Երեխաները ծնված օրից համարվում են սոցիալական էակներ: Այդ առումով շատ կարևոր է վաղ տարիքում երեխաների սոցիալական և հուզական հարաբերությունների զարգացումը: Երեխայի հուզական վիճակը և շրջապատի հետ փոխհարաբերությունները մեծ ազդեցություն են ունենում ճանաչողական գործընթացի վրա:

Վաղ տարիքի հուզական և սոցիալական զարգացման տեսությունները

Հոգեբանները մեծ նշանակություն են տալիս երեխայի և իրեն խնամող մարդկանց միջև եղած փոխհարաբերություններին: Որոշ ուսումնասիրողներ նշում են, որ երեխայի վարքի ձևավորման գործում նշանակություն ունեն հաճույքի և ցավի զգացումները: Նրանք գտնում են, որ նորածինների մոտ դրական հույզեր են առաջանում այն մարդկանց նկատմամբ, որոնք հաճախ բավարարում են իրենց պահանջմունքները, օգնում են հաղթահարել քաղցը, ցուրտը, մեղմացնում են ցավը: Հոգեվերլուծական տեսություն: Ըստ Ֆրոյդի կոնցեպցիայի՝ նորածնի և ծնողների միջև փոխհարաբերությունները հիմնված են այն փաստի վրա, որ նորածինը ի ծնե ունի կենսաբանական բնազդներ, որոնք պետք է բավարարել: Ֆրոյդը պնդում էր, որ քանի դեռ նորածնի ամենակարևոր պահանջմունքները կապված են սնվելու հետ, երեխայի ուշադրությունը կենտրոնանում է այն բավարարողի վրա: Նրա կարծիքով՝ պահանջմունքների ոչ լիարժեք բավարարումը արգելակում է հաջորդ փուլերում երեխայի զարգացումը, քանի որ կարող է առաջանալ ֆիքսացիա:

Նորածնի զարգացման երկրորդ փուլը Ֆրոյդն անվանել է անալ շրջան: Ֆրոյդի տեսության հետ կապված հետագա ուսումնասիրությունները հաստատել են նորածնության շրջանում մոր և երեխայի փոխհարաբերությունների կարևորությունը (Էյնսվորտ՝ 1978, Բոուլբի՝ 1969, Էրիկսոն՝ 1963): Սակայն գիտնականները ընդգծում էին ոչ թե կենսաբանական ֆունկցիաները, որոնք կապված են սնվելու կամ զուգարանից օգտվելու հետ, այլ երեխայի մասին հոգատարության հոգեբանական հետևանքները:

Սոցիալական ուսմունքի տեսություն: Հաջորդ տեսությունը ներկայացնում են բիհեյվիորիստները, որոնք ենթադրում էին, որ քաղցը, ցավը, ծարավը հիմնականում գրգռիչներ են, որոնք երեխային դրդում են գործողության, բայց չէին ընդունում "լիբիդո" հասկացության նշանակությունը, քանի որ այն հնարավոր չէ չափել: Այն ամենը, ինչը բավարարում է ֆիզիոլոգիական պահանջները, նրանք կոչեցին առաջնային ամրապնդում, իսկ այն, ինչն ուղեկցում է պահանջմունքների բավարարմանը, կոչեցին երկրորդային ամրապնդում:

Էթոլոգիա: Եվրոպացի բնագետները գտնում էին, որ անհրաժեշտ է կենդանիներին ուսումնասիրել բնական պայմաններում՝ ի տարբերություն բիհեյվիորիստների, որոնք հիմնվում էին խիստ վերահսկվող լաբորատոր պայմաններում անցկացվող ուսումնասիրությունների վրա: Էթոլոգների կարծիքով՝ յուրաքանչյուր կենդանական տեսակ ծնվում է՝ ունենալով գործողությունների ֆիքսված հաջորդականություն: Որոշ գործողությունների ֆիքսված հաջորդականություններ դրսևորվում են կենդանիների զարգացման սահմանափակ ժամանակահատվածում, որը կոչվում է կրիտիկական կամ սենզիտիվ շրջան: Օրինակ՝ բադերի մոտ անմիջապես ծնվելուց հետո առաջանում է գործողությունների ֆիքսված հաջորդականություն՝ կապված տպավորման հետ: Նորածին բադիկները պատրաստ են հետևել առաջին անգամ տեսած շարժվող օբյեկտին: Եթե այդ օբյեկտը իրենց մայրն է, բադիկները կհետևեն նրան, վտանգի դեպքում կմոտենան նրան: Բայց եթե տպավորման կրիտիկական շրջանում բադիկները տեսնում են այլ շարժվող օբյեկտ, օրինակ՝ մարդ, ապա կհետևեն նրան, այլ ոչ թե մորը:

Մոր և նորածնի փոխհարաբերությունների հիմնական արդյունքը Բոուլբին համարում է երեխայի մոտ հուզական կապվածության առաջացումը: Այսպիսով` բոլոր երեք տեսությունները հատուկ ուշադրություն են դարձնում երեխայի և մոր ու այլ հարազատների միջև հարաբերություններին՝ այդ հարաբերությունները համարելով վաղ տարիքում սոցիալական և հուզական զարգացման հիմք:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am