Doctors.am-ի զրուցակիցն է ձեռքի և պլաստիկ վիրաբույժ, ներվիրահատական նեյրոմոնիտորինգի մասնագետ, բ.գ.թ. Դավիթ Օնիկի Աբրահամյանը:
 
Ի՞նչ է ներվիրահատական նեյրոմոնիտորինգը:
Ներվիրահատական նեյրոմոնիտորինգը (ՆՎՆ) նեյրոֆիզիոլոգիական եղանակների համալիր է, որն օգնում է վերահսկել նյարդային համակարգի տարբեր բաժինների (նյարդեր, նյարդարմատներ, ողնուղեղ, գլխուղեղ) ամբողջականությունը վիրահատության ընթացքում: Այն բարձրացնում է նյարդային համակարգի վնասման վտանգ պարունակող նյարդավիրաբուժական, օրթոպեդիկ, անոթային, էնդոկրին, դիմածնոտային, ակնաբուժական, ԼՕՌ և ուրոլոգիական վիրահատությունների անվտանգությունը: 
 
Հավանաբար սա նոր մեթոդ է: Ե՞րբ և ինչպե՞ս այն ներդրվեց Հայաստանում:
Ընդհանրապես զարգացած երկրներում ՆՎՆ կիրառվում է արդեն շուրջ 40 տարի: Մեզ մոտ օրթոպեդիկ վիրաբուժության, մասնավորապես, ողնաշարի վիրահատությունների ժամանակ ՆՎՆ ներդրվել է Արաբկիր ԲՀ վնասվածքաբանության-օրթոպեդիայի ծառայության ուժերով 2012թ.-ի փետրվարից, նույն ծառայության ղեկավար Կ.Ա. Քոլոյանի, ողնաշարի աշխարհահռչակ վիրաբույժ պրոֆ. Մաքս Էբիի և նվաստիս նախաձեռնությամբ: Խորին շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրի իրականացմանն աջակցած պրոֆ. Մաքս Էբիին (Շվեյցարիա), Էռնստ Շտոկլիին (Շվեյցարիա), Վրեժուհի Աթիկյանին (Կանադա), Ֆերենա Հալդիին (Շվեյցարիա) և մեր մյուս սիրելի ընկերներին ու բարերարներին, որոնցից շատերի անունները նույնիսկ չգիտեմ:
 
Ինչո՞ւ հենց Դուք, չէ՞ որ ձեռքի և պլաստիկ վիրաբույժ եք՝ միկրովիրաբույժ:

Իսկապես, մեր թիմից բոլորն էլ արժանի և ունակ էին հանձն առնելու այս գործը: Սակայն Կարեն Ալեքսանիչի ընտրությունը կանգ առավ հենց ինձ վրա (ինչի համար երախտապարտ եմ), հավանաբար քանի որ թեկնածուական թեզս, որը կատարել եմ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում (անվանի նեյրոֆիզիոլոգ, պրոֆ. Ջ.Ս. Սարգսյանի ղեկավարությամբ) անմիջապես առնչվել է նեյրոֆիզիոլոգիայի հետ: Բացի այդ, ձեռքի վիրաբույժն առօրյայում հաճախ է գործ ունենում այս մեթոդի, մասնավորապես՝ էլեկտրանյարդամկանագրության (ԷՆՄԳ) հետ, և այդ ոլորտն ինձ ամենևին խորթ չէ: Այսպիսով, ինձ բախտ վիճակվեց մեկամսյա (նոյեմբեր, 2011թ.) վերապատրաստում անցնել շվեյցարական այնպիսի հայտնի կլինիկաներում, ինչպիսիք են Բեռնի Հիրսլանդեն հիվանդանոցը, Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցը և Շյուլթես կլինիկը:
 
Ողնաշարի ինչպիսի՞ վիրահատությունների ժամանակ է անհրաժեշտ կատարել ՆՎՆ: 
ՆՎՆ կիրառվում է այն դեպքերում, երբ ողնաշարի վիրահատությունը պարունակում է ողնուղեղի կամ նյարդարմատ(ներ)ի վնասման բարձր վտանգ: Դրանք են ողնաշարի ձևախախտումները (սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ), ողների կամ ողնուղեղի ուռուցքները, Բեխտերևի հիվանդությունը, ողների կոտրվածքները և այլն:
 
