Երեխայի լացի ժամանակ նրա նկատմամբ ուշադրությունը և  նրան մխիթարելու ձեր փորձերը միայն կուժեղացնեն փոխադարձ մտերմությունը: Փոքրիկը պետք է զգա ձեր սերը,  և պետք չէ վախենալ, թե ձեր ուշադրությունն ու կարեկցանքը կարող են երես տալ նրան: Փոքրիկին հանգստացնելով` դուք հասկանում եք, որ հոգում եք նրա մասին, իսկ դա օգնում է ձեր միջև խոր ու սերտ հարազատական կապի ձևավորմանը:

Երեխաները կարող են լաց լինել ամենատարբեր պատճառներով, և դուք պետք է սովորեք հասկանալ նրա պահանջը կամ գանգատը: Նորածինների լացը միակ հնարավորությունն է` գրավելու  ձեր ուշադրոթյունը: Փոքրիկը հասկանում է, որ այն աշխարհը, որ նա մտել է,  շատ տարօրինակ է,  նույնիսկ վախեցնող: Երբ երեխան կհարմարվի նոր միջավայրին, իսկ դուք, կատարելագործելով երեխային խնամելու ձեր հմտությունը, կսովորեք հասկանալ, թե ինչն է նրա համար հաճելի և ինչը` տհաճ, նա ավելի ու ավելի քիչ լաց կլինի:

Քաղցր երեխայի լացի հիմնական պատճառներից է, սակայն դուք շուտով կսովորեք ճչալու ձևից հասկանալ, թե երբ է երեխան ուտել ուզում: Եթե նա քաղցած է, մի ուշացրեք կերակրումը. որոշ  ծծկեր երեխաներ լավ ախորժակ ունեն և 2-3 ժամը մեկ ուտել են ուզում:
Երեխայի դժգոհության պատճառը կարող են լինել շոգը կամ ցուրտը: Նորածին փոքրիկները դեռ ընդունակ չեն կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը, հեշտությամբ շոգում են կամ մրսում:

Շատ երեխաներ տանել չեն կարողանում, երբ իրենց մերկացնում են նույնիսկ տաք սենյակում: Հագնված նրանք իրենց ավելի ապահով են զգում, իսկ առանց հագուստի վախենում են, սկսում են լաց լինել: Դա նկատի ունեցեք և ձեր փոքրիկին երկար ժամանակ մերկ մի  պահեք, հատկապես կյանքի առաջին ամիսներին: Եթե ստիպված եք երեխային լրիվ մերկացնել, ապա  անմիջապես փաթաթեք սրբիչով. այդպես նա իրեն ավելի լավ կզգա:

Impokrik.am