ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 10 իրավունքը
«Յուրաքանչյուր ոք, անկախ տնտեսական և ֆինանսական գործոններից, իրավունք ունի օգտվել միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն բուժական, այդ թվում` ախտորոշիչ միջամտություններից»:
բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը
Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայում ներառնված այս իրավունքը ՀՀ Սահմանադրության կամ օրենսդրության մեջ ուղղակի ամրագրում չի ստացել: Սակայն այն կարող է բխեցվել ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածից և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ ու 5-րդ հոդվածներից:
ՀՀ Սահմանադրություն
Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք:
ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրքանչյուր ոք առանց խտրականության բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի: Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրենսքով սահմանված պահանջներին համապատասխանող բժշկական օգնություն ստանալու իրավունք:
ՀՀ օրենքը «Վերարտադրողական առողջության և իրավունքների մասին»
Բացի այդ, նորարարության իրավունքը բխում է նաև«Վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» ՀՀ օրենքից: Մասնավորապես, այդ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասըսահմանում է, որ
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` յուրաքանչյուր ոք ունի կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական հետևյալ իրավունքները ... օգտվել վերարտադրողակա-նության նոր տեխնոլոգիաներից (ներառյալ` պտղաբերության կարգավորման և անպտղության բուժման ապահով և արդյունավետ մեթոդները)»:
Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է կիրառել վերարտադրողականության հետևյալ օժանդակ տեխնոլոգիաները`
• արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով.
•դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում:
Այսպիսով, նորարության իրավունքն առավելապես արտահայտված է վերարտադրողական առողջությանը վերաբերող ՀՀ օրենսդրության մեջ: Սակայն այդ հայեցակարգն ընդհանուր առմամբ կարող է վերաբերել առողջապահական բոլոր ծառայություններին:
գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր
Նշված իրավունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում (ինչպես այլ երկրներում) կապված է ֆինանսական հնարավորությունների հետ: Առողջապահության նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ձեռք է բերում և բժշկական կազմակերպություններին է բաշխում նորագույն բժշկական սարքավորումներ: Այդ խնդիրը լուծելու նպատակով ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի որոշման հավելված 5-ով հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը: Դրանով պետությունը ձգտում է աջակցել բժշկագիտության զարգացմանը: Այդուհանդերձ, նշվածով ուղղակի չի ամրագրվում նորարարության և բժշկագիտության վերջին նվաճումներից օգտվելու պացիենտի իրավունքները: Այս համատեքստում, սրտի վիրահատությունը կարող է բնորոշվել, որպես Հայաստանում բուժօգնության թանկարժեք և դժվարամատչելի տեսակ, հատկապես նրանց համար, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են: Մինչև 2007 թվականը նշված վիրահատությունը, թեև իրականացվում էր Հայաստանում, սակայն այն բնակչության սոցիալապես խոցելի խմբերի համար մատչելի չէր:
2008 թվականին ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 880-Ն որոշմամբ լրացում կատարվեց ՀՀ կառավարության թիվ 318-Ն որոշման մեջ: Դրանով սահմանվեց, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքի անդամներն իրավունք ունեն պետական բյուջեի միջոցների հաշվին ստանալու սրտի վիրահատության հետ կապված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ: Որոշմամբ սահմանվեց նաև «Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրության կարգը»:
Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել սրտի վիրահատություն իրականացնող համպատասխան բժշկական հաստատություն: Համաձայն որոշմամբ հաստատված ընթացակարգի` ընտրությունն իրականացնում է սրտի վիրահատություն իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատությունում ստեղծված հանձնաժողովը, որի հանձնաժողովի նախագահը բժշկական հաստատության ղեկավարն է:
Ընտրությունը պետք է իրականացվի հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում`
1) դիմում` հանձնաժողովի նախագահի անվամբ.
2) սոցիալական անապահովությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորների մասին տեղեկանքը` վերջին ամսվա դրությամբ).
3) բժշկական եզրակացություն սրտի վիրահատության անհրաժեշտության մասին.
4) անձնագրի պատճենը:
Պետք է նշել, որ որոշմամբ սահմնաված են որոշակի երաշխիքներ սոցիալապես անապահով անձանց վիրահատությունն անհետաձգելի դեպքերում իրականացնելու համար:
Մասնավորապես, անհետաձգելի դեպքերում, երբ դիմողը հոսպիտալացվել է և չի դիմել հանձնաժողովին, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովին է ներկայացվում հոսպիտալացվելուց հետո` բժշկական միջամտությունից (վիրահատությունից) առաջ կամ դրանից հետո:
Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որի հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն տվյալ անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը ենթակա է մերժման, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
2) սպառվել են պետական պատվերով նախատեսված միջոցները:
Սակայն եթե տվյալ տարվա համար հատկացված գումարները սպառվել են, անձը անվճար վիրահատության և առողջապահական ծառայությունների համար կարող է գրանցվել հաջորդ տարվա համար:
դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ
Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագրքի համաձայն` բժիշկներն իրենց պացիենտների նկատմամբ պետք է ցուցաբերեն ամբողջական չեզոքություն և օգտագործեն նրանց նկատմամբ կիրառելի բոլոր գիտական միջոցները:
ե) Գործնական օրինակներ
1. Համապատասխանության օրինակ(ներ)
Քաղաքացի Շ-ն, որն ունի սոցիալական անապահովության 36 միավոր, սրտի շրջանի ցավերով դիմել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Հետազոտություն կատարելուց հետո կենտրոնի բժիշկները հայտնել են, որ հնարավորինս շուտ պետք է սրտի վիրահատություն կատարել: Քաղաքացուն հայտնել են, որ վիրահատության արժեքը 4.000.000 ՀՀ դրամ է: Քաղաքացուն հայտնել են նաև, որ ներկայում հնարավոր չէ անվճար հիմունքներով կատարել վիրահատությունը, քանի որ պետությունը չի ֆինանսավորի վիրահատության արժեքը: Սակայն բժշկական կենտրոնը վերցրել է քաղաքացու տվյալները` հայտնելով, որ հնարավորության դեպքում անձին կհրավիրի վիրահատության: ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 880-Ն որոշմամբ սահմանվեց, որ 36 և ավելի անապահովության միավոր ունեցող անձինք անվճար, պետության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերի շրջանակներում կարող են սրտի վիրահատության ծառայություններ ստանալ: Նշված որոշման ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացուն հրավիրել և վիրահատել են անվճար` պետական պատվերի շրջանակներում (հայտնվել է «Նոր-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից):
2. Խախտման օրինակ(ներ)
Չնայած անապահովության 36 միավոր ունենալուն, Ա-ին մերժել են կատարել սրտի վիրահատություն մինչև Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի նոր որոշման ընդունումը (հիպոթետիկ գործ):
3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)
45-ամյա Ս-ն լրատվամիջոցներից տեղեկացել էր Աչքի կլինիկայում արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից նորագույն բժշկական տեխնոլոգիաների օգտագործմամբ աչքի ոսպնյակի վիրահատությունների նախաձեռնության մասին: Ս-ն դիմել էր այդ բուժհաստատություն, նրան հերթագրել էին, և 5 օր անց հրավիրել հիվանդանոց, իսկ հաջորդ օրը կատարել համապատասխան վիրահատական միջամտությունը: Այսպիսով, քաղաքացի Ս-ն կարողացել էր իրականացնել նորարարական բուժման իր իրավունքը (հայտնվել է Ս-ի կողմից):
զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)
• Իրավաբանները պետք է գնահատեն` արդյոք թանկարժեք կամ նորարական բուժման նորմավորման համակարգն արդար է և ողջամիտ` կապված յուրաքանչյուր անհատական գործի հետ:
է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ
Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա -Նորարարության իրավունք
Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում -Առողջության իրավունք
Աղբյուրը` healthrights.am կայք



