ա) Բուժ.օգնություն և առողջապահական ծառայությունների մատուցողները պարտավոր են պացիենտներին վերաբերվել խնամքով և հարգանքով:

Այս պարտականությունը սերտորեն փոխկապակցված է Պացիենտի հետևյալ իրավունքներին` 4. Համաձայնության իրավունք, 9. Անվտանգության իրավունք, 11. Ոչ անհրաժեշտ տանջանքների և ցավի չենթարկվելու իրավունք, 13. Բողոքարկման իրավունք, 14. Փոխհատուցման իրավունք: 

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պարտականությունները

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության 14 հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

Այս պարտավորությունը հետագա մանրամասն կարգավորում է ստացել«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1996թ. մարտի 4-ին:

Ըստ ամենայնի, սա բուժաշխատողների առավել կարևոր պարտականություններից է, որը նրանցից պահանջում է հարգելու պացիենտների արժանապատվությունը, հոգատարություն, համակրանք և հասկացողություն ցուցաբերել պացիենտների նկատմամբ և վերջիններիս վիճակի արդյունքում դրսևորվող վարքագծի հանդեպ:

Նույն հոդվածը նախատեսում է նաև, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (ներառյալ ապօրինի բժշկական գործունեություն իրականացնելու մեջ ներգրավվածներին) իրավական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և անգործություն հետևանքով պատճառված ցանկացած վնասի, ինչպես նաև պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության անօրինական տարածման համար:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել Էթիկայի Կանոնագիրք, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ) կողմից ընդունված` էթիկային վերաբերող փաստաթղթերը պարունակում են բժիշկներին ուղղված ուղեցույցներ (Տե՛ս վերը` պարտականություն թիվ 1): Ինչպես սահմանված էԲժշկական էթիկայի վերաբերյալ ձեռնարկում (44 էջ)` համաձայնությունը կարող է տրվել առերևույթ կամ ենթադրելի լինել: Առերևույթ համաձայնությունը տրվում է բանավոր կամ գրավոր: Համաձայնությունը ենթադրելի է, երբ պացիենտն իր վարքագծով արտահայտում է որոշակի վիրահատության կամ բուժամիջոցի ենթարկվելու կամք: Օրինակ` երակային ներարկման413 համաձայնությունը ենթադրելի է, երբ անձը տալիս է ձեռքը: Այնպիսի բուժամիջոցի համար, որը պետք է պատճառի թույլից բարձր անհանգստություն կամ կրում է դրա վտանգը, նախընտրելի է ստանալ առերևույթ և ոչ թե ենթադրելի համաձայնութուն:

Հարցի բարդության կամ այն պատճառով, որ պացիենտը լիովին վստահում է բժշկի դատողությանը, պացիենտը կարող է ասել բժշկին. «Արեք այն, ինչը կարծում եք ամենաճիշտն է»: Բժիշկները չպետք է պատրաստ լինեն գործելու այդ խնդրանքի հիման վրա, այլ պետք է պացիենտին ներկայացնեն բուժման եղանակների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը և հորդորեն նրան կայացնելու սեփական որոշումը: Այնուհանդերձ, եթե նման հորդորից հետո պացիենտը շարունակում է պնդել, որ որոշումը կայացնի բժիշկը, վերջինս պետք է ինքը կայացնի որոշում` ելնելով պացիենտի շահերից (ՀԲԸ, Բժշկական էթիկայի վերաբերյալ ձեռնարկ, 44 էջ):

Ինչ վերաբերում է անգործունակ պացիենտների համար որոշում կայացնելուն, ապա ՀԲԸ Պացիենտի իրավունքների հռչակագիրն այս հարցի կապակցությամբ բժշկի պարտականությունն սահմանում է հետևյալ կերպ. եթե պացիենտը անգիտակից է կամ այլ պատճառով ունակ չէ արտահայտելու իր կամքը, ապա հնարավորության դեպքում պետք է պատշաճ համաձայնություն ստացվի օրինական ներկայացուցչից: Եթե օրինական ներկայացուցիչը հասանելի չէ, սակայն առկա է բժշկական միջամտության հրատապ անհրաժեշտություն, պացիենտի համաձայնությունը կարող է ենթադրելի լինել` բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի նախկին հստակ արտահայտություններից կամ համոզմունքներից ակնհայտ է և որևէ կասկածից վեր, որ տվյալ իրավիճակում նա կհրաժարվեր բժշկական միջամտությանը համաձայնություն տալուց: Նույն հռչակագիրը նաև պարունակում է հետևյալ խորհուրդը. «Եթե պացիենտի օրինական ներկայացուցիչը կամ պացիենտի կողմից լիազորված անձն արգելում է այնպիսի բուժման կիրառում, որը բժշկի կարծիքով, համապատասխանում է պացիենտի շահերին, բժիշկը պետք է վիճարկի այդ որոշումը համապատասխան իրավական կամ այլ կառույցներում»:

Բացի այդ, Հռչակագիրը սահմանում է, որ բոլոր դեպքերում պացիենտը պետք է ներգրավվի որոշումների կայացմանն առավելագույն չափով, որին նա ի վիճակի է: Անգործունակ պացիենտի համար բուժամիջոցին վերաբերող որոշում կայացնելու համար կիրառվող գլխավոր չափանիշը պետք է լինեն նրա նախապատվությունները, եթե դրանք հայտնի են:

Այդ նախապատվությունները կարող են վեր հանվել նախապես տրված պացիենտի ցուցումներում կամ կարող են հաղորդվել այն անձին, որը լիազորված է փոխարինելու պացիենտին` որպես որոշում կայացնող, կամ բժշկին կամ բժշկական անձնակազմի որևէ այլ անդամի: Երբ անգործունակ պացիենտի նախապատվությունները հայտնի չեն, բուժման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն` ելնելով պացիենտի շահերից և հաշվի առնելով.

ա) պացիենտի ախտորոշումը և հիվանդության զարգացման վերաբերյալ կանխատեսումը, 
բ) պացիենտի դավանած արժեքները, 
գ) այն տեղեկությունները, որոնք ստացվում են պացիենտի կյանքում կարևոր դեր ունեցող անձանցից, որոնք կարող են օգնել նրա լավագույն շահերը որոշելու հարցում, և 
դ) պացիենտի անձի մշակույթային և կրոնական կողմերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ բուժման հետ կապված որոշում կայացնելու վրա:

Անշուշտ, ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքը ևս սահմանում է, որ բժիշկները պետք է մշնապես նկատի ունենան մարդկային կյանքը հարգելու պարտականությունը և բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջնորդվեն պացիենտների լավագույն շահերով:

Բացի այդ, ՀԲԸ Պացիենտի իրավունքների հռչակագրի 10-րդ սկզբունքի «բ» կետը նախատեսում է, որ պացիենտներն իրավունք ունեն իրենց տանջանքների թեթևացման` գիտության ժամանակակից վիճակին համապատասխան:

Նույն հռչակագրի 10-րդ սկզբունքի «գ» կետը սահմանում է, որ պացիենտն իրավունքն ունի, որ իր մահամերձ խնամքը լինի մարդկային, և նա պետք է ապահովվի բոլոր տեսակի օժանդակությամբ, որպեսզի իր մահացումը լինի հնարավորինս արժանապատիվ և հարմարավետ:

Ի լրումն, Բժշկական էթիկայի ձեռնարկը (էջ 59) սահմանում է, որ ցավազրկող խնամքը կարող է համապատասխան լինել ամեն տարիքի պացիենտների համար` քաղցկեղ ունեցող երեխայից մինչև մահամերձ մեծահասակը: Ցավազրկող խնամքի կողմերից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնել բոլոր պացիենտների պարագայում, ցավի վերահսկումն է: Բոլոր բժիշկները, որոնք խնամում են մահացող պացիենտի, պետք է հավաստիացնեն, որ այս ոլորտում ունեն համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև, հնարավորության դեպքում, կարող են դիմել ցավազրկող խնամքի մասնագետների խորհրդատվական օգնությանը: Ամենից առաջ, բժիշկները չպետք է լքեն մահացող պացիենտներին, այ պետք է շարունակեն գթասիրտ խնամք իրականացնել, անգամ երբ ապաքինումն այլևս անհնարին է:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի շինությունն ունի հարմարավետ սրահ, հանգստասենյակներ, հիվանդասենյակներ, ճաշարան, լողավազան և այլ հարմարություններ, ինչպես նաև փորձառու և բանիմաց անձնակազմ: Կենտրոնի վարչակազմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները պացիենտների պատիվը և արժանապատվությունն ապահովելու համար: Եթե գրանցման մատյանում կատարվում է գրառում, որով արտահայտվում է գանգատ կամ անբավարարվածություն սպասարկումից կամ բժիշկների կամ բուժքույրերի վերաբերմունքից, ապա կենտրոնի վարչակազմն այդ փաստերը ենթարկում է մանրակրկիտ ուսումնասիրության և իրականացնում է համապատասխան գործողություններ` ուղղված պացիենտների իրավունքների հարգմանը (հայտնվել է Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի կողմից):

2. Խախտման օրինակ(ներ)

Քաղաքացի Մ-ն դիմել է պոլիկլինիկա աջ ձեռքի ճաճանչոսկրի շրջանում այնպիսի ցավերի գանգատով, որոնք առաջացել են ծանր ֆիզիկական աշխատանքից հետո: Ռենտգեն հետազոտումից հետո ախտորոշվել է «բնորոշ տեղակայմամբ ճաճանչոսկրի կոտրվածք», և 1 ամսով գիպս դրվել: 2 շաբաթ անց ձեռքը սկսել է անտանելի ցավել, մատները այտուցվել և կորցրել են զգայունությունը: Սակայն, չնայած պացիենտի` գիպսը փոխելու խնդրանքներին, պոլիկլինիկայում գիպսը չեն փոխել, և երբ 29 օր անց հանել են, ապա պարզվել է, որ մատները չեն աշխատում. առաջացել է «կոմպրեսիոն նեյրոպաթիա» (նյարդերի ախտահարում սեղմվելու հետևանքով), որի հետևանքով նա ստիպված է եղել երկար բուժվել հիվանդանոցում: 
Քաղաքացի Մ-ն դիմել է դատարան իրեն հասցրած բարոյական, ֆիզիկական և ֆինանսական վնասի հատուցման պահանջով:

Ռենտգեն նկարների կրկնակի հետազոտման ժամանակ պարզվել է, որ Մ-ն կոտրվածք չի ունեցել, բժիշկ-ռենտգենոլոգը սխալվել է: Դրանից հետո, ինչպես պարզել է դատարանը, բուժող բժիշկը թույլ է տվել սխալ` չթուլացնելով սեղմող գիպսը, երբ ձեռքն այտուցվել է: Այս ամենի պատճառով տուժածը, ի սկզբանե ունենալով ընդամենը ջիլերի թեթև գերձգում, 2 տարի վերականգնվել է սխալ բուժման հետևանքներից, և մինչ օրս նյարդերի գործառույթները լիովին չեն վերականգնվել: 

Դատարանը ճանաչել է հայցային պահանջները հիմնավորված, պարտավորեցրել պատասխանող կողմին` պոլիկլինիկային, փոխհատուցել հասցրած բարոյական, գույքային վնասը, ինչպես նաև դատական ծախսերը (իրական, բայց չգրանցված դեպք):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Փաստաբանները պետք է հստակ տարբերակում դնեն այս պարտականության էթիկական և իրավական կողմերի միջև, քանի որ Հայաստանի Հանրապետությունում առկա են դրույթներ միայն իրավական պատասխանատվության վերաբերյալ:

• Փաստաբանները պետք է իմանան, որ ծառայություն մատուցողների` «պացիենտին խնամքով և հարգալից վերաբերվելու» պարտականությունը սերտորեն կապված է պացիենտի գրեթե բոլոր իրավունքների հետ: Օրինակ` անտեսելով պացիենտի գաղտնիությունը, բժիշկը մեխանիկորեն ոտնահարում է նույն պացիենտի արժանապատվությունը:


413. Երակային ներարկում իրականացնելու գործընթաց` միջմկանային բուժման կամ արյան նմուշ վերցնելու նպատակով հիմնականում կիրառվում է երակային ներարկման միջոցով բուժում իրականացնելու դեպքերում

 

Աղբյուրը` healthrights.am կայք