Արդեն 10 տարի է՝ Երևանում իր գործունեությունն է ծավալում Այգ հոգեբանական ծառայությունների կենտրոնը:
Կենտրոնի աշխատանքային սկզբունքների և գործունեության ոլորտների մասին զրուցեցինք «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանի հետ:
Պարոն Մելքոնյան, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այս տարի նշեց գործունեության 10-ամյակը: Ինչ կարևորագույն ձեռքբերումներ եք ունեցել այս տարիների ընթացքում: Կարծում եմ, որ հոգեբանի մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը բավական փոխվել է: Ի՞նչ կասեք Դուք:
Այս տարիների ընթացքում հոգեբանի մասնագիտության հանդեպ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, ստեղծվել է հոգեբանի ծառայություններից օգտվելու մշակույթ, և ուրախ եմ, որ այս հարցում ունենք նաև մեր ներդրումը:
Նման ծառայություններ մատուցող կազմակերպություններ, իհարկե, կային, սակայն «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնը առաջինը փորձեց մուտք գործել այս դաշտ՝ որպես բիզնես-ծրագիր, մասնագիտացված հոգեբանական ծառայությունների կենտրոն: Ռիսկը մեծ էր և համարձակություն էր պահանջում: Սակայն ուրախությամբ եմ այսօր նշում, որ հոգեբանության զարգացման որոլտում մեր ներդրումն ակնհայտ է:
Տարիներ առաջ հոգեբանն ընկալվում էր որպես մի մարդ, ով ուղղակի կարող էր լսել, և օգնությունը սահմանափակվում էր այսքանով: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է դաշտն այսօր:
Ես կարող եմ ասել նույնիսկ, որ սա ամենամեղմ և իրականությանը մոտ պատկերացումն է: Տարիներ առաջ հոգեբանի մասնագիտությունն ավելի քան պրիմիտիվ կերպով էր ընկալվում, կիրառական հոգեբանությունը չէր գործում և հաճախ, հասարակության մոտ արմատացած մոտեցման պատճառով ասոցացնում էին հոգեբուժության հետ՝ բացասական դրսևորմամբ:
Նախկինում հոգեբանի մոտ այցերը կատարվում էին գաղտնի, ամաչելով: Հիմա կարող եմ ասել, որ զարգացման միջին մակարդակում ենք:
Ի՞նչ ուղղություններով եք իրականացնում աշխատանքը Այգ հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Այգ-ում ներկայացված են աշխատանքի բազմաթիվ ուղղություններ՝ մանկական, զույգերով, հղի կանանց հետ աշխատանք, անհատական, խմբային և այլն…
Ինչպե՞ս է կազմակերպվում աշխատանքն այստեղ, մասնագիտական ներուժը թույլ տալի՞ս է հոգեբանության այսքան ուղղություններ ներգրավել:
Մեր կենտրոնում հոգեբանական բոլոր ուղղվածությունները ստեղծվել են բնական պահանջի հենքի վրա: Մեզ մոտ հիմնական ուղղությունն առաջնային խորհրդատվությունն է հոգեբանի հետ: Սակայն հայտնի է, որ մի շարք հոգեբանական խնդիրներ մարդու մոտ ի հայտ են գալիս ներարգանդային վիճակում. այսինքն կարիք կար հղիության ընթացքում գտնվող կանանց հետ աշխատանքի, որպեսզի մարդիկ լույս աշխարհ չգան արդեն իսկ հոգեբանական խնդիրներով:
Զբաղվում ենք մասնագիտական կողմնորոշման խնդիրներով: Հոգեբանական խորհրդատվության ընթացքում շատ հաճախ պարզ է դառնում, որ մարդիկ լավ և լիարժեք չեն զգում իրենց, որովհետև չունեն աշխատանքում բավարարվածության զգացում: Մասնագիտություն բոլորս ընտրում ենք շատ տարերայնորեն, ընտրությունը երբեք չի լինում գիտական կամ հասարակական հիմքերի վրա: Ծնողների, բարեկամների ազդեցությամբ երիտասարդներն ուղղորդվում են ընտրել մասնագիտություն՝ առանց ուսումնասիրելու տվյալ անձի ընդունակությունները, կարողությունները, հոգեբանական առանձնահատկությունները… Ուսման տարիներին անձը հետաքրքրված չի լինում մասնագիտությամբ , չի լսում դասախոսությունները, թերանում է, դառնում տվյալ հասարակության հետամնացը, այսպիսով, առաջ են գալիս մի շարք հոգեբնական խնդիրներ: Ստացվում է, որ մեկ անզգույշ քայլը կարող է հետագայում հանգեցնել անդառնալի հետևանքների: Հաճախ սա ունենում է նաև ֆիզիկական դրսևորումներ՝ անքնություն, սրտխառնոցներ, գլխացավեր:
Հատկանշական փաստ է, որ Թուրքիայում դիմորդների ավելի քան 80%-ն անցնում է մասնագիտական կողմնորոշման թեստեր:
Մեզ մոտ հատուկ ուղղվածություն է նաև աուտիկ երեխաների հետ աշխատանքը: Ցավոք, նման դեպքերի թիվն աճում է Հայաստանում և Առայժմ չկան կանխարգելման և բուժման լիակատար մեթոդներ, իսկ հոգեբանի աշխատանքը մեծ արդյունավետություն կարող է ունենալ:
Այգ հոգեբանական ծառայությունների կենտրոնում՝ կախված աշխատանքի տեսակից, անձի և հոգեբանի նախընտրությունից աշխատանքը կարող է կազմակերպվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային եղանակով:
Իրականացնում եք աշխատանք նաև զույգերի հետ: Սա ի՞նչ առանձնահատկություններ ունի:
Զույգերը, մինչ ամուսնություն, բազմաթիվ առիթներ են ունենում միմյանց բացահայտելու՝ կենցաղ, ժամանց, հասարակական կյանք և այլն: Սակայն, նպատակային «լավը լինելու» փուլում երկուսն էլ առավելագույնս դրսևորում են իրենց միայն լավ հատկանիշները, սակայն կենցաղը, ժամանակի ընթացքում կատարում է որոշակի «ուղղումներ» և յուրաքանչյուրը բացահայտում է իր կողակցի նաև բացասական կողմերը: Եթե մինչ ամուսնությունը զույգերը փորձեն 1-2 այցելությամբ բացահայտել միմյանց հոգեբանական առանձնահատկությունները, համատեղելիությունը, հետագայում բոլոր հոգսերը և դժվարությունները, հավատացեք, ավելի հեշտ կկարգավորվեն: Ընտանիքը բավական բարդ կառավարվող օղակ է և եթե դրան անձինք չմոտենան մեծ պատասխանատվությամբ՝ հետագա բարդույթուններն անխուսափելի են:
Հոգեբանի մասնագիտությունն այսօր, կարելի է ասել, բավական արդիական ու պահանջված է, և շատերն են հոգեբան դառնում: Ինչպե՞ս եք Դուք ընտրում մասնագետներ՝ «ԱՅԳ»-ում աշխատելու համար:
Այո, իսկապես: Մենք հոգեբաններ ընտրում ենք պատասխանատվության շատ մեծ զգացումով, սա մեզ համար կարևորագույն հարց է: Երբ ծրագրում էինք հոգեբանական կենտրոնի հիմնումը, այդ օրերից ի վեր, այս հարցին վերաբերվել ենք լրջագույնս, ուսումնասիրել ենք Հայաստանի մասնագիտական դաշտը: Քանի որ տարիներ առաջ, ինչպես արդեն խոսեցինք, հոգեբանի մասնագիտության ընկալումն այնքան էլ լուրջ չի եղել, մասնագիտության ուսուցումը ևս կաղել է: Հոգեբանության ֆակուլտետներ, ըստ մեր վիճակագրության, ընդունվում էին այլ ֆակուլտետ դիմած և չընդունված դիմորդները, այսինքն չի եղել մոտիվացիա այս մասնագիտության վերաբերյալ: Այն ընկալվել է որպես տեսություն միայն: Եվ ցավոք, ստացվել է այնպես, որ պրակտիկ աշխատանքի մեջ ներառելու պատրաստ մասնագետ, մինչև օրս, ոչ մի ԲՈՒՀ չի տալիս: Սակայն, ի ուրախություն, ասեմ, որ վերջին տարիներին ԲՈՒՀ-եր ավարտում են տեսականորեն բավական պատրաստված կադրեր:
Հոգեբանն աշխատում է անմիջապես մարդու և նրա ներաշխարհի հետ, այսպիսով, ինքս անչափ կարևորում եմ նաև մասնագետի խառնվածքը, տեսակը:
Մեր բոլոր հոգեբաններն անցնում են կենտրոնի կազմակերպած դասընթացները, ուսուցման այլ մեթոդների միջոցով հոգեբանին հասցնում ենք լիակատար տեսական պատրաստվածության, որից հետո հանձնաժողովի ընտրությամբ, նրանք ընդունվում են հոգեբանական-խորհրդատվական աշխատանքի:
Կենտրոնի տեղեկատվական էջը Doctors.am կայքում
Աղբյուրը՝ Doctors.am