

- Արդյո՞ք բարիատրիկ վիրահատությունն այսօր պահանջարկ է վայելում Հայաստանում: 

-Հայաստանում մի քանի տարի է, ինչ կիրառվում է այս վիրաբուժությունը: Մեր երկրի օրինակով չեմ կարող ասել, թե որքանով է պահանջված, սակայն միջազգային մասշտաբով այս վիրաբուժությունը մեծ պահանջարկ ունի, ինչը պայմանավորված է ճարպակալության խնդիրներ ունեցող մարդկանց քանակով, օրինակ` Ամերիկայի միացյալ նահանգներում հասուն բնակչության 35-ից 40 տոկոսը տառապում է ճարպակալմամբ կամ ունի ավելորդ քաշի հետ կապված խնդիր: Ելնելով մեր երկրում ներդրվող սննդային ինդուստրիաների հանգամանից (օրինակ` արագ սննդի կետեր)` չի բացառվում, որ մի քանի տարի անց Հայաստանը ևս կկանգնի նման խնդրի առջև: Ես այն կարծիքին եմ, որ այսօր էլ մեր երկրում քիչ չեն ճարպակալմամբ տառապող հիվանդները, սակայն իրազեկության պակասը, հիմնախնդրի լրջության չգիտակցումը ստիպում են նրանց չդիմել մասնագիտական օգնության: Մինչդեռ ճարպակալումը ոչ թե էսթետիկ խնդիր է, այլ լուրջ հիվանդություն, նիհարել պետք է առողջ լինելու և ոչ թե զուտ արտաքին տեսքի գրավչության համար: 

- Որո՞նք են վիրահատական միջամտության դիմելու ցուցումները: 

-Երբ մարդու մարմնի զանգվածի ցուցանիշը 35 է և բարձր ու դրա հետ մեկտեղ ունի գոնե մեկ ուղեկցող հիվանդություն, օրինակ` շաքարային դիապետ կամ զարկերակային հիպերտենզիա, կամ երբ հիվանդի մարմնի զանգվածի ցուցանիշը 40-ից բարձր է, ինչը համարվում է 3-րդ աստիճանի ճարպակալություն, բայց նա չունի ոչ մի ուղեկցող հիվանդություն: Նորմայում մարդու ավելորդ քաշի ցուցանիշը մինչև 25 է, 25-ից բարձրի դեպքում դա արդեն ավելցուկային քաշ է, իսկ 30-35-ը ` առաջին աստիճանի ճարպակալություն: Մարդու մարմնի զանգվածի ցուցանիշը որոշելու համար քաշը պետք է բաժանել մարդու հասակի քառակուսու վրա: Տղամարդկանց դեպքում ճարպակալման աստիճանը որոշելու համար պետք է ստուգել նաև գոտկատեղի շրջագիծը, նորմայում այն չպետք է գերազանցի 92-ը, եթե 92-ից բարձր է, արդեն կարելի է մտածել ճարպակալության մասին, իսկ եթե 102-ից բարձր է, ապա դա նորմայից դուրս է; Այս պարագայում հարկավոր է ձեռնարկել կանխարգելիչ մեթոդներ; 

- Ինչպիսի՞ հիվանդությունների դեպքում է հակացուցված նման վիրահատությունը: 

-Հակացուցումները բավական շատ են, միայն կնշեմ ամենակաևորները: Մենք հրաժարվում ենք ալկոհոլիզմով, հոգեկան հիվանդություններով տառապող, ուռուցք և տարբեր խրոնիկական հիվանդություն ունեցողներից: Վերջիններին առաջարկում ենք բուժել իրենց հիվանդությունը և նոր միայն դիմել բարիատրիկ վիրահատության: 

Շատ կարևոր է, որպեսզի հիվանդը գիտակցի իր քայլերի նշանակությունը: Հոգեկան հիվանդները չեն կարող իրենք իրենց մասին հոգ տանել, այս դեպքում անիմաստ է նրանց վիրահատելը: Բարիատրիկ վիաբուժությունն ընդամենը օգնություն է հիվանդին, որպեսզի նա կարողանա նիհարել, իսկ հիվանդը պետք է հետևի բժշկի ցուցումներին: 

- Կմանամասնե՞ք, թե որոնք են հետվիրահատական ցուցումները

- Շատ կարևոր է, որ հիվանդը հետվիրահատական շրջանում սնվի ռեժիմով: Սնունդը պետք է լինի բալանսավորված և ռացիոնալ: Օրինակ` ստամոքսի օղակավորումից հետո, չնայած օղի տրամաչափի փոքրությանը, եթե հիվանդը բարձր կալորիականությամբ հեղուկներ խմի, ինչը հեշտ անցանելի է այդ լուսանցքոմ, արդյունավետությունը կորում է: 

- Արդյո՞ք վիրահատությունից հետո դեղորայքային թերապիա նշանակվում է: 

- Ինչպես ստանդարտ բոլոր վիրահատությունների, բարիատրիկի դեպքում ևս նշանակվում են հակաբիոտիկներ, ավելի բարդ վիրահատությունների դեպքում հիվանդները կարող են նաև պարենտերալ սնուցում ստանալ, որովհետև վիրահատությունից հետո` մեկից մինչև երեք օր, նրանց արգելված է օրալ ճանապարհով սնվելը: 

- Եթե գիրության պատճառը շատակերությունը չէ, այլ հորմոնային անհավասարակշռությունը, կարիք կա՞ արդյոք դիմել բարիատրիկ վիրաբուժության: 

-Միանշանակ կա: Մինչ վիրահատությունը մենք հետազոտություններ ենք անցկացնում` պարզելու ճարպակալության պատճառը: Դա կարող է լինել ժառանգաբար փոխանցված գենը, հորմոնալ խախտումը, որի պարագայում անհրաժեշտ է կորեկցիայի ենթարկել հորմոննեը, և բուլիմիայի, այսինքն` շատակերության հանգամանքը: Վերջինիս դեպքում ձեռնարկվում է հոգեբանների, էնդոկրինոլոգների համատեղ աշխատանք, հարկ եղած դեպքում նաև բարիատրիկ վիրահատության կիրառում: 

- Կասե՞ք, թե մեծամասամբ ովքեր են դիմում բարիատրիկ վիրահատական միջամտությունների: 

-Ավելի շատ դիմում են երիտասարդները` 30-ից 45 տարեկան միջակայքում, ընդ որում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները: Սովորաբար նրանք ակտիվ ապրելակերպ չեն վարում, ամբողջ օրն անցկացնում են համակարգչի դիմաց բավական շատ ծխախոտ են օգտագործում: 

- Իսկ կա՞ տարիքայի սահմանափակում: 

-Բարիատրիկ վիրահատությունն իրականացվում է 18-60 տարեկանների շրջանում: 60-ն անց հիվանդներին, իհարկե, կնպաստի քաշի նվազեցումը, սակայն նրանց դեպքում կյանքի տևողության երկարացումը դժվար թե բավարար արդյունավետ լինի: Իսկ ինչ վերաբերում է 18-ից ցածրերին, ապա այդ հարցը քննարկվում է բարիատրիկ վիրաբուժության ասոցիացիայի կողմից, սակայն ապացուցված է, որ դեռահասները, ովքեր տառապում են ճարպակալմամբ, որպես կանոն, հասուն տարիքում նույնպես մնում են գեր և նույնիսկ կարող են ավելի գիրանալ, այսինքն քիչ է հավանականությունը, որ նրանք կարող են կորցնել իրենց քաշը: Սա է պատճառը, որ դեռևս նման վիրահատությունները ցուցված չեն չափահասներին: 

- Արդյո՞ք բարիատրիկ վիրահատությունը գերակա դիրք է զբաղեցնում լիպոսակցիայի նկատմամբ: 

- Բարիատրիկ վիրաբուժությունն ամենաարդյունավետն է այն առումով, որ այս վիրահատություններից հետո 5 տարվա ընթացքում հիվանդներն այլևս չեն վերադառնում իրենց նախկին քաշին: Լիպոսակցիան ավելի շատ էսթետիկ բնույթ է կրում, որի դեպքում հնարավոր չէ հեռացնել ամբողջ օրգանիզմի ճարպը` ի տարբերություն բարիատրիկ վիրաբուժության: Լիպոսակցիայի ժամանակ հնարավորություն է ընձեռնվում միայն որոշակի հատվածներից, օրինակ` ազդրերի հատվածից հեռացնել որոշակի քանակի ճարպ, սակայն դա այն քանակը չէ, որ մարդկանք քաշը մոտենա նորմային: Ամեն դեպքում, թեորիա կա, որ գեր մարդկանց 95 տոկոսը չի կարողանում ինքնուրույն նիհարել: Վիրահատական եղանակն ամենավերջին ստադիան է, երբ ուղղակի էլ ոչ մի միջոց չի օգնում նիհարել: Սովորաբար մինչ բարիատրիկ վիրահատական միջամտության դիմելը, մենք հիվանդների հետ անցկացնում ենք խորհրդատվություն, թե ինչպես անցկացնեն իրենց առօրյան, ինչպես ճիշտ սնվեն` մեծ ուշադրություն դարձնելով գրաֆիկին, սննդի չափաբաժնին և սննդի կալորիականությանը: Երբ հիվանդները չեն կարողանում հետևել դիետաներին, իրականացնում ենք դեղորայքային նշանակում: Վերջինիս անարդյունավետության դեպքում միայն դիմում ենք վիրահատական միջամտության: 

- Ինչպիսի՞ն պետք է լինի հիվանդի ֆիզիկական ակիվությունը վիրահատությունից հետո: 

- Ցանկալի է,որ վիրահատությունից հետո հիվանդներն առավել ակտիվ կայքն վարեն, որովհետև բարձր ֆիզիկական ակտիվությունը ևս նպաստում է այդ ավելորդ ճարպերի այրմանը: 

- Իսկ մարդը ե՞րբ կարող է լիարժեքորեն վերադառնալ իր կյանքի բնականոն հունին: 

- Ամենաբարդ վիրահատությունը կրելուց հետո, օրինակ` ստամոքսի շունտավորման դեպքում 10-14 օրվա միջակայքում մարդիկ կարող են վերադառնալ իրենց լիարժեք կյանքին, իսկ ստամոքսի օղակավորման դեպքում` մեկ շաբաթվա հետո, քանի որ այս վիրահատությունների ժամանակ տրավմատիզմը մինիմալի է հասցվում: 

- Ի՞նչ խորհուրդ կտաք ճարպակալմամբ տառապողներին և առհասարակ բոլոր մարդկանց: 

- Թող բոլորը հետևեն իրենց առողջությանը, ֆիզիկապես ակտիվ լինեն, այցելեն մարզասրահներ և փորձեն ճիշտ սնվել, որպեսզի հետագայում խուսափեն խնդիրներներից, որովհետև եթե նրանք տառապեն ճարպակալմամբ, վաղ թե ուշ գլուխ են բարձրանալու թե’ սիրտ-անոթային, թե’ էնդոկրին համակարգի խնդիրները: 


Նյութը`Նազենի Բաղդասարյանի
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին