«Դաշտանային ցիկլի խանգարումը հիվանդություն չէ, այլ ազդանշան՝ օրգանիզմում կատարվող որեւէ ախտաբանական պրոցեսի, ընդ որում՝ տեղակայումը կարող է լինել ինչպես գենիտալ, այնպես էլ էքստրագենիտալ»,- ասում է «Հորմոն» գինեկոլոգիական էնդոկրին հիվանդությունների եւ անպտղության ախտորոշման եւ բուժման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Երեմյանը:

Doctors.am-ի հետ զրույցում նա փորձեց հնարավորինս մատչելի լեզվով ներկայացնել դաշտանային խանգարումների առաջացման պատճառներն ու բուժման եղանակները:

Սովորաբար դաշտանն սկսվում է 12-13 տարեկանում, սակայն ներկայում էվոլյուցիայի արդյունքում նկատվում է ավելի վաղ՝ 10 տարեկանում եւ նույնիսկ դրանից էլ վաղ:  Այստեղ կարեւոր է հաշվի առնել նաեւ ժառանգական գործոնը: Օրինակ, եթե երեխայի մայրիկի կամ տատիկի մոտ դաշտանն սկսվել է 14 կամ 15 տարեկանում, ապա հավանական է, որ երեխայի մոտ էլ այդ տարիքում կսկսվի: 

Երբ դեռահաս աղջիկների մոտ նոր է սկսվում դաշտանը, սովորաբար նորմա սահմանելը դժվար է, քանի որ դաշտանային ցիկլը կարգավորվում է երկու տարվա ընթացքում: Այդ ընթացքում անկանոնությունները համարում ենք նորմա եւ սահմանում հսկողություն՝ իհարկե բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո:

Անկանոնությունները լինում են տարբեր՝ հիպոմենոռեայի տեսքով, հիպերմենոռեայի տեսքով եւ այլն: Դաշտանային ցիկլը կանոնավոր է շնորհիվ հիպոթալամուս եւ հիպոֆիզար համակարգի ռիթմիկության (հորմոնները հստակ ռեժիմով են արտադրվում), իսկ դեռահասաների մոտ դրանք նոր ձեւավորման փուլում են գտնվում, եւ, հաշվի առնելով նաեւ դեռահասների մոտ սթրեսային գործոնները, կարող են մեծ շեղումներ լինել: Սովորաբար այդ շեղումները համարվում են նորմա, սակայն երեք ամիս եւ շարունակ դաշտանի բացակայությունն ահազանգ է՝ բժիշկի այցելելու:

Երկու տարին լրանալուց հետո արդեն սահմանվում է դաշտանային ցիկլի նորման, որն է՝ դաշտանի կանոնավոր առկայություն ամեն ամիս՝ 21-35 օր ինտերվալով, եւ 3-7 օր տեւողությամբ: 

Սակայն սա չի նշանակում, թե 36 կամ 40 օր (օպսոմենոռեա) ինտերվալով դաշտան տեսնող կնոջ մոտ առկա են շեղումներ, քանի որ կրկին գործ ունենք ժառանգական գործոնների հետ, բացի այդ՝ շատ կարեւոր է անհատական գործոնը:

Ե՞րբ անհանգստանալ

Ցանկացած տիպի խանգարում, իհարկե, վտանգավոր է եւ պահանջում է մանրակրկիտ հետազոտություն:

Անհանսգտանալ պետք է, եթե դեռահասության շրջանում չի հայտնաբերվում ցիկլի խանգարման պատճառը. այն կարող է հետագայում հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսիք են՝ կպումներ, պոլիկիստոզ ձվարաններ, էնդոմետրիոզ, եւ նույնիսկ անպտղության (օրինակ՝ գոնորեայի ժամանակ):

Ավելի հասուն կնոջ մոտ կարող են վաղ չհայտնաբերվել ուռուցքները եւ հիպերպլաստիկ պրոցեսները՝ պոլիպներ, էնդոմետրիումի հիպերպլազիա:

Ի՞նչ հետազոտություններ են արվում դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ

Հետազոտությունները տարբեր են: Առաջին փուլում անամնեզ՝ արտաքին զննում, գինեկոլոգիական զննում ենք կատարում, վերցնում ենք քսուք եւ ինֆեկցիաների ստուգում ենք կատարում:

Կատարվում են հորմոնալ հետազոտություններ: Առաջնայիններից են՝ ֆոլիկուլոխթանիչ հորմոն

  • լյուտենիզացնող հորմոն
  • պրոլակտին
  • թիրիոտրոպ
  • էստրադիոլ
  • պրոգեստերոն

Հորմոնների որոշումն արյան մեջ կատարվում է ցիկլի տարբերի օրերին:

Կատարվում են նաեւ ինֆեկցիոն բորբոքային հիվանդությունների հետազոտություն, արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա, ուլտրաձայնային հետազոտություն, քսուքի հետազոտություն եւ այլն:

Ինչպե՞ս է կատարվում բուժումը

Եթե դաշտանային ցիկլի խանգարումների պատճառը հորմոնալ է, ապա բուժումն իրականացվում է հորմոնալ պրեպարատներով, եթե նյութափոխանակության խանգարում է, ապա հատուկ ռեժիմ եւ սննդակարգ է սահմանում, եթե ինֆեկցիոն բնույթի բորոբքումներն են, կախված ինֆեկցիայից, բուժումը տարբերվում է:

Չենք անտեսում վիտամինների եւ միներալների դերը ցիկի կարգավորման գործում: Իսկ եթե դաշտանային խանգարումների պատճառը սթրեսն է, ապա պետք է վերացնել սթրեսային գործոնները:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը