Երբեմն հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը նրան գրկել, փայփայել է, փորձել հանգստացնելու բոլոր միջոցները, բայց ապարդյուն, երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է պատճառն այլ տեղում է հարկավոր փնտրել:

Հիվանդություն: Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ երբ երեխան սովորականի պես չի լալիս, հիվանդությունն է: Անսովոր ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է բժշկի դիմի. հնարավոր է` նրան անհանգստացնում է որևէ թեթև տկարություն: Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի:
 
Ցան և քոր շեքում /շքաբորբ/: Լացի նույնքան հավանական  պատճառներից է: Եթե լացի պատճառը քորն է, պետք է երեխային հանել բարուրից, լողացնել և մերկ պառկեցնել փափուկ սրբիչի վրա:

Խիթեր /ծակծկոցներ/: Սովորաբար առաջանում են օրվա նույն ժամին, ավելի հաճախ` երեկոյան: Այդ ժամանակ երեխան բարձր ու անմխիթար լալիս է 2-3 ժամ շարունակ: Ճիշտ է, դրանք վտանգավոր չեն, բայց պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, որ ծնողները խիթերը չշփոթեն ավելի լուրջ հիվանդության հետ:

Արտաքին գրգռիչ: Հնարավոր է երեխան մրսում է: Սենյակի ամենաբարենպաստ ջերմաստիճանը 18-21աստիճանն է: Պետք է խուսափել սենյակը չափից շատ տաքացնելուց: Եթե փոքրիկի մեջքը թաց է, ուրեմն շոգում է, հարկավոր է հագցնել ավելի թեթև հագուստ, փոխել ծածկոցը: Եթե երեխան քրտնում է, սավանի տակ պետք է սրբիչ փռել: Վառ լույսը նույնպես կարող է անհանգստացնել երեխային, հարկավոր է հետևել, որ լույսը կամ արևի շողերը երեխայի աչքերին չընկնեն:

Չսիրած զբաղմունք: Երեխային դուր չեն գալիս հագցնելը, հագուստը հանելը, լողացնելը, ականջները մաքրելը, եղունգները կտրելը, հարբուխ բուժելը, աչքի կաթիլների կաթեցնելը: Որքան էլ նրանք աղեկտուր լաց լինեն, հարկավոր է այդ ամենը արագ հանել, իսկ հետո գրկել, փայփայել, որպեսզի հանգստանա:

Մոր վատ տրամադրությունն ու խուճապը: Երեկոյան մայրը սովորաբար հոգնում է, երբեմն նաև զայրանում երեխայի հոգնեցնող արարքներից: Դա ուղղակիորեն անդրադառնում է փոքրիկի վրա,  նա ավելի է գրգռվում մոր  խուճապահար տրամադրությունից: Մինչ մայրը փոխում է տակաշորը, անվերջ փորձում է նրան կերակրել, անհանգիստ ու հուզված քննարկում է լացի պատճառները, երեխան ավելի ու ավելի բարձրաձայն է լաց լինում: Եթե լացի բացահայտ պատճառներ չկան, չի կարելի դրանք հորինել, հնարել:

 

Impoqrik.am