Սկզբում փոքրիկի մարմինն ավելի երկար է, քան վերջույթները, ձեռքերը ավելի երկար են, քան ոտքերը, ներբաններն ավելի մեծ են թվում: Հնարավոր է, որ նորածնի փորիկը առաջ ցցված լինել և նույնիսկ ուռած: Փոքրիկը շատ փխրուն և նիհար է, քանի որ նա գրեթե զուրկ է ճարպից: Սակայն մարմնի մասերի համամասնությունը ժամանակի ընթացքում փոխվում, կարգավորվում է:
Գլուխ: Նորածնի մարմնի ամենամեծ մասը գլուխն է: Հազվադեպ է նորածնի գլուխն ունենում կանոնավոր տեսք: Այն մի քիչ ձվաձև է, որպեսզի հեշտ անցնի ծննդաբերություն ընթացքում: Շատ հաճախ փոքրիկի գլուխն այտուցված է լինում, որոշ տեղերում սեղմված կամ երկարությամբ ձգված: Այդ ձևափոխությունը երկունքի ցավերի ժամանակ արգանդի մկանների սեղմման կամ ծննդաբերություն ընթացքում վակումային սեղմիչներ գործածելու հետևանք է: Գլխի այդ ձևափոխությունը գլխուղեղի գործունեության վրա չի անդրադառնում, այլ միայն մաշկի վնասվածք կամ այտուց է առաջանում: Երեխայի կյանքի առաջին շաբաթներին այդ ձևափոխությունները սկսում են քիչ-քիչ անցնել:
Գաղտուն: Գանգի ոսկրերը սերտաճած չեն, որպեսզի շարժուն լինեն, երկունքի ցավերի և ծննդաբերություն ժամանակ ենթարկվեն մկանների սեղմմանը: Երեխայի կյանքի առաջին տարում գանգուղեղի ծավալը կրկնապատկվում է, գանգատուփը` համապատասխանաբար մեծանում: Ոսկրերի մոտեցման նեղ շերտերում գոյանում են երկու փափուկ, <բաց> հատվածներ (գաղտուն), որոնք պաշտպանված են միահյուսող հյուսվածքներով: Այդ հատվածների նկատմամբ պետք է զգույշ լինել, արգելվում է այդ հատվածները տրորել կամ սեղմել: Փոքր գաղտունը փակվում է 5-8 , մեծը` 18-24 ամիս հետո:
Մազեր: Հղիության ընթացքում պտղի ամբողջ մարմինը ծածկված է փափուկ աղվամազով: Փոքրիկներից շատերը այդ մազածածկույթը կորցնում են դեռևս նախածննդյան շրջանում, մյուսներն էլ ծնվում են` ամբողջովին այդ մազածածկույթով պատված: Սակայն այդ թող չանհանգտացնի ձեզ, քանի որ այդ մազերը թափվում են մի քանի օր հետո, շատ հաճախ թափվում են նաև փոքրիկի գլխի մազերը: Գլխի մազածածկույթը հետագայում վերականգնվում է, սակայն մազերի ձևը, գույնը կյանքի առաջին տարիներին կարող են հաճախակի փոխվել:
Աչքեր: Սկզբում բոլոր նորածինները կապտագորշ աչքեր ունեն: Պատճառը ծիածանաթաղանթում գունանյութերի բացակայությունն է: Դրանք ձևավորվում են երեխայի ծննդից մի քանի շաբաթ հետո` փոքրիկի աչքերը գունավորվում են: Երեխայի աչքերը իրենց բնական գույնը ստանում են մեկ-երկու տարի հետո: Քանի որ փոքրիկները ծննդաբերոււթյան ընթացքում աչքերը պինդ են փակում, այդ պատճառով նորածիններից շատերի աչքերն այտուցված են լինում: Սակայն այդ այտուցները մի քանի օրից անցնում են: Երբեմն փոքրիկները շլում են աչքերը: Սկզբում դա օրինաչափ է, փոքրիկը դեռ պետք է սովորի նայել, նա դեռ չի կորող միաժամանակ զույգ աչքերով նայել, սովորաբար դրան վարժվում են մեկ-երկու ամսվա ընթացքում: Եթե երեք ամսական փոքրիկը շլում է աչքերը, պետք է դիմել բժշկի:
Սկզբնական շրջանում երեխան անարցունք է լալիս, չորս-հինգ շաբաթից հայտնվում են առաջին արցունքները: Նորածիններից շատերի արցունքաբեր ծորանները խցանված կամ սեղմված են, արցունքները դուրս չեն հոսում, աչքերի անկյուններում ձևավորվում են սպիտակ արտաթորություններ: Հաճախ ծորանների նեղացումը կյանքի առաջին ամիսներին առանց միջամտության անցնում է, սակայն հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ թղթե անձեռոցիկով զգուշորեն մաքրել աչքերի արտաթորությունները:
Քիթ: Ծննդաբերության ժամանակ փոքրիկի քիթը նույնպես տուժվում է, այն կողքի է թեքվում կամ ճզմվում է: Որոշ ժամանակ անց քթիկն ուղղվում է: Քիթն իր վերջնական տեսքն ընդունում է միայն սեռական հասունացման շրջանում:
Կուրծք: Նորածինի կուրծքը, անկախ սեռից, կորող է փքված լինել, իսկ պտուկներից հաճախ կաթնային հեղուկ է հոսում: Փքվածության պատճառը փոքրիկի արյան մեջ մայրական հորմոնների առկայությունն է: Մի քանի օրից այդ հորմոններն անհետանում են, փքվածությունն անցնում է, և կաթնային հեղուկի հոսքը ինքնըստինքյան դադարում է:
Պորտ: Ծննդաբերությունից հետո պորտալարը կտրում են նորածնի փորիկից 10 սմ. հեռավորության վրա և ամրացնում սեղմիչով: Պորտալարի մնացորդը չորանում է և 14 օրվա ընթացքում պոկվում: Պետք է զգուշորեն խնամել պորտի վերքը, մինչև ամբողջովին կլավանա: Հիվանդանոցում պորտը մշակում են 96 տոկոսանոց սպիրտով, իսկ տանը` մանկաբույժի զննելուց հետո, 1-2 տոկոսանոց զելյոնկայի լուծույթով:
Պորտային ճողվածք է առաջանում, երբ փորի մկաններում մեծ անցք կա (պորտային ճողվածք): Այդ դեպքում նույնիսկ աղին կորող է դուրս գալ: Փոքրիկներից շատերը ծնվում են պորտային ճողվածքով, բայց դա կյանքի առաջին ամիսներին ինքնիրեն անցնում է: Երբ երեխան ճչում է, ճողվածքը ցցվում է, բայց չի մեծանում:
Սեռական օրգաններ: Բոլոր նորածինների արտաքին սեռական օրգանները մարմնի համեմատ մեծ են: Երեխայի աճի ընթացքում այդ հարաբերակցությունը փոխվում է: Արտաքին սեռական օրգանները կարող են կարմիր գույն ունենալ, որի պատճառը փոքրիկի արյան մեջ մայրական հորմոնների առկայությունն է: Աղջկա սեռական օրգաններից կարող է արնագույն կամ սպիտակ արտադրություն լինել: Մի քանի օրից մայրական հորմոնները անհետանում են և այդ երևույթները անցնում:
Մաշկ: Փոքրիկի մաշկը սկզբում պատված է լինում հետծննդյան լորձունքի մնացորդներով: Մաշկը վարդագույնից մինչև նուրբ երկնագույն է, քանի որ արյունատար անոթներն աստիճանաբար վերակառուցվում են` մոր օրգանիզմից դուրս գործելու համար: Մարմնի որոշ մասերում մաշկը կարող է թեփոտ լինել, քանի որ մաշկի վերին շերտը երեխայի կյանքի առաջին օրերին չորանում է: Մաշկի վրա կարող են խալեր լինել, նաև վարդագույն բծեր` կոպերի, ծնոտի և պարանոցի վրա, ինչպես նաև ճակատի կենտրոնական մասում: Դրա պատճառը արյունատար անոթների լայնացումն է, որը մի քանի ամսից անցնում է: Շատ հաճախ երեխայի քթիկի վրա հայտնվում են փոքրիկ սպիտակ բծեր` պզուկներ և թարախաբշտիկներ` մանր ճարպագեղձերի խցանման պատճառով: Որոշ ժամանակ անց գեղձերը սկսում են կանոնավոր գործել: Մաշկը կարմիր բծերով ծածկող ցանը սովորաբար անվնաս է և արագ անհետանում է:
Երեխայի կյանքի երկրորդ-երրորդ օրը մաշկը կարող է դեղնել: Դա, այսպես կոչված, «նորածինների դեղնախտն» է, որը տարբերվում է սովորական դեղնախտից: Մաշկի դեղին գույնի պաճառն արյան ավելորդ կարմիր գնդիկների քայքայումն է: Մի քանի օրից մաշկի դեղին գույնն ացնում է, երեխայի լյարդը սկսում է կանոնավոր գործել: Եթե լյարդը երկար ժամանակ չի կարողանում քայքայել բիլիռուբինը, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի:
Ոտքեր և ներբաններ: Մոր արգանդում տեղի պատճառով գրեթե բոլո ծնվում են "Օ"-աձև ոտքերով, հաճախ ներբանները ներս ծալված: Երբ երեխան սկում է քայլել, նրա ոտքերը հաճախ խաչաձև են լինում և միայն սեռական հասունացման շրջանում են ուղղվում: Առողջ փոքրիկի ներբաններն ունեն չռված մատեր և նեղ կրունկ: Ներբաններն ունեն ոչ թե կլոր, այլ տափակ ձև, ճարպային հաստ շերտ:
Կղանքը: Երեխայի առաջին կղանքը սովորաբար լինում է մուգ կանաչագույն, կպչուն, անհոտ: Աղուց դուրս է գալիս այսպես կոչված առաջնային կղանքը, որը բաղկացած է կուլ տված հյուսվածքների, լորձի, ճարպային նյութերի մանր կտորներից; Հետագայում կղանքի գույնը և կազմությունը փոխվում են` կախված երեխայի սննդից` բնական կամ արհեստական: