Ճարպակալումը լուրջ խնդիր է մեր օրերում: Չէ՞ որ ավելորդ քաշը ոչ միայն դիսկոմֆորտ է առաջացնում,  այլ առողջական մի շարք խնդիրներ:
Doctors.am-ի խնդրանքով ընդհանուր, լապարոսկոպիկ եւ բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանը պարզաբանում է, թե ինչ է ճարպակալումը, ինչու է վտանգավոր եւ ինչպես բուժել:

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք Ձեզ մոտ առկա է ճարպակալում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միջազգային չափանիշ է դարձել բանաձեւը, որով որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսը (BMI):
Այն որոշելու համար քաշը բաժանում ենք հասակի քառակուսու վրա: Օրինակ, եթե Ձեր քաշը 85 կգ է, հասակը՝ 165 սմ, ապա մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ 85: (1,65 × 1,65) = 31,2:

Ստացված թիվն էլ հենց կհուշի Ձեզ՝ արդյոք ունեք ճարպակալում, թե ոչ:

Եվ այսպես, եթե հաշվարկի արդյունքում BMI ցուցանիշը կազմել է՝

25-30 - ունեք ավելորդ քաշ
30-35 - 1-ին կարգի ճարպակալում
35-40 –2-րդ կարգի ճարպակալում
40-45- 3-րդ կարգի ճարպակալում
45 եւ բարձր –մորբիտ ճարպակալում

Կարեւոր. մորբիտ ճարպակալումը կյանքի համար խիստ վտանգավոր է:

Ինչո՞վ է վտանգավոր ճարպակալումը

Ճարպակալումը եւ դրա հետեւանքով առաջացած բարդություններն աշխարհում մահացության դեպքերի 3-րդ տեղն են զբաղեցնում՝ սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից հետո:

Ճարպակալումն առաջացնում է՝

  • սիրտ-անոթային հիվանդություններ
  • թոքերի գերծանրաբեռնված աշխատանք
  • ոսկրամկանային համակարգի ծանրաբեռնվածություն
  • էնդոկրին համակարգի խաթարում
  • միզասեռական համակարգի խանգարումներ
  • վերարտադրողական համակարգի խնդիրներ
  • անպտղություն

Ճարպակալումը եւ անպտղությունը

Ճարպակալումով պացիենտների մոտ անպտղությունը տարածված է, քանի որ ճարպակալումով տղամարդկանց մոտ բարձր են կանանց հորմոնները՝ էստրոգենները, իսկ կանանց մոտ՝ տեստոստերոնը:

Ճարպակալումով կանանց մոտ՝

  • խախտված է դաշտանային ցիկլը
  • առկա է մազակալում

Տղամարդկանց մոտ՝

  • վատ սպերմատոգենեզ

Ի՞նչ է ճարպակալման վիրահատությունը

Ճարպակալման կամ բարիատրիկ վիրահատությունը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որն ուղղված է ստամոքսի ծավալի փոքրացմանն ու այդ կերպ մարմնի քաշի նվազեցմանը:

Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:

Վիրահատության ժամանակ հեռացվում է ստամոքսի մեծ կորության հատվածը: Արդյունքում՝ մարդն ունենում է բանանի չափ ստամոքս՝ 200 միլիլիտր ծավալով:

Կարեւոր. ստամոքսի մեծ կորության հետ միասին հեռացվում է նաեւ քաղցի հորմոն արտադրող բջիջների խումբ, որը հետվիրահատական շրջանում նպաստում է՝

  • սննդի նկատմամբ այլ վերաբերմունքի ձեւավորմանը
  • քաղցի զգացողության նվազմանը
  • նախասիրությունների (օրինակ՝ սեր քաղցրի նկատմամբ) փոփոխությանը:

Որոշ մարդիկ խուսափում են ստամոքսի մասնահատումից: Նման դեպքերում կատարվում է այլ վիրահատություն, որի ժամանակ ստամոքսի մեծ կորության հատվածը ոչ թե հեռացվում, այլ ծալվում է դեպի ներս:

Վիրահատությունը նույնպես կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: Այս եղանակը նույնպես անվտանգ է:

Վիրահատությունից 2-3 օր անց արդեն պացիենտը դուրս է գրվում հիվանդանոցից եւ անցնում իր բնականոն կենսակերպին:

Ընդդեմ ճարպակալման՝ առանց վիրահատության

Ճարպակալում ունեցող շատ մարդիկ խուսափում են վիրահատությունից, սակայն ելք կա, այն է՝ստամոքսի բալոնավորում:

Պրոցեդուրան իրականացվում է էնդոսկոպիկ եղանակով:

Ստամոքսում ժամանակավոր բալոն է տեղադրվում, որը տարածք է գրավում՝  առաջացնելով հագեցվածության զգացողություն:
Կարեւոր. բալոնը տեղադրվում է 6 ամիս ժամկետով:

Ի՞նչ հետազոտություններ է պետք անցնել նախքան ճարպակալման վիրահատությունը

Ճարպակալման վիրահատություն կարելի է կատարել սկսած 16 տարեկանից:

Վիրահատությունից առաջ կատարվում է՝

  • պացիենտի հորմոնալ ֆոնի հետազոտություն
  • գաստրոսկոպիա
  • թրքական թամբի ռենտգեն
  • թոքերի ռենտգեն
  • սիրտ-անոթային համակարգի հետազոտություն
  • արյան ընդհանուր քննություն
  • ուլտրաձայնային հետազոտություն

Կարեւոր. սույն վիրահատությունը հակացուցված է շիզոֆրենիայի եւ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում:


Աղբյուրը՝ Doctors.am
Պատրաստեց Շուշան Շատիկյանը