Ինչպիսի՞ կառուցակարգեր գոյություն ունեն ՀՀ-ում` պացիենտի իրավունքների պաշտպանության և խախտումների համար փոխհատուցում ստանալու համար

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված են մարդու, այդ թվում` պացիենտի իրավունքների պաշտպանության հետևյալ կառուցակարգերը`

1. ինքնուրույն իրականացումը. 
2. իրավունքների պաշտպանությունը պետական մարմինների միջոցով. 
3. իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքի պաշտպանի միջոցով. 
4. իրավունքների դատական պաշտպանությունը. 
5. իրավունքների պաշտպանությունը միջազգային դատական մարմինների միջոցով: 

Ո՞ր սահմանադրական դրույթներով են սահմանված պացիենտի իրավունքների պաշտպանության կառուցակարգերը

Պացիենտի իրավունքի պաշտպանության կառուցակարգերն ամրագրված են հետևյալ սահմանադրական դրույթներով:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն.

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն.

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավականպաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

ՀՀ Սահամանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերիպաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում պացիենտի իրավունքների պատպանության կարևորագույն կառուցակարգերից է պետական մարմինների միջոցով պաշտպանությունը: Նշված դեպքում պացիենտն իրավունք ունի Սահմանադրության հիման վրա իր իրավունքները պաշտպանելու և իր խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմել իրավասու պետական մարմիններին (օրինակ` ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ դատախազություն և այլն):

Ո՞ր իրավական ակտերով են սահմանված պետական մարմինների միջոցով պացիենտի իրավունքների պաշտպանության կառուցակարգերը

Պետական մարմիններին դիմելու միջոցով իրավունքների պաշտպանության ընթացակարգերը կարգավորված են մի շարք օրենքներով, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և այլն

Աղբյուրը` healthrights.am կայք