Վահանաձև գեղձն օրգանիզմում կարևոր գործառույթներ է իրականացնում և դրա աշխատանքի ցանկացած խախտում կարող է էական վնաս հասցնել առողջությանը։ Վահանաձև գեղձի հիվանդությունները բազմաթիվ են, բուժման մեթոդները՝ տարբեր: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց շրջանում վահանաձև գեղձի խնդիրներն ավելի հաճախ են հանդիպում (3։1 հարաբերությամբ):Երիտասարդների մոտ հիվանդացության ցուցանիշների աճ է նկատվել.միջին տարիքը 25-55 տարեկանն է։ 

Հաշվի առնելով մեր ընթերցողների մեծ հետաքրքրությունն այս հարցի շուրջ, Doctors.am-ը որոշեց անդրադառնալ թեմային:  Վահանաձև գեղձի խնդիրների մասին զրուցել ենք էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանի հետ: 

Վահանաձև գեղձի մի շարք հիվանդություններ կան: Որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

Ամենահաճախ հանդիպողներից կարող ենք առանձնացնել՝ վահանաձև գեղձի թերֆունկցիա--հիպոթիրեոզ, վահանաձև գեղձի գերֆունկցիյա-հիպերթիրեոզ, վահանաձև գեղձի հանգույցներ, ենթասուրթիրեոիդիտ և այլն։ Հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից կարելի է նշել իմունային համակարգի սխալ աշխատանքը, երբ մեր բջիջները վնասում են մեր գեղձը՝ ճանաչելով այն որպես օտար, ինչի արդյունքում զարգանում է հիվանդությունը։

Ի՞նչ նախանշանների առկայության դեպքում կարելի է ենթադրել, որ առկա է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում:

Ենթասուրթիրեոիդիտը, օրինակ, սուր վիճակ է, որը սկսվում է պարանոցի առաջային հատվածում արտահայտված ցավից: Խնդիրը, սակայն լիարժեք բուժելի է, և բուժումից հետո գեղձի աշխատանքը բացարձակ չի տուժում: Թերֆունկցիայի ժամանակ գեղձը հորմոններ չի արտադրում կամ քիչ է արտադրում։ Պացիենտների մոտ լինում է հոգնածություն, թուլություն, քնկոտություն, մազաթափություն, փորկապություն, կանանց դեպքում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ։ Այս իրավիճակը պահանջում է մշտական բուժում–փոխարինող թերապիա։ Հիպերթիրեոզը–գերֆունկցիայի ժամանակ արտադրվող հորմոնների քանակը մի քանի անգամ գերազանցում է նորման:
Ախտանիշներն են՝ քաշի կորուստ, գերլարված վիճակ, դող, սրտխփոց և այլն։ Գոյութուն ունեն բարորակ և չարորակ հանգույցներ, որոնք սովորաբար հայտնաբերվում են պրոֆիլակտիկ հետազոտության ժամանակ կամ արդեն տեղի է ունենում պարանոցի շրջանում դեֆորմացիա, որը երևում է: Վաղ փուլում ախտանշանները կարող են արտահայտված  չլինել, երբեմն  մեծ ուռուցքների դեպքում դրանք արտահայտված չեն:
Ավելի հաճախակի հանդիպում  են բարորակ գոյացություններ: Չարորակ գոյացությունների վաղ հայտնաբերման դեպքում մենք ունենք հնարավորություն 100 %-ով բուժելու այն: Եթե հիվանդությունը արդեն զարգացման փուլեր է անցել, բուժման հավանականությունը նվազում է մինչև 70-80 %:

Մեր օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար ի՞նչ է հարկավոր:

Հայաստանում մենք չունենք յոդի դիֆիցիտային վիճակ, մեր աղը յոդացվում է: Օգտագործելով այն, մենք ձեռք ենք բերում բավարար քանակի յոդ: Յոդի պրեպարատների օգտագործումը անհիմն է: Լինում են անհատական դեպքեր. յոդի յուրացման խնդրի դեպքում ավելի բարձր չափաբաժին է անհրաժեշտ. դա այլ խնդիր է:

Վահանաձև գեղձի հանգույցների ժամանակ ե՞րբ է ցուցվում  վիրահատություն կատարել:

Եթե ունենք չարորակ գոյացություն, ապա վիրահատությունը պարտադիր պայման է. բուժումը սկսվում է հենց վիրահատությունից: Բարորակի դեպքում գործընթացը կախված է գոյացության չափերից, տեղակայումից, կարծրությունից, հիվանդի ցանկությունից (եթե, օրինակ՝ 4-5 սմ է, դեֆորմացիա կա, սեղմում է հարակից անոթները՝ ենթակա է վիրահատության): Բացի վիրահատությունից, եթե անհրաժեշտություն կա՝ հիվանդին ուղարկում ենք  ռադիոյոդթերապիայի, ով պարտադիր  բուժում է ստանում:

Կանանց շրջանում հղիության ընթացքում վահանաձև գեղձի հիվանդություններ հաճա՞խ են հանդիպում:

Կան խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ հղիության ընթացքում: Մենք հասցնում ենք գործընթացը մինչև հղիության ավարտ, հսկողություն սահմանում, ապա նոր գործողություններ իրականացնում: Բոլոր դեպքերն անհատական են, դեղերի օգտագործման չափաբաժինը նույնպես տարբերվում է՝ ըստ խնդրի:

Արդյո՞ք ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը կարող է խանգարումների հանգեցնել:

Ծխախոտի չարաշահումը համարվում է ռիսկի գործոն, իսկ ալկոհոլինը՝ ոչ:

Ի՞նչ սնունդ պետք է օգտագործել վահանձև գեղձի հիվանդությունների ունենալու դեպքում:  

Որպեսզի իմունային համակարգը լավ վիճակում լինի, հարկավոր է ճիշտ սննդակարգ պահպանել: Անհրաժեշտ է  օգտագործել բանջարեղեն, ընդեղեն, համեմունքներ՝ առանց այն չարաշահելու: Մեր օրգանիզմը պետք է ստանա բավարար քանակով վիտամին D, որը կարող ենք ընդունել ամռանը՝ 20 րոպե դրսում լինելով, իսկ աշնանը և ձմռանը՝  այդ վիտամինի դեղահաբերը խմելով:  


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան