ա) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները կարող են ենթարկվել մի շարք քաղաքացիական և վարչական ընթացակարգերի` կարգապահական վարույթների, բժշկական անփութության վերաբերյալ հայցերի, վարչական միջոցների, ինչպիսիք են դիտողությունը, նկատողությունը, գործունեության կասեցումը և այլն, և այդ առումով օժտված են պատշաճ վարույթի և արդար դատաքննության իրավունքներով:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահամանադրություն

ՀՀ Սահամանադրության 19-րդ հոդվածը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահամանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

Հայաստանի Հանրապետությունում սույն իրավունքն ուղղակիորեն չի ամրագրվել, սակայն անուղղակիորեն այն որոշակի ձևով արտացոլված է օրենսդրության մեջ: Մասնավորապես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածումամրագրված է, որ՝

«բժշկական օգնություն և սպասարկում իրականացողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը և արժանապատվությունը»

ՀՀ քաղաքացիական և քրեական օրենսգրքեր

Պետք է նշել, որ զրպարտության հետ կապված հարցերը կարգավորված ենՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով: Զրպարտությունը նաև համարվում է հանցագործություն` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի:

Սա ներառում է դատական պաշտպանությունը:

Դատարան դիմելու իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

Քաղաքացիական իրավունքում պատշաճ ընթացակարգի հետ կապված հարցերը կարգավորված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Քրեական իրավունքում պատշաճ ընթացակարգի հետ կապված հարցերը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, իսկ վարչական իրավունքում պատշաճ ընթացակարգի հետ կապված հարցերը կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

ՀՀ օրենքը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»

Մարդու իրավունքի պաշտպանի աջակցությանը դիմելու հետ կապված հարցերը նախատեսված են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի գործունեություն իրականացնելու իրավունքը ՀՀ առողջապահության նախարարությունը երեք ամսով կասեցնում է` լիցենզավորման պահանջների ենթադրյալ խախտման հիմքով: Նա կարող էր բողոքարկել կասեցման մասին որոշումը ՀՀ վարչական դատարան` անկողմնակալ, անկախ, օրենքի հիման վրա ստեղծված դատական մարմին, որը, դրանից բացի, դիմողին պետք է ապահովի ողջամիտ ժամկետում հրապարակային դատաքննության երաշխիքով (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Վերը ներկայացված օրինակում վարչական դատարանը, դիմողի գործը դռնփակ դատական նիստում քննելով, ուժի մեջ է թողնում առողջապահության նախարարության որոշումը` առանց նշելու ոչ հրապարակային դատաքննություն անցկացնելու որոշման հիմնավորումները: Թեև բժիշկներն իրավասու են ՀՀ վարչական դատարանի որոշումը վիճարկելու ՀՀ վճռաբեկ դատարանում, հրապարակային դատաքննության բժշկի իրավունքը չի կարող վերացվել, քանի որ Վճռաբեկ դատարանը իրավասու չէ քննելու գործն ըստ էության (տե՛ս ՄԻԵԴ 1981թ. հունիսի 23-ի վճիռը Լե Կոմպտը, Վան Լեուվենը և Դե Մայերն ընդդեմ Բելգիայի գործով):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Նախկինում, երբ հիվանդանոցները չունեին իրենց գործունեությունն իրականացնելու համար բավարար բյուջեներ, դրանց ղեկավարությունը ոչ պաշտոնապես և ներքին կարգով բժշկական անձնակազմին հորդորում էին հերթով վերցնել 1 ամիս չվճարվող արձակուրդ: Թեև այդ արձակուրդն առերևույթ կամավոր էր վերցվում, իրականում այն հանդիսանում էր աշխատանքային պայմանագրի միակողմանի փոփոխություն` առանց դրա պայմանների վերականգնման հնարավորության (իրական, բայց չգրանցված դեպք):

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Իրավաբանները պետք է բացահայտեն, թե վարույթի որ մասը չի համապատասխանում ՀՀ և ՄԻԵԿ իրավաբանությամբ արդար դատաքննության չափանիշներին, նաև արդյոք վարույթներն ինքնին ենթակա են պաշտպանության: Բացի քրեական մեղադրանքներ ներառող գործերից, ՄԻԵԿ 6-րդ հոդվածը նաև տարածվում է այն գործերի վրա, որոնք վերաբերում են անձի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները որոշելուն: Այս իմաստով «որոշելն» այն է, երբ վեճի լուծումը կարող է վճռական ազդեցություն ունենալ որոշակի քաղաքացիական իրավունքի կամ պարտականության վրա: Համաձայն ՄԻԵԴ մեկնաբանության` 6-րդ հոդվածի ներքո «քաղաքացիական իրավունքները և պարտականությունները» կարող են ներառել լիցենզավորումը և (կամ) կարգապահական վարույթները, ինչպես նաև մասնագիտությամբ զբաղվելու և հեղինակություն ունենալու իրավունքները:

• Անհրաժեշտ է նաև նշել, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է յուրաքանչյուրի իրավունքը, որ իր քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված ցանկացած հայց քննվի դատարանի կամ դատական մարմնի կողմից, որը համապատասխանում է անկախության, անկողմնակալության չափանիշներին, որը ստեղծվել է օրենքի հիման վրա և, առանձին բացառություններով, ապահովում է հրապարակային դատաքննություն: Այնուհանդերձ, վարչական մարմնի կողմից «որոշելը», որը հակասում է 6-րդ հոդվածին, այնուամենայնիվ կարող է չհանգեցնել խախտման, երբ առկա է այն վերացնելու իրավական կառուցակարգ (տե՛ս ՄԻԵԴ վճիռը Լե Կոմտեն ընդդեմ Բելգիայի գործով):

է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ

Նկատի ունեցեք արդար դատաքննությանը վերաբերող ընդհանուր դրույթները.

• ՔՔԻՄԴ 2-րդ հոդվածի 3-րդ մաս և 14-րդ հոդվածի 1-ին մաս

• ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներ

Նկատի ունեցեք արտահայտվելու ազատության խնդիրները.

• ՔՔԻՄԴ 19-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սահմանափակում է արտահայտվելու ազատությունը այլոց իրավունքները և հեղինակությունը պաշտպանելու նպատակով:

• ՄԻԵԿ 10-րդ հոդվածի 2-րդ մաս

Աղբյուրը` healthrights.am  կայք