Ձեր երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրան գնահատական է նշանակվում` ի նշան այն բանի, որ նորածինները մտնում են քանակական աշխարհ, որտեղ մարդկային էակները համեմատվում են և միավորներ ստանում` սկսած ծննդից մինչև կյանքի վերջը: Բժիշկ Վ. Աբգարի` 1952 թ. մշակած սանդղակը հնարավորություն է տալիս արագ գնահատել երեխայի առողջական վիճակի սկզբնական պատկերը: Միավորները, որոնցով գնահատվում է երեխան սկսած առաջին րոպեից և ամեն 5 րոպե հետո, համապատասխանում են սրտամկանի կծկումների և շնչառության հաճախականությանը, մաշկի գունավորմանը, մկանային գործունեության աստիճանին (տոնուսին) ու ակտիվությանը, գրգռումների նկատմամբ ունեցած հակազդեցությանը:
Տասը միավորը չափազանց բացառիկ է: Իսկ ինչ են նշանակում այդ միավորները ըստ Ապգարի սանդղակի: Երեխան, որը 10 միավորով է գնահատվել, արդյոք ավելի առողջ է, քան 8 միավորով գնահատվածը: Պարտադիր չէ: Այդ սանդղակը ստեղծված է հիմնականում բուժքույրերի համար, որպեսզի նրանք կարողանան արագ որոշել, թե որ երեխան ամենից ավելի օգնության կարիք ունի: 5 միավորով գնահատված երեխան ավելի շատ է ուշադրություն պահանջում, քան 7-10 միավոր ստացած փոքրիկը: Այդ միավորները ցույց են տալիս, թե որ երեխայի վիճակն է ավելի անհանգստություն պատճառում: Այն երեխան, որը ծնվելուց հետո 5-6 միավոր է ստացել, իսկ հինգ րոպե հետո` 7-10 միավոր, անհանգստություն չպատճառող երեխա է: Երեխան, որը սկսել է 5 միավորով և նույն 5 միավորը ունի հինգ րոպե հետո, մեծ ուշադրության կարիք ունի. Հնարավոր է, որ նրան տեղավորեն հատուկ պալատում և մոր մոտ բերեն միայն այն ժամանակ, երբ նրա կենսահամակարգերը սկսեն կայուն աշխատել:
Նույնիսկ այն նորածինները, որոնք ունեն վարդագույն մաշկ, սրտի զարկի լավ հաճախականություն, մկանային ուժեղ շարժումներ և բարձր ձայնով լաց են լինում, առավելագույն միավորներ չեն ստանում: Քանի որ պահանջվում է 5 րոպե, մինչև նորածնի արյան շրջանառության համակարգը կարգավորի երեխայի կյանքը մոր օրգանիզմից դուրս. բնական է, որ առաջին մի քանի ժամվա ընթացքում նորածնի թաթիկներն ու ոտիկները կապտավուն լինեն: Երբեմն էլ, որոշ նորածիններ ծնվելուց հետո չափազանց հանգիստ են լինում և բարձր ձայնով լաց չլինելու պատճառով միավորներ են կորցրել` ըստ Ապգարի սանղակի:
Ապգարի սանդղակով գնահատվող միավորները մտավոր ընդունակությունների ցուցանիշ չեն, նախատեսված են միայն բժշկական նպատակներով օգտագործելու համար: սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ դրանք հաղորդում են ծնողներին, ովքեր կարծում են, թե դա մտավոր ընդունակությունների ծրագրավորման պես մի բան է: Սա ավելորդ անհանգստության պատճառ կարող է դառնալ այն ծնողների համար, որոնց երեխան ցածր միավորներ է ստացել: Ապգարի սանդղակով տրվող միավորների և երեխայի հետագա զարգացման միջև փոխկապակցություն հազվադեպ է լինում: Եթե երեխայի շրթունքները վարդագույն են, և նա բնականոն շնչառություն ունի, նշանակում է, որ նա առողջ նորածին է:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am