ա) Առողջապահական խնամք և ծառայություններ մատուցողները պարտավոր են վիճակագրական և այլ տեղեկություններ ներկայացնել` Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այս պարտականությունը սերտորեն առնչվում է Տեղեկատվություն ստանալու պացիենտի թիվ 3 իրավունքին:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պարտականությունները

ՀՀ օրենքը «Պետական վիճակագրության մասին»

Այս պարտականությունը սահմանված է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով, որը սահմանում է, որ բոլոր կազմակերպությունները` ներառյալ բժշկական հաստատությունները, պարտավոր են վիճակագրական տեղեկություններ ներկայացնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը: Առողջապահական ծառայություններ մատուցողը պարտավոր են վիճակագրական տեղեկություններ ներկայացնել ՀՀ Առողջապահության նախարարությանը ևս:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1936-Ն որոշումը սահմանում է, որ բոլոր պոլիկլինիկաները և բժշկական գրասենյակները պարտավոր են գրանցել իրենց իրենց պացիենտներին (բժշկական քարտերում) ինչպես նաև կազմել և Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ:

Նույն պարտականությունը վերաբերում է նաև ատամնաբուժական պոլիկլինիկաներին և կաբինետներին (ՀՀ կառավարության թիվ 1662-Ն որոշում, ընդունվել է 2002թ. հոկտեմբերի 17-ին):

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Քաղաքացի Ա-ն «Էրեբունի» Բժշկական կենտրոնից պահանջել է այդ հիվանդանոցում իր նկատմամբ կատարված վիրահատությանը վերաբերող բոլոր բժշկական փաստաթղթերը: Կենտրոնի աշխատակիցը բացատրել է, որ պացիենտի բժշկական փաստաթղթերի բնօրինակները պետք է պահվեն կենտրոնում, բայց մի քանի օրվա ընթացքում կպատրաստվեն նրա բժշկական փաստաթղթերի վավերացված պատճենները: Ինչպես և խոստացվել էր, պահանջելուց 5 օր անց քաղաքացի Ա-ն ստացել է իր բժշկական փաստաթղթերի պատճենները (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

2. Խախտման օրինակ(ներ)

Քաղաքացի …-յանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` բողոքելով, որ իր իրավունքները խախտվել են ... ատամնաբուժական կենտրոնի կողմից, քանի որ իրեն տրամադրվել է անընդունելի վատ բժշկական ծառայություն: Պաշտպանը նրա դիմումը վերահասցեագրել է Առողջապահության նախարարությանը, իսկ վերջինս քննության արդյունքում փաստել է, որ ...յանի գործին վերաբերող որևէ բժշկական փաստաթուղթ չի հայտնաբերվել: Հետևաբար, ոչինչ հնարավոր չէ պնդել ...յանի ստացած ծառայության որակի մասին: Քանի որ նշվածը լիցենզավորման պահանջների ակնհայտ խախտում էր, Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է ... ատամնաբուժական կենտրոնի գործունեությունը` հետագա մանրամասն քննության համար (հայտնվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

է) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Իրավաբանները պետք է տեղյակ լինեն, որ Առողջապահության նախարարությունը տիրապետում է մեծածավալ վիճակագրական տեղեկատվության: Թեև այդ տեղեկատվությունը, որպես կանոն, չի տրամադրվում հանրությանը, այնուհանդերձ Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է որոշակի տեղեկատվություն պահանջել այնպիսի տեղեկատվական բազա ունեցողներից, ինչպիսին է Առողջապահության նախարարությունը: Վիճակագրական տվյալները կարող են օգտակար լինել որոշակի հիվանդությունների տարածվածությունը կամ բուժման որոշակի տարբերակների կամ միջոցների կիրառման հաճախականությունը դատարանում հիկմնավորելու համար: Այս տեղեկատվությունը կարող է օգտակար լինել խնամքի կիրառելի չափանիշն ապացուցելու համար:

Աղբյուրը` healthrights.am կայք