Ծննդաբերության ժամանակ ունեցած բոլոր տեսակի վախերից, ցավերից հետո երեխայի հետ առաջին շփումն ամենագեղեցիկ պահն է: Երբ ծննդաբերությունը հաջող է ընթացել, բուժանձնակազմը թույլ է տալիս, որ մայրը փոքրիկի հետ հանգիստ շփվի, և բժշկական անհրաժեշտ գործողությունները` երեխային կշռելը, չափելը և այլն, մղվում են երկրորդ պլան: Եթե ծննդաբերության ժամանակ ցավազրկող ուժեղ դեղամիջոցների կարիք չի զգացվել, նորածինը հաճախ արթուն է լինում և կարող է ընկալել ծնողների հետ առաջին շփումը: Մոր փափուկ փորի վրա երեխան իրեն լավ է զգում, ծանոթ են նրա սրտի հանգստացուցիչ զարկերը, ձայնը, որին վստահում է, իսկ մոր մարմնի հետ շփումը հաճելի է: Առաջին նուրբ գգվանքները նրան հաղորդում են սիրո և պաշտպանվածության զգացում, խթանում շնչառությունը և արյան շրջանառությունը:
Մայրական սեր առաջին հայացքից
Ծննդաբերությունից անմիջապես հետո մոր զգացմունքների մեջ մեծ փոփոխություններ են կատարվում: Հղիության շրջանում մայրը երեխային ընկալում է որպես իր մարմնի մաս, իսկ ծննդաբերության ժամանակ այդ կապը խզվում է: Երեխան արդեն ինքնուրույն էակ է: Շատ մայրեր այդ պահին ունենում են խառը զգացումներ: Երբ նորածնին առաջին իսկ րոպեից թողնում են մոր մոտ, զգացմունքային շփումը և նոր իրավիճակի ընկալումը հեշտանում են: Այդ բարդ գործընթացի ժամանակ գոյանում են որոշակի հորմոններ` պրոլակտին և օքսիտոցին: Կենսաբանորեն սրանցով և փոքրիկ, անպաշտպան էակի ներկայությամբ են բացատրվում մոր ապրումները: Գիտնականները այդ պահը համարում են ամենահարմարը սիրո զգացման ձևավորման և զարգացման համար:
Ծննդաբերությունից հետո ծագող մայրական երջանկության զգացումն ինքնիրեն, ինչ որ հրահանգով չի ծագում: Կյանքի նախկին հունից բաժանվելու պատրաստակամությունը, անշուշտ, բնածին է, բայց զգացմունքային ընկալման հմտությունները պետք է զարգացնել: Դրա համար մայրն ու զավակը անհրաժեշտ հանգստի ժամանակ կարիք ունեն: Մայրը նաև իրազեկ պետք է լինի, որպեսզի չվախենա և անվստահ չլինի: Երեխայի նկատմամբ սերն սկզբում այնքան էլ ուժեղ չէ. զգացումն աճում է ինքնավստահությանը զուգընթաց: Համատեղ կյանքի ընթացքում մայրը սովորում է հասկանալ, զգալ փոքրիկի կարիքները, դրանք հոգալու միջոցները: Նա արագ կռահում է` փոքրիկը սոված է արդյոք, շորերը փոխելու ժամանակն է, թե նա պարզապես մենակ մնալ չի ուզում: Այդ առումով շատ կարևոր է մոր ինքնազգացողությունը. Եթե մայրը լավ չի զգում, ինքնաբերաբար նրա ուշադրության կենտրոնում իր հանգստի հարցն է: Կանանցից մի քանիսը պատմում են ծննդաբերությունից հետո << դատարկության անորոշ զգացման >> մասին, որը բնական է ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածությունից հետո: Դա է պատճառը, որ ծննդաբերությունից հետո առաջին պահերին մայրական սիրո