Ատամնաբուժությունը մարդկության պատմության մեջ գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ: Այդ ժամանակներից մինչ այսօր այն ապրել է հսկայական էվոլյուցիա, քանզի սկզբում այս «մասնագիտությունը» սահմանափակվում էր միայն խնդրահարույց ատամը հեռացնելով և մարդուն ազատելով  տհաճ ցավից: Որոշ ժամանակ անց, փորձեր են կատարվել նաև պրոթեզավորել բացակա ատամները. դրանք փոխարինվել են կենդանիների ատամներով, տարբեր տեսակի մետաղներով, ընդհուպ՝ մահացած մարդկանց ատամներով: Իսկ արդեն քաղաքակիրթ աշխարհի մարդու համար բավական չէ միայն բացակա ատամը լրացնելը, այն պետք է ունենա նաև ճիշտ դիրք ատամնաշարում, նվազագույն վնաս պատճառի մյուս ատամներին և մարդուն, պետք է ունենա առավելագույնս բնական տեսք:

Հայաստանում ստոմատոլոգիան բուռն զարգացում սկսեց ապրել, երբ 1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ հանրապետության ազգաբնակչությանը բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգ մասնագետների ծառայություն ապահովելու նպատակով:

Խորհրդային տարիներին պացիենտների պահանջը հնարավոր էր հոգալ այնքանով միայն, որ կարելի էր պատրաստել ծամողական ֆունկցիան մասամբ վերականգնող պրոթեզներ, սակայն դրանց արդյունավետությունը մեր օրերում դժվար է գնահատել բավարար, քանզի նյութերը և պատրաստման եղանակները մերօրյա չափանիշներին նույնիսկ մոտ չէին: Այդ ժամանակահատվածում ատամի ներվազրկումը (դեպուլպացիան) ընդհանուր առմամբ անհնար էր իրականացնել ամբողջությամբ, և բժիշկը ստիպված էր լինում հեռացնել ատամը՝ ոչ լիարժեք բուժման պատճառով:
Այդ տարիներին լայն կիրառում ունեին մամլված շապիկները, որոնք լավագույն դեպքում պատրաստվում էին ոսկուց, և բացակա ատամի մարմնին ամրացվում էին զոդման միջոցով, իսկ վատագույն դեպքում պատրաստվում էին պողպատից, զոդվում նիկել-քրոմ մետաղով և ամբողջ կոնստրուկցիան պատվում էր բուլատով՝ ոսկեգույն երանգ ստանալու նպատակով:
Այնուհետև առաջ եկավ ձուլման եղանակը և շապիկները սկսեցին ունենալ ավելի ճշգրիտ ձև: Ձուլված կոնսրուկցիան սկսեցին պատել տարբեր նյութերով՝ կոնստրուկցիայի սպիտակ գույնն ապահովելու համար: Այդ նյութերից էին ակրիլային պլաստմասսները և կերամիկան:

Արդեն պրոթեզավորման զարգացման ընթացքում, երբ պացիենտների էսթետիկ պահանջներն ավելացան, մասնագետները սկսեցին դրանք պատրաստել առավել հմտորեն, զարգացում ապրեցին նաև մետաղները: Դեռևս խորհրդային տարիներին կիրառվում էր ոսկին՝ որպես պրոթեզավորման նյութ, դրանից պատրաստում էին արհեստական ատամներ, հենք, կարծրությունը ապահովելու համար հետագայում ստեղծվեցին նաև ոսկու և այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքներ, որոնք մինչ այժմ մեծ կիրառում ունեն ստոմատոլոգիայում:
1980-ական թվականներից բժիշկները հասկացան, որ ատամը վերականգնելու համար էսթետիկ և ֆունկցիոնալ ամենանպատակահարմար նյութն ատամնաբուժական կերամիկան է, ուստի անընդհատ փորձեր էին արվում կիրառել ատամնաբուժական կերամիկան առանց մետաղական հենքի, այսինքն՝ այն ամրացնել անմիջապես ատամին՝ լուսաթափանցելիությունն ապահովելու համար:
Աթգեզիվ համակարգերի ստեղծմանը և զարգացմանը զուգահեռ լուծվեց նաև կերամիկան անմիջապես ատամին հերմետիկ ամրացնելու խնդիրը, բարելավվեց պլոմբավորվող ատամների էսթետիկ տեսքը և շնորհիվ այդ տեխնոլոգիաների, այլևս կարիք չկար ատամը չափից շատ հղկել՝ ռետենցիոն կետերը ստանալու համար: Այսպիսով, սկիզբ առավ մինիմալ ինվազիվ ստոմատոլոգիան, որը պարտադրում է բժշկին աշխատել օպտիկական խոշորացման պայմաններում. դրա շնորհիվ ատամը հղկվում է այնքան, որքան հարկավոր է:

Հետխորհրդային տարիներ
Արդեն հետխորհրդային տարիներին, երբ մեր երկրում սկսեցին հայտնվել մասնավոր ատամնաբուժարաններ, ստեղծվեց մրցակցություն և դա, իհարկե, հանգեցրեց ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, ներդրվեցին նոր մեթոդներ, բարելավվեց տեխնիկան, զարգացավ պացիենտի հետ շփման մշակույթը, աշխատանքներ տարվեցին սպասարկման որակի բարելավման վրա:
Ներկայումս ատամնաբույժի առջև դրված են ավելի մեծ խնդիրներ, քանզի կա ատամնաբուժական նյութերի մեծ ընտրանի, գործիքների բազմազան տեսակներ և այլն:

Վերջին տասնամյակում Հայաստանում մեծ զարգացում է ստացել նաև թվային տեխնոլոգիաների կիրառումը ատամնաբուժության ոլորտում, որը սկսվում է թվային ռենտգեն համակարգերից և ավարտվում ժամանակակից ներբերանային սքաներներով, CAD-CAM համակարգով, 3D տպիչներով և զանազան ծրագրերով, որոնք բժշկի աշխատանքը դարձնում են առավել արագ և արդյունավետ:
Ներբերանային սքաներների օգնությամբ կարելի է որոշել կծվածքի տարբեր տեսակի անոմալիաներ, բացարձակ ճշգրտությամբ որոշել ատամնահպումը, ախտորոշել կարիեսը և, վերջապես, ստանալ և վերարտադրել պացիենտի ատամների ճշգրիտ գույնը:

CAD-CAM համակարգերը մեծ ֆրեզերային հաստոցներ են, որոնք ունեն 1-5 աշխատանքային առանցք, և որքան առանցքները շատ են, այդքան հաստոցն ավելի ճշգրիտ է և ունիվերսալ: Դրանք նախատեսված կարող են լինել ինչպես կլինիկաներում, այնպես էլ մեծ ֆրեզերային կենտրոններում օգտագործման համար:
Իսկ թվային-համակարգչային ծրագրերը հնարավորություն են ընձեռում կարճ ժամանակահատվածում իրականացնել մեծ ծավալի աշխատանք: Սրանց օգնությամբ կարելի է կատարել պացիենտի դեմքի անալիզ ընդամենը 3-5 րոպեում և կանխատեսել ստացվելիք վերջնական արդյունքը, այնուհետև թվային տարբերակով ներկայացնել պացիենտին: Առանց այս ծրագրի նույն գործընթացը կարող էր տևել 2-3 բուժայց:
Օժանդակ ծրագրերը արդիական են նաև իմպլանտոլոգիայի և օրթոդոնտիայի ոլորտներում:

Վերջին տարիներին աշխարհում, այս տարի արդեն նաև Հայաստանում, կիրառություն են ստացել 3D տպիչները: Դրանցով կարելի է տպել վիրաբուժական ձևանմուշով (շաբլոն),  կապաներ, մոդելներ, ատամներ, ծնոտներ, պրոթեզներ և այլն: Դրանց ընձեռած հնարավորություններն անսահմանափակ են, ամեն բան կախված է այն կիրառող մասնագետից:
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ ներկայումս Հայաստանում կարելի է իրականացնել ստոմատոլոգիական ցանկացած տեսակի և ծավալի աշխատանք: Ժամանակակից մոտեցումները և մեթոդները ներդրվում և կիրառվում են նաև մեզ մոտ և զարգացումը տեղի է ունենում համաշխարհային ռիթմին համընթաց:

 


Բժիշկ Գուրգեն Պողոսյանի էջը Doctors.am կայքում
Բժշկի ֆեյսբուքյան էջը
Կազմեց Ամալյա Գրիգորյանը
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր