Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: 

Ամբողջ աշխարհում աուտիզմով տառապողների թիվը մեծ է, և այն բացասաբար է ազդում երեխաների, նրանց ընտանիքների, հասարակության և համայնքների կյանքի որակի վրա:
Այդ պատճառով 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը միաձայն հայտարարեց ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:
 
-Աուտիզմը՝ հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Վիճակագրության համաձայն՝ այս խնդիրը 4 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղա երեխաների մոտ, իկս ամերիկյան հետազոտությունները փաստում են, որ 1000 բնակչից երկուսն աուտիկ է:

Այսօր աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Դրա առաջացման թերևս միակ, քիչ թե շատ ապացուցված պատճառը ծնողների՝ հատկապես հոր տարիքն է. տղամարդու սերմը մեծ տարիքում մուտացիայի է ենթարկվում,- ասում է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Աուտիզմի ծագումնաբանությունը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում են որոշ հնարավոր պատճառներ` գենետիակական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով և ծանր մետաղների աղերով, աուտոիմուն պրոցեսները և այլն: 
Հարկ է նշել, որ աուտիզմով մարդիկ տարբեր են, և աուտիզմի դեպքերն էլ են տարբեր:
 
Աուտիզմը կարող է զուգորդվել մտավոր հետամնացության հետ, սակայն հաճախ աուտիզմ ունեցող մարդիկ ունենում են լավ զարգացած առանձին ունակություններ, օրինակ` բարդ թվային հաշվարկներ են կատարում, խրթին գլուխկոտրուկներ են լուծում, զարմանալի հիշողություն կամ մեծ ընդունակություններ են ցուցաբերում արվեստի և երաժշտության ասպարեզում։
 
- Պարոդոքսալ երևույթ է. մի տեղ աուտիկ մարդիկ ներկայացվում են որպես մտավոր հետամնաց, թույլ ինտելեկտուալ կարողություններով մարդիկ, մի այլ տեղ՝ նրանք ներկայացվում են որպես հանճարներ, յուրօրինակ երևակայություն ունեցով մարդիկ... Մեկ փաստ հաստատ է. նրանք աշխարհը և իրականությունն ընկալում են այլ կերպ, և հարց է՝ արդյո՞ք այդ ընկալումներում մենք ենք ճիշտ և ոչ նրանք- ասում է Մ. Մադաթյանը:
Ենթադրվում է, որ Ալբերտ Էյնշտեյնը, Իսահակ Նյուտոնը, Բիլ Գեյթսը ևս ունեցել են աուտիզմի համախտանիշ:
 
Աուտիզմով երեխաների կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ կարելի է օգնել երեխաներին՝ հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը, հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի բարելավմանը: 
 
Աուտիզմի «բուժումը» մեր երկրում
Աուտիզմի` որպես հաշմանդամության բերող հիվանդության, բուժումը մեր երկրում ներառված է պետական պատվերի մեջ` որպես անվճար մատուցվող բուժօգնության տեսակ: Այս երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնի 7 մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Գործում են նաև մի շարք այլ կենտրոններ, որտեղ երեխաների ցերեկային խնամքը և զարգացման դասընթացներն ապահովվում են բարերարների հովանավորության պայմաններում:

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
02 Ապրիլի, 2015