Որո՞նք են ՆՎՆ-ի առավելությունները:
Պատկերավոր ասած՝ վիրաբույժի համար ՆՎՆ-ն կատարում է գրեթե նույն ֆունկցիան, ինչն ականազերծող սարքը սակրավորի համար: Ի վերջո սակրավորը ձեռքերով ու ոտքերով էլ կարող է «կուրորեն» հայտնաբերել ականը, սակայն ի՞նչ է լինում արդյունքում, հայտնի է բոլորիս… Ողնաշարի վիրահատությունների ժամանակ էլ հաճախ վիրաբույժը ստիպված է լինում «կուրորեն» աշխատել՝ տեղադրել մետաղական իմպլանտներ (պտուտակներ, ձողեր), ձգել (դիստրակցիա) և պտտել (դեռոտացիա) ողնաշարը: Նախկինում այդ միջամտությունները հսկելու համար և կասակածելի գործողություն կատարելուց հետո ստիպված էին լինում ընդհատել վիրահատությունը, արթնացնել հիվանդին և խնդրել, որպեսզի շարժի ոտքերը (Ստանյարայի արթնացման թեստ, Stagnara’s wake-up test): Սակայն չկար երաշխիք, որ անմիջապես ոտքերը շարժելուց և կրկին քնեցնելուց հետո չի կատարվի անթույլատրելի միջամտություն, ինչը կհանգեցնի վերջույթների կաթվածի: Իսկ ՆՎՆ-ն հնարավորություն է տալիս հսկել վիրաբուժական թիմի աշխատանքն ամբողջ վիրահատության ընթացքում առանց հիվանդին արթնացնելու և առանց վիրահատությունն ընդհատելու: Դա նաև զգալիորեն կրճատում է վիրահատության տևողությունը, արյան կորուստը և հեշտացնում հետվիրահատական վերականգնումը: Արդյունքում բարձրանում է ողնաշարի վիրահատությունների անվտանգությունը:
 
Ինչպե՞ս է կատարվում ՆՎՆ:
Չնայած ՆՎՆ-ն բավականին բարդ նեյրոֆիզիոլոգիական հետազոտություն է, սակայն սկզբունքը բավականին պարզ է. խթանող և գրանցող էլեկտրոդները փակցվում են գլխին ու վերջույթներին (ստորին և/կամ վերին) և դրանց միջոցով գրանցվում են, այսպես կոչված, զգացողական (SEP) և շարժողական (MEP) հարուցված պոտենցիալները: Այդ պոտենցիալների փոխանցման արագության և ուժգնության փոփոխությունները տալիս են անհրաժեշտ տեղեկություններ ողնուղեղի վերել (զգացող) և վայրէջ (շարժող) ուղիների վիճակի մասին:
 

Այս 3 տարվա ընթացքում քանի՞ վիրահատություն է կատարվել ՆՎՆ-ի հսկողության տակ:
Հայաստանում նախկինում ՆՎՆ չլինելու պատճառով ողնաշարի ծանր ախտահարումներով բազմաթիվ հիվանդներ մնում էին առանց վիրահատության (չնայած օրթոպեդների բարձր մասնագիտացմանը) և ստիպված մեկնում էին բուժվելու արտասահմանում, ինչն, ինչպես գիտեք, կապված է բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների հետ: ՆՎՆ-ի ներդրման շնորհիվ այժմ մեր մասնագետները կարողանում են կատարել միջազգային չափանիշներին համապատասխանող վիրահատություններ: Ավելին, քանի որ հարևան Վրաստանում առ այսօր ՆՎՆ չունեն, հիվանդներ ենք ունենում նաև այնտեղից: Արդյունքում 2012-ից ի վեր Արաբկիր ԲՀ-ում և Էրեբունի ԲԿ-ում ՆՎՆ հսկողությամբ կատարվել է մոտ 50 սպինալ վիրահատություն: Ընդ որում 1 հիվանդ վիրահատվել է ողնային ուռուցքի, 1-ը՝ Բեխտերևի հիվանդության, իսկ մնացածը՝ իդիոպաթիկ կամ բնածին սկոլիոզի կամ կիֆոսկոլիոզի կապակցությամբ: 
 
Բարդություններ գրանցվե՞լ են:
Եղել են բարդագույն դեպքեր: Բարդություններ, փա՜ռք Աստծո, չենք ունեցել: Ընդհանրապես, համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ սկոլիոզի վիրահատությաններից հետո նյարդաբանական բարդություններ ի հայտ են գալիս մինչև 4% դեպքերում: Իհարկե բարձր տոկոս չէ, սակայն երբ ինքդ կամ հարազատդ դառնում է հաշմանդամ և գամվում սայլակին վերջույթների կաթվածի պատճառով, շատ ցավալի է լինում: Վերոնշյալ 50 դեպքերից 3-ում ողնաշարի դիստրակցիայի և դեռոտացիայի ընթացքում ՆՎՆ-ի միջոցով հայտնաբերվել է գրանցվող պոտենցիալների կորուստ, ինչի մասին վիրաբուժական թիմը ժամանակին տեղեկացվել է: Դիստրակցիայի-դեռոտացիայի թուլացումն այդ հիվանդների մոտ օգնել է վերականգնել նորմալ պոտենցիալները (ողնուղեղի ֆունկցիան) և կանխել նյարդաբանական բարդությունները: Այնպես որ, կարծում ենք, որ Հայաստանում այսօր ՆՎՆ-ն կարելի է համարել կայացած: