Նորածինը ոչ միայն բավական հմտություններ ունի, այլ նաև սովորելու, յուրացնելու հսկայական ներուժ: Սովորելու մղումը սկզբում ծառայում է գրգչիչներին հակազդելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու ձգտման: Ամեն մի գործողությամբ, ձեռք բերված փորձը յուրացվում է օրգանիզմի << զգայուն ալեհավաքների >>` զգայարանների միջոցով հաղորդվում գլխուղեղին: Գլխուղեղն ընդունում, կուտակում և գնահատում է տպավորությունները, թելադրում փոքրիկի պատասխան ռեակցիան դրանց:
Հետաքրքիր է, թե ինչ կարող է զգալ փոքրիկը լույս աշխարհ գալու պահին: Տեսնում է արդյոք նա մարդկանց, ովքեր ցնծությամբ են դիմավորում իրեն, զգում է արդյոք իրեն ընդունող ձեռքերի ջերմությունը: Նա էլ է արդյոք զգում մեզ` մեծահասակներիս նման: Հայտնի է, որ նա ուրախությամբ է արձագանքում մոր ձեռքերի, մարմնի հպումներին, բայց ինչ է արդյոք զգում: Ժամանակակից ուսումնասիրությունները պատասխանում են մի քանի հարցերի. չնայած փոքրիկի բոլոր զգայարանները գործում են, , բայց նրանց փոխգործունեությունը կկարգավորվի շաբաթների, ամիսների, տարիների ընթացքում:

Տեսողությունը

Նորածինն իսկապես, բառի բուն իմաստով, լույս աշխարհ է գալիս, քանի որ սենյակը, որտեղ նա ծնվում է, շատ վառ լուսավորված է լինում: Փոքրիկը շատ արագ հարմարվում է այդ պայմաններին. եթե սենյակի լույսը մեղմ է, նա լայնորեն բացում է աչքերը, իսկ ուժեղ լույսի դեպքում ամուր փակում է կոպերը: Երեխայի զգայարաններից տեսողությունն ամենաթույլ զարգացածն է, բայց դա շատ արագ է կարգավորվում:
Աչքերը բացելուն պես նա փնտրում է մորը: Հայտնի է, որ փոքրիկը լավ է տեսնում 20 սմ հեռավորության վրա:

Լսողությունը

Նախածննդյան շրջանում երեխան լսում է ներսի և դրսի բոլոր ձայները` մոր սրտի խուլ, հավասարաչափ զարկերը, պորտալարի տրոփյունը: Դրսի ձայները` երաժշտություն, խոսակցություն, աղմուկ, նա լսում է մի քիչ խլացած վիճակում: Ճիշտ է, լսողական նյարդը լրիվ ձևավորվում է կյանքի առաջին տարում, բայց նորածինն ունի լավ լսելու կարողություն. Ծնվելուց անմիջապես հետո նա տարբերակում է ծանոթ ու անծանոթ ձայները: Այդ ունակությունը ձևավորվում է ներարգանդային կյանքի ընթացքում: Հաստատված է, որ երեխաներին ավելի հաճելի են բարձր հաճախականությամբ ձայները, քան բամբ ձայնը: Այդ պատճառով շատերը երեխայի ներ խոսելիս հաճախ փոխում են ձայնի հնչերանգը: Փոքրիկի լսողությունը լավ է զարգանում այն ժամանակ, երբ նա կարող է շատ ձայներ լսել. չէ որ փոքրիկի զգայարանների զարգացման համար, բացի տեսողական և մարմնական շփումներից, պակաս կարևոև չեն նաև ձայներն ու աղմուկները: Եթե երեխայի լսողական օրգանները վնասված չեն, նա գլուխը թեքում է դեպի ձայնի կողմը: Երբեմն հնարավոր չէ վաղ հասակում պարզել լսողական օրգանների վնասվածքները, և խախտվում է երեխայի զարգացման, աճի ընդհանուր պատկերը: Օրինակ` խոսել սկսելու ժամանակ երբեմն բացահայտվում են լսողական օրգանների չնկատված թերությունները:

Հոտառությունը

Ճիշտ է, երեխայի հոտառության օրգանները մյուսների համեմատ քիչ են ուսումնասիրված, բայց կարելի է ասել, որ նորածինը լավ հոտառություն ունի: Այսպես` ծնվելուց անմիջապես հետո նա ճանաչում է մորը մաշկի առանձնահատուկ հոտով, արագորեն գտնում է կուրծքը` հրապուրված կաթի հոտով: Ինչպես վկայում են վերջին ուսումնասիրությունները, հոտառության շատ զգայուն օրգանները գործում են նույնիսկ քնի ժամանակ:

Համի զգայարանները

Համի զգացողությունը զուգորդվում է հոտառության հետ: Քանի որ երեխաներն ունեն շատ նուրբ հոտառություն, կարողանում են տարբերակել 4 համ` քաղցր, կծու, թթու, դառը: Հայտնի է, որ նորածինն ունի համի զգացողության բազմաթիվ բջիջներ, կարող է զգալ առաջարկվող կերի համը: Նորագույն ուսումնասիրությունները պարզել են, որ փոքրիկի համի զգացողությունը ձևավորվում է ներարգանդային կյանքի ընթացքում: Գիտնականները մի խումբ կերակրող մայրերի առաջարկեցին սննդի մեջ օգտագործել սխտոր, իսկ մյուս խմբին տվեցին առանց սխտորի սնունդ: Սխտոր օգտագործած մայրերի կաթը երկու ժամ հետո ուներ լավ ընդգծված հոտ: Գիտնականները ենթադրում էին, թե փոքրիկները կհրաժարվեն կաթից: Այնինչ նրանք մեծ ախորժակով կերան մայրական կաթը` ավելի երկար և ավելի մեծ հաճույքով ծծելով: Պարզ է, որ սխտորի հոտը նրանց վաղուց էր ծանոթ, քանի որ մայրիկները հղիության և փոքրիկներին կերակրելու ժամանակ սխտոր էին օգտագործել իրենց սննդի մեջ:

Շոշափելիքի զգայարանները

Մաշկը, որպես շոշափելիքի օրգան, սկսում է զարգանալ բեղմնավորումից հետո` առաջին 3 շաբաթների ընթացքում: Նրա մեջ կան բազմաթիվ նյարդային վերջավորություններ, որոնք օգնում են նորածնին առավել արդյունավետորեն շփվել շրջապատող աշխարհի հետ: Նորածինը շոշափելիքով ընկալում է նուրբ հպումները, տաքը, սառը, ցավը, քանի որ այդ բոլորը մաշկի նյարդային վերջավորությունները գրանցում, փոխանցում են գլխուղեղին, որը համապատասխան արձագանք է տալիս դրանց: Մարմնական հաճախակի շփումները` փայփայանքը, գրկելը, շատ կարևոր են առաջին շրջանում, քանի որ ուսումնասիրությունները հաստատել են, որ դրանք նպաստում են երեխայի առողջ և ճիշտ աճին: Նուրբ հպումները երեխայի զգայարանների, նրա աճի և մտավոր ունակությունների զարգացման համար շատ կարևոր որոշակի հորմոնների ձևավորման անհրաժեշտ պայմանն են:
Երեխան շրջապատող աշխարհը սկսում է ճանաչել բերանի միջոցով, դրա շնորհիվ էլ շոշափողական զգացողությունները այդ տարիքում ավելի լավ դրսևորվում են շուրթերի և լեզվի վրա: Կյանքի առաջին տարվա ընթացքում այդ զգացողությունը դառնում է ավելի նուրբ և բարդ: Ավելի ուշ, շրջակա միջավայրն ուսումնասիրելու համար, ձոքրիկը կսկսի օգտագործել մատների ծայրերը, որոնցով նա դիպչում է մարդկանց և առարկաներին` զգալու, ճանաչելու համար: Այսպիսով, բոլոր զգայարանների զարգացումն ուղղակիորեն առնչվում է երեխայի ֆիզիկական աճին, ծնողների տված (կամ չտված) ազդակներին: Երեխայի աչքի առաջ շարժվող վառ գունավորված խաղալիքները, մոր երգած երգերը, հպումները, խաղերը փոքրիկի հետ և գրկելը կենսականորեն նույնքան անհրաժեշտ են, ինչքան կերակրելը: Եթեխայի ապրումները գրգռելով, նրան զբաղեցնել, ծիծաղեցնել կամ ուրախություն արտահայտելու կարելի է մղել նաև ձայների միջոցով, բայց չպետք է անցնել թույլատրելի սահմանը: Ավելորդ գրգռիչները հոգնեցնում են երեխային. նա թեքում է գլուխը, ծռմռում դեմքը, դժգոհություն արտահայտում և լալիս: Դա նշանակում է, որ գրգռիչները շատ են, և նա հանգստի կարիք ունի:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am