Սեռական խնդիրներին վերաբերող հարցերի պատասխանները մարդիկ նախընտրում են ստանալ անանուն հարցումների միջոցով: Doctors.am-ն այդպիսի խնդիրներից՝ ամուսնական սեռական աններդաշնակության մասին, զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Վանիկի Հակոբյանի հետ:

-Բժիշկ Հակոբյան, ինչպիսի՞ խնդիրներով են դիմում՝ կանայք ու տղամարդիկ:

-Սեռական խնդիրների դեպքում ավելի հաճախ կինն առանձին է դիմում սեքսապաթոլոգին, տղամարդն առանձին: Որպես կանոն խնդիրը մեկն է, սակայն իրարից քողարկելու պատճառով, խուսափում են քննարկել այն: Տարիների ընթացքում այդպիսի խնդիրներն առաջ են բերում բարդություններ, որոնք ամուսնալուծությունների պատճառ են դառնում:
Սեռական կյանքի ավելի զգայուն կողմը համարվում է կինը, սակայն ավելի հաճախ դիմում է տղամարդը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ սեքսոպատոլոգին դիմելու նախաձեռնողը հանդիսանում է կինը:
Տարբեր հեղինակների տվյալներով՝ տղամարդկանց սեռական խանգարումների վիճակագրությունում առաջին տեղ է զբաղեցնում տղամարդկանց սերմնաժայթքման խանգարումները՝ վաղաժամ կամ ավելի հազվադեպ՝ ուշացած սերմնաժայթքում: Երկրորդ տեղում նշվում է էրեկցիայի խանգարումները: Սեքսուալ պաթալոգիաների շարքում առաջին և երկրորդ տեղում գտնվող խանգարումները միասին կազմում են 65 տոկոս: Սրանց հաջորդում է տղամարդկանց սեռական ցանկության խանգարումները, ինչպես նաև խրոնիկ բորբոքային հիվանդություններով, և այլ ախտաբանական վիճակներով առաջացած սեռական խանգարումները:
Կանանց սեռական խանգարումների շարքում առաջին տեղում է օրգազմի խանգարումները, որին հաջորդում է սեռական ցանկության խանգարումը, 30-32 տոկոս դեպքերում հանդիպում է վագինիզմը:

-Ինչքա՞ն հաճախ են դիմում ամուսնական սեռական աններդաշնակության խնդրով: Որո՞նք են հիմնական ախտանշանները:

-Սեքսուալ աններդաշնակությունները, մեզ դիմած պացիենտների ախտածագման մեջ բավակիանին մեծ տեղ են զբաղեցնում: Սեքսուալ աններդաշնակությունը կամ անհարմարվողականությունը կարող է դրսևորվել ինչպես սեռական կյանքի սկզբում, այնպես էլ հետագայում:
Առանձնացնում ենք սեռական աններդաշնակության մի քանի տեսակ՝ զույգերի սոցիալ-հոգեբանական աններդաշնակություն, սեռավարքային, աններդաշնակություն` պայմանավորված ապատեղեկատվական գնահատողական տարբերակով, տղամարդու և կնոջ սեռական խանգարումների հետևանքով առաջացող աններդաշնակություն:
Կախված տարիքային խմբից՝ երիտասարդների մոտ հիմնականում հանդիպում է անհարմարվողականության սեռավարքային կամ ապատեղեկատվական գնահատողական տարբերակը, ավելի հասուն զույգերի մոտ՝ տղամարդու կամ կնոջ սեռական խանգարումներով պայմանավորված աններդաշնակությունները:
Սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունը կարող է պայմանավորված լինել անձի հոգեկերտվածքի տարբերություններով, մտածելակերպով, սոցիալական տարբեր կարգավիճակներին պատկանելու հանգամանքով, ինչը որոշակիորեն անդրադառնում է սեռական կյանքի վրա: Եթե չկա ինտելեկտուալ առումով հարմարվողականության բարձր մակարդակ, ապա դա կարող է պատճառ հանդիասանալ սեռական կյանքում որոշակի խնդիրների:
Սեռավարքային անհարմարվողականությունը դրսևորվում է, երբ ամուսինը կամ կինն իրենց պատկերացրած սեռական կյանքի մոդելը չեն գտնում իրական սեռական կյանքում՝ իրերնց սպասումները չեն համապատասխանում իրականության հետ:
Ապատեղեկատվական գնահատողական տարբերակը պայմանավորված է նրանով, որ ինչպես ամուսնու, այնպես էլ կնոջ մոտ կարող են տեղի ունենալ ֆիզոլոգիական որոշակի փոփոխություններ՝ սեռական ցանկության բարձրացում, կամ հակառակը, սինուսոիդալ տատանումներ, որը կարող է ճիշտ չընկալվել կամ գնահատվել դիմացինի կողմից: Տղամարդու մոտ սեռական ցանկություն իջեցումը, կնոջը մոտ կարող է դիտարկվել, որպես սեփական գրավչության կորուստ, ամուսնու այլ հետաքրքրություններ ունեալու հանգամանք, ինչը սեռական սառնության պատճառ է հանդիսանում ամուսինների միջև:

-Որո՞նք են ամուսնական սեռական աններդաշնակության հիմնական պատճառները:

-Տղամարդու սեռական խանգարումներից, որոնք կարող են պատճառ են հանդիսանալ զույգերի սեռական աններդաշնակության, առաջինը՝ պոտենցիայի և սերմնաժայթքման խանգարումն է: Այս խնդիրն ավելի հաճախ բնորոշ է հասուն տարիքում, սակայն ոչ օրգանական գործոններով պայմանավորված էրեկցիայի խանգարումները դրսևորվում են երիտասարդ տղամարդկանց մոտ, իսկ օգնական գործոններով պայմանավորվածը՝ հասուն տարիքի, երբ համակցվում են ուղեկցվող հիվանդություններով՝ սիրտ-անոթային համակարգի խնդիրները, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետի առկայությունը, դեղորայքի ազդեցությունը:
Կանանց դեպքում՝ վագինիզմը, ցավոտ սեռական հարաբերությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած վախն ու տագնապը, որն առաջ է բերում հեշտոցամկանների ակամա կծկում, կարող է անհնարին է դարձնել սեռական հարաբերությունը, ինչը հենց սկզբից պատճառ է հանդիսանում սեքսուալ աններդաշնակության:

-Ինչպե՞ս կարող է ազդել այս խնդիրը կյանքի որակի և առողջության վրա: Այս խնդիրը կարո՞ղ է այլ հիվանդությունների պատճառ դառնալ:

-Եթե անձը բավարարված չէ իր սեռական կյանքով, դա անդրադառնում է ինչպես ստեղծագործական, աշխատանքային գործունեության, հոգեկան վիճակի, այնպես էլ աշխատողունակության վրա: Անհատը դառնում է ոչ լիարժեք իր կենսագործունեության մեջ, սկսում է տառապել թերարժեքության բարդույթով, ինչը հնարավորություն չի տալիս դրսևորվել մնացած բոլոր ոլորտներում:
Ֆիզիոլոգիական տեսակնկունից՝ ոչ լիարժեք կամ հազվադեպ սեռական կյանքը կամ սեռական կյանքի բացկայությունը կարող է որոշակի կանգային երևույթների պատճառ հանդիսանալ կոնքի խոռոչի օրգաններում: Կնոջ մոտ տևական ժամանակ օրգազմի բացակայությունը կարող է անդրադառնալ հորմոնալ կարգավիճակի վրա:
Տղամարդկանց դեպքում ապացուցված է, որ բնականոն սեռական կյանքը կարգավորում  է շագանակագեղձի ուռուցքային պրոցեսների առաջացումը:
Երբ զույգը կամ նրանցից որևէ մեկը սեռական կյանքը դիտարկում է ոչ բավարար՝ փսիխոսեքսուալ բավականություն ստանալու համար, կարող է դրսևորվել  զուգընկերներից մեկի խուսափելով սեռական կյանքից կամ հարաբերություններ ունենալ ամուսանական պարտականություններից ելնելով: Կան դեպքեր, երբ զույգն ունենում է անպտղություն, և սեռական կյանքով զբաղվում է բացառապես երեխա ունենալու նպատակով՝ հստակ օրերի, ինչը ևս խորացնում է սեռական աններդաշնակությունը: Անպտղության խնդրով դիմած զույգերի առջև պայման է դրվում, որ սեռական կյանքը չդիտարկեն միայն այդ տեսանկյունից՝ երեխա ունենալու համար, չկենտրոնանան օրացույցային օրերի վրա:
Կնոջ սեռական խանգարումներից ավելի շատ դրսևորվողները՝ սեռական ցանկության պակասն է կամ բացակայությունը: Կինը, սկզբնական շրջանում չունենալով սեռական ցանկություն, հարաբերություն է ունենում ընտանիքը պահպանելու համար, ինչը ժամանակի ընթացում առաջ է բերում ներանձնային խնդիրներ, սեռական ավերսիա՝ հրաժարում սեռական կյանքից:

Ամուսնական կյանքի առաջին տարիները համարվում են կրիտիկական ու ռիսկային, քանի որ բացի սեքսուալ հարմարվողականությունից, ավելանում են կենցաղային ու սոցիալական խնդիրները, որոնք ավելի են խորանում՝ սոցիալ հոգեբանական տարբերությունների դեպքում:

Սեռական անհարմարվողականություն առաջանում է զույգերի սեռական կոնստիտուցիաների, տիպերի տարբերությամբ պայմանավորված: Գոյություն ունի թույլ, միջին ու ուժեղ սեռական կոնստիտուցիաների տիպեր: Եթե տղամարդու կամ կնոջ մոտ առկա են այսպիսի տարբերություններ, սա կարող է պատճառ հանդիսանալ սեքսուալ հարմարվողականության ձևավորման համար:

-Ինչպիսի՞ լուծումներ ունի այս խնդիրը, և մի՞շտ է հնարավոր լուծել այն:

-Սեռական ֆունկցիայի խանգարումը զույգերից մեկի մոտ անդրադառնում է մյուսի վրա: Չնայած ավելի հաճախ դիմում են տղամարդիկ՝ բուժումն արդյունավետ կազմակերպելու համար ընդգրկում ենք զուգընկերուհուն:
Սեռական աններդաշնակության բոլոր տեսակները լուծելի են: Բուժման ժամանակ կենտրոնանում ենք միջանձնային ու բժշկակենսաբանական խնդիրների կարգովորման վրա: Որքան շուտ կատարվեն համալիր միջոցառումները, այնքան ավելի հեշտ կլինի ընթացքը՝ չի խորանա հակակրանքը, զզվանքը միմյանց ու սեռական կյանքի նկատմամբ: Իրականացվում է դեղորայքային ու հոգեթերապևտիկ բուժում: Տրամադրվում է փսիխոհիգենիայի մասին գիտելիքներ, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ բուժում՝ կիրառվում է սեռական վարքային թերապիա: Համապարփակ բուժման դեպքում՝ կախված խնդրի խորությունից, հարցը կարող է լուծվել 15 օրից 2 ամսվա ընթացքում:

-Համաձա՞յն եք, որ մինչ ամուսնանալը զույգերը պետք է ացնեն բժշկի խորհրդատվություն: Որքանո՞վ եք կարևորում այս քայլը:

-Տարեցտարի արձանագրվում է դիմելիության աճ, ինչը պայմանավորված է ազգաբնակչության գիտակցությամբ, որ սեքսոլոգիական խնդիրները նույնքան կարևոր են, որքան այլ բժշկական խնդիրները: Հաճախացել է նաև նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվության ացելողները, ովքեր մինչ ամուսնանալը ցանկանում են անցնել հետազոտություններ, ստանալ խորհրդատվություն սեռական կյանքի փսիխոհիգենիայի վերաբերյալ: Շատ կարևոր է մինչ ամուսնանալը ստանալ ինֆորմացիա՝ սեռական աններդաշնակության խնդիրների հետ չբախվելու համար:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
10 հունվար, 2018