Կորոնավիրուսի հետ կապված ցանկացած ճշտված տեղեկատվություն այս պահին հետաքրքիր է և կարևոր: Այս հանգամանքը հաշվի առնելով՝շատ կարևոր զրույց ենք  ունեցել ընտանեկան բժիշկ/թերապևտ Կարինե Ստեփանյանի հետ: Ո՞րն է ցինկի, Վիտամին D-ի և COVID-19-ի կապը...եթե դեռ չգիտեք՝անպայման կարդացեք:


Ինձ հաճախ են հարցնում. իսկ որեւէ բան կարո՞ղ ենք անել, բացի ԱՀԿ-ի կանխարգելիչ միջոցառումներից, որպեսզի կանխենք վարակվելու ռիսկը կամ վարակվելուց ավելի թեթև տանենք։
Պատասխանում եմ. կարող ենք հետեւել առողջ ապրելակերպի սկզբունքներին ու ընդունել որոշակի կենսահավելումներ։
Կենսական կարեւոր է՝

  • Մաքուր օդ, հաճախակի օդափոխություն
  • Ջուր. 1.5 լիտրից ավել, 30մլ՝ կգ քաշին
  • Առողջ սնունդ
  • Ֆիզիկական ակտիվություն
  • Դրական էմոցիաներ ու մտքեր։

Վիտամին D-ն ու շնչառական վարակներ՝ներառյալ COVID-19-ը 

Էպիդեմիոլոգիական հետազոտությունները, ներառյալ մի քանի մետաանալիզները, ցույց են տվել, որ արյան մեջ Վիտամին -D-ի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ բարձր է սուր շնչառական վարակների/ՍՇՎ/ և արտահիվանդանոցային թոքաբորբերի ռիսկը։ Իհարկե, սա պատճառահետևանքային հստակ կապը ցույց չի տալիս, սակայն բազմակի մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրություններով պարզվել է , որ Vit. D-ի անբավարար քանակը վատթարացնում է շնչառական համակարգի ռեզիստենտականությունը /դիմադրողականությունը/ վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ։
Կան նաև շատ հետազոտություններ, ներառյալ մետաանալիտիկ,որոնք ցույց են տալիս, որ Vit. D-ի ընդունումը իջեցնում է ՍՇՎ-ով հիվանդացությունը , իսկ հիվանդանալիս՝ նվազեցնում ծանրությունը ու տևողությունը։
Սուր շնչառական վարակ է նաև կորոնավիրուսայինը՝ COVID-19-ը։


Հետևաբար , օրական կանխարգելիչ 800-2000 IU/20-50mcg Vit. D-ի ընդունումը մեծահասակների մոտ իջեցնում է ՍՇՎ-ների ռիսկը , իսկ հիվանդանալիս նվազեցնում հնարավոր իմուն վատթարացումը՝ լավացնելով կլինիկական պրոգնոզը։
Ի դեպ, 4000 IU-ից բարձր դոզաներ նշանակվում է բացառապես բժշկի կողմից՝ ելնելով պացիենտի կլինիկայից ու լաբորատոր տվյալներից։

Zn և COVID-19

Ցինկը օրգանիզմի կարևորագույն միկրոտարրերից է և առանցքային դեր ունի օրգանիզմի իմուն ֆունկցիայի համար:
Այն մտնում է 200-ից ավել ֆերմենտների կազմի մեջ` մասնակցելով նյութափոխանակությանը. ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի, նուկլեինաթթուների (ՌՆԹ-ն, ԴՆԹ-ն գենետիկ նյութի հիմնական մասն են):
Հետազոտություններ կան (կատարված SARS CoV-ի հետ ), որոնք ցույց են տվել, որ ցինկի իոնները արգելակում են կորոնավիրուսի ՌՆԹ-պոլիմերազայի ակտիվությունը in vitro/փորձանոթում և արգելափակում են այս վիրուսի ռեպլիկացիան բջջային կուլտուրայում. այսինքն կանխում են նրա բազմացումը: Առավել շատ հետազոտություններ, այդ թվում նաև էպիդեմիոլոգիական, ապացուցել են, որ ցինկն օգնում է օրգանիզմին պայքարելու բակտերիալ ինֆեկցիաների դեմ: Մոլեկուլյար մեխանիզմները մինչև վերջ դեռ բացահայտված չեն, սակայն ցինկը ուղղակի պայքարում է պաթոգեն միկրոբի դեմ `մոբիլիզացնելով ֆագոցիտար բջիջների աշխատանքը: Այս առումով առավելապես ռեսպիրատոր և աղիքային հարուցիչների դեմ պայքարը կանխում է թոքաբորբերը ու դիարեաները:


Ի դեպ, համի և հոտառության զգացողության հարցում մեծ է ցինկի դերը: Իսկ գիտենք, որ COVID-19-ի ախտանշաններից մեկը համի և հոտառության կորուստն է: Մտածելու առիթ:


Ցինկի դեֆիցիտը, եթե սննդից հնարավոր չէ ստանալ բավարար քանակությամբ, լրացվում է կենսահավելումներով. Օրական դոզան 15-40 մգ, մեկ ամիս:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը