Շատերը  սարսափում են, երբ օրթոդոնտը հայտնում է, որ պետք է պարտադիր  բրեկետ կրել, սակայն  ժամանակները փոխվել են և այժմ բրեկետ կրելը նույնիսկ ոճային է համարվում: Իսկ մնացյալ՝ ոչ հոգեբանական վախերը սովորաբար կապված են տեղեկացվածության պակասի, բրեկետների, դրանց կրման ընթացքի հետ կապված թյուր ընկալումների հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ստոմատոլոգ - օրթոդոնտ Հայկուշ Ալեքսանյանի հետ զրուցել ենք կարևոր հարցերի մասին, որոնք, վստահ ենք, շատերին են հուզում:

1.Ո՞ր խնդիրների դեպքում է ցուցված բրեկետների կրումը:

Բրեկետներն առհասարակ ցուցված են ատամնածնոտային անոմալիաների դեպքում, երբ ունենք կծվածքի խանգարումներ, ինչպես նաև՝ էսթետիկ խնդիրներ: Պացիենտը հիմնականում տեսնում է էսթետիկ խնդիրը, և կծվածքի խնդիրը ախտորոշել չի կարող: Մեզ սովորաբար դիմում են, երբ ատամը ծուռ է կամ ատամն ատամնաշարից դուրս է, բայց պարզ է, որ հիմքում ընկած է ոչ միայն էսթետիկան, այլ նաև՝ ֆունկցիան: Հետևաբար, կարող ենք ասել, որ եթե կա կծվածքի և ատամների դիրքի խնդիր, ապա ցուցված է բրեկետ հաակարգ:

2.Արդյոք բրեկետները փչացնում են էմալը և առաջացնում կարիես:

Նախևառաջ ցանկանում եմ նշել, որ, եթե մարդ ատամների հիգիենան լավ չի պահպանում, ապա պարզ է, որ կարիես կառաջանա, և դա բրեկետի հետ որևէ կապ չունի: Եթե բրեկետի կրման ընթացքում պացիենտը չի կատարում օրթոդոնտի հիգիենիկ ցուցումները, ապա միանշանակ կառաջանա կարիես, բայց այս դեպքում՝ բրեկետների շուրջ, այդ պատճառով էլ մենք մեր պացիենտներին բուժումից առաջ նվիրում ենք հիգիենայի հատուկ հավաքած և նրանց մանրամասնորեն բացատրում ենք, թե ինչպես  պետք է պահպանել հիգիենայի կանոնները: 

3.Իսկ որո՞նք են հիգիենայի պարտադիր կանոնները:

Եթե սովորաբար ատամներն անհրաժեշտ է լվանալ առավոտյան և երեկոյան, ապա բրեկետներով պայմաններն այլ են. բրեկետներ կրող պացիենտը ատամները պետք է լվանա ամեն ուտելուց հետո՝ ոչ միայն սովորական խոզանակով (բրեկետների համար նախատեսված), այլ նաև «յորշիկով», որը փոքրիկ ատամի խոզանակ է, և դրա մակերեսն այնպիսին է, որ մաքրում է հենց բրեկետի շուրջ ընկած հատվածները: Այս դեպքում, սնունդն առավելագույնս մաքրվում է: Խոզանակների օգտագործման առավելագույն ժամկետը 2.5 ամիս է, այնուհետև անհրաժեշտ է փոխել:

4.Բրեկետները տեղադրելուց հետո, որքան ժամանակը մեկ է անհրաժեշտ այցելել օրթոդոնտին:

Դա կախված է դեպքի բարդությունից. եթե խնդիրը շատ բարդ է, ապա հնարավոր է, որ անհրաժեշտություն լինի այցելել ամեն շաբաթ, իսկ եթե խնդիրը միջին բարդության է՝ 2-3 շաբաթը մեկ այցելելը բավարար է: Բուժման վերջնական փուլում այցելությունները հիմնականում իրականացվում են 4 շաբաթը մեկ: 

5.Իսկ որքա՞ն է տևում բրեկետների կրման ժամանակահատվածը: Կխնդրեմ նշել նվազագույնից առավելագույն ժամկետները:

Դա շատ արդիական հարց է, քանի որ պատահում է, որ պացիենտները շատ հաճախ գալիս և ասում են, թե այս կամ այն տեղում իրենց ասել են, որ բրեկետ կարելի է կրել 6 ամիս, իսկ մենք օրինակ պնդում ենք, որ անհրաժեշտ  կրել մեկ տարի կամ ավել ժամանակահատված:

Բուժման նվազագույն ժամկետը պետք է լինի մեկ տարի, ավելի քիչ չի կարելի, և երբ օրթոդոնտը նման խոստում է տալիս, ապա դա միանշանակ արվում է պացիենտի առողջության հաշվին, այսինքն ավելի մեծ ուժ է կիրառվում, աղեղների հերթականությունը պրատակոլներով չի պահպանվում, և բուժման վերջում պացիենտն ունենում է ատամների արմատների խնդիրներ: Բրեկետների կրումը կարող է ձգվել առավելագույնը 3-4 տարի, դա խիստ անհատական է: 

6.Ցավո՞տ է արդյոք բրեկետների տեղադրումը:

Տեղադրելու գործընթացը բացարձակ անցավ է, պացիենտը ոչինչ չի զգում. ցավ առհասարակ չպետք է լինի, կարող է լինել որոշակի անհարմարություն, ձգվածություն, որոշակի անհանգստություն, բայց եթե առկա է ցավ, ապա դա ահազանգ է, որ ինչ-որ բան այնպես չէ: 

7.Իսկ կրելու ընթացքում ի՞նչ անհարմարություններ կարող են առաջանալ: 

Նախկինում երիտասարդներն այլ կերպ էին վերաբերվում բրեկետների կրմանը, և հոգեբանական խնդիրը գերակշռող էր, իսկ այժմ բրեկետներն, ինչու ոչ,  համարվում են ոճային:
Հիմնական անհարմարությունը կապված է հիգիենայի հետ, որի պատճառը հաճախ սովորական ալարկոտությունն է: Մեկ այլ անհարմարություն կարող է առաջացնել նաև սննդակարգի, ուտելու ձևի փոփոխությունը:

8.Իսկ ինչպե՞ս պետք է սնվել, որպեսզի բրեկետները չվնասվեն:  

Կոշտ սնունդ ուտելը հակացուցված է. օրինակ՝ հացի չոր մաս, մնացյալ ամեն բան կարելի է: Պարզապես կարևոր է սնունդը  մանր կտորների բաժանել և առանց կծողական շարժումների, հետևի ատամներով ծամել: 

9.Իսկ ի՞նչ անել, եթե բրեկետը վնասվում է:

Դա մեր ամենամեծ խնդիրն է: Վնասվելու դեպքում պացիենտը պետք է շատ արագ մեզ տեղյակ պահի այդ մասին, որովհետև բրեկետը երկար պոկված մնալ չի կարող: Սա շատ մեծ խնդիր է նաև նրա համար, որ սրա արդյունքում բուժումը հետաձգվում է: Պացիենտին տրվում են հստակ ցուցումներ, և եթե այդ ցուցումները պահպանվում են, ապա բրեկետը պոկվել չի կարող: Պոկվելու դեպքում ստիպված ենք լինում հնարավորինս արագ լուծել այդ հարցը: Պացիենտը գալիս է, բրեկետը ֆիքսվում է, բայց աղեղի փոխում կամ ուժեղացում անել չենք կարող:

10.Արդյոք պետք է իմաստության ատամը հեռացնել բրեկետներ դնելուց առաջ, ընթացքում կամ հետո:

Սա խիստ անհատական է: Երբ մենք պացիենտին նշանակում ենք մի շարք ռենտգեն հետազոտություններ, դրանից հետո արվում է նաև հատուկ հետազոտություն՝ իմաստնության ատամի դիրքի և ծնոտի միջև կապը որոշելու համար: Եթե տեսնում ենք, որ կա խնդիր, ապա իրականացվում է հեռացում: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում, որպեսզի պացիենտը հեռացնի միանգամից 4 իմաստնության ատամ, դա բավականին բարդ է պացիենտի համար: Այդ պատճառով էլ հեռացումը իրականացվում է բրեկետներ կրելու ընթացքում կամ վերջում: Կրկնում եմ՝ դա շատ անհատական է և որոշվում է օրթոդոնտի կողմից:

11.Ի՞նչ է տեղի ունենում բրեկետը հանելուց հետո:

Շատ կարևոր է, որ պացիենտը հասկանա, որ բրեկետների կրման ընթացքը բուժման  ակտիվ փուլն է, բայց գոյություն ունի նաև բուժման պասիվ փուլ, որը նույնքան կարևոր է: Բրեկետները հանելուց հետո անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի ցուցումներին:

12.Իսկ հնարավո՞ր է ատամները սպիտակեցնել բրեկետները հանելուց հետո:

Այո, իհարկե, պարզապես բրեկետները հանելուց հետո պետք է մի փոքր ժամանակ անցնի, որպեսզի ատամները գերզգայուն չլինեն:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը