Հայաստանում շարունակում է ամենապահանջվածներից մնալ քթի պլաստիկ վիրահատությունը: Հաճախ էսթետիկ խնդիրները շտկելու նպատակով կատարվում է նաև բուժական վիրահատական միջամտություն:
Ռինոպլաստիկան  բնածին կամ ձեռքբերովի քթի դեֆեկտների ուղղումն է: Քթի ձևն ու չափը փոխելու համար պլաստիկ վիրաբույժից ճշգրտություն և ուշադրություն է պահանջվում: Պլաստիկ վիրահատության առավելությունների, մեթոդների, քթի պլաստիկ վիրահատության (ռինոպլաստիկա), օտոպլաստիկայի (լոշտակության շտկում), հնարավոր բարդությունների մասին պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Սեդա Նիկողոսյանը:

Կարո՞ղ ենք ասել, որ միկրովիրաբուժությունը, մասնավորապես պլաստիկ վիրաբուժությունը այսօր  շատ զարգացած է:

Նախ նշեմ, որ միկրովիրաբուժությունը և պլաստիկ վիրաբուժությունը տարբեր մասնագիտություններ են, բայց որոշակի առումով միաձուլվում են իրար: Պլաստիկ վիրաբուժությունը ներառում է էսթետիկ, վերականգնողական վիրաբուժությունը: Իսկ վերջինս առանց միկրովիրաբուժության չի լինում: Հայաստանում երկուսն էլ բավականին զարգացած են: Պլաստիկ վիրաբուժությունն  օրեցօր կատարելագործվում է, դե իսկ միկրովիրաբուժությունը ստեղծվել ավելի վաղ: Եթե համեմատում ենք արտերկրի հետ, մենք դեռ ունենք ավելի լավ, որակով սարքավորումների կարիք, իսկ պլաստիկ վիրաբուժության մեջ կարևորագույնը բժշկի մասնագիտական կարողություններն են:

Հիմնականում ի՞նչ պատճառներով են բժշկին դիմում՝ էսթետի՞կ, թե՞ բուժական: Որո՞նք են տարածված:

Կարելի է ասել՝ երկուսն էլ հավասար են: Էսթետիկ առումով Հայաստանում եղել և մնում է ռինոպլաստիկան. դա քթի պլաստիկ վիրահատությունն է, պատճառը գենոֆոնդն է: Եթե հիվանդը ունենում է խնդիրներ կապված շնչառության, միջնապատի, ապա վիրահատության ընթացքում շտկվում են երկու խնդիրներն էլ:

Կա  քթի վիրահատության երկու մեթոդ՝ բաց և փակ: Ո՞րն է տարբերությունը:

Այս մեթոդներն ունեն իրենց հստակ ցուցումները: Եթե քթի ծայրի հատվածում բավականին մեծ աշխատանք կատարելու կարիք է զգացվում, ապա ցանկալի է վիրահատել բաց եղանակով, քանի որ այդպես ավելի ակնառու է երևում աշխատանքը, հնարավոր է մեծ փոփոխություններ անել։ Իսկ միայն ոսկրային խնդրի դեպքում (սապատի շտկման ժամանակ) նախընտրելի է փակ տարբերակը: Բաց վիրահատության դեպքում  արտաքին կոլումելայի մասում մնում է փոքրիկ գծային սպի, որը մեկ տարի հետո դառնում է աննկատելի:
Վիրահատությունների մոտ 80 տոկոսն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Տեղային անզգայացմամբ վիրահատություններ նույնպես տեղի են ունենում: Դա կախված է նաև բուժառուի ցանկությունից, եթե առողջական խնդիրների հետ կապված հակացուցումներ չկան:

Ովքե՞ր կարող են վիրահատության  ենթարկվել: Արդյո՞ք գոյություն ունի տարիքային սահմանափակում:

Ի տարբերություն տղաների՝ աղջիկների մոտ ոսկրագոյացումը ավելի վաղ է ավարտվում, կարելի է վիրահատության ենթարկել 16 տարեկանից հետո։ Տղաների դեպքում այդ տարիքը 18-ն է:

Ո՞ւմ է հակացուցված վիրահատության ենթարկվելը:

Բացարձակ հակացուցումները վերաբերում են բոլոր վիրահատություններին: Գոյություն ունի հիվանդի ընդհանուր վիճակ, այլ հիվանդությունների առկայություն, իսկ էսթետիկայի դեպքում կան հարաբերական հակացուցումներ, օրինակ՝ անդադար վիրահատությունների ենթակված մարդը: Սպիագոյացման լրիվ ավարտը տևում է մեկ տարի, այդ պատճառով  վիրահատությունների միջև եղած տևողությունը պետք է լինի սպիագոյացման ավարտից հետո:

Ե՞րբ է  բացատրական աշխատանք տարվում բուժառուի հետ:

Հիվանդների 90 տոկոսը վիրահատության խորհրդատվության է գալիս  լուսանկարով՝ դերասանի, հայտնի մոդելի: Այդ դեպքում տարվում է բացատրական աշխատանք, քանի որ ամեն մարդ ունի իր դիմագծերը․ դա մեծ նշանակություն ունի: Կատարվում է 3D մոդելավորում, որի միջոցով ակնհայտ է դառնում տվյալ մարդու քթի ստացվելիք տարբերակը:

Ինչքա՞ն է տևում հետվիրահատական շրջանը և ի՞նչ հետևանք է ունենում բուժառուի մոտ:

Ռինոպլաստիկայի դեպքում հետվիրահատական շրջանը տևում է առավելագույնը երկու շաբաթ: Գիպսը հանվում է ութերորդ օրը, իսկ 8-14 օրում անցնում են կապտուկները, ապա  հիվանդը կարող է ապրել իր բնականոն առօրյայով: Ականջների շտկման դեպքում 10 օրվա ընթացքում հանվում են կարերը:
Առաջին ութ օրերի ընթացքում առանձնապես որևէ խնամք հարկավոր չէ, երբ հանվում են կարերն ու գիպսային վիրակապը, պարզապես տանը հիվանդը պետք է մշակի քթի խոռոչները՝ շնչելու համար: Խորհուրդ է տրվում 6 ամիս ակնոց չկրել, արևի ճառագայթների տակ չլինել, զերծ մնալ հնարավոր հարվածներից:

Վիրահատական շրջանի և բուժման համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական պատրաստվածությունը: Այդ հարցում ի՞նչ ներդրում պետք է ունենա պլաստիկ վիրաբույժը:

Պլաստիկ վիրաբուժությունը մի ասպարեզ է, երբ վիրաբույժը պարզապես դառնում է հոգեբան: Երբեմն  վիրահատության գալիս են այնպիսի մարդիկ, որոնք բացարձակ որևէ միջամտության կարիք չունեն: Այդ դեպքում անհրաժեշտ է խոսել, բացատրել: Եթե տեսնում ենք, որ վախը չափից շատ է արտահայտված հիվանդի մոտ, ուղարկում ենք հոգեբանի մոտ:  

Եթե վերջնարդյունքը չի գոհացնում բուժառուին, ի՞նչ  պետք է անի բժիշկը:

Ռինոպլաստիկայի 10-15 տոկոս դեպքերում ենթարկվում են երկրորդային միջամտության: Ամեն բժիշկ պարտավոր է շտկել իր թերությունները, եթե դրանք իրոք արտահայտված են։ Ոչ թե երբ հիվանդն է դա տեսնում: Ամբուլատոր ձևակերպմամբ՝  տեղային անզգայացումով փոքր վիրահատություն է տեղի ունենում, որը տևում է առավելագույնը 10 րոպե:
 


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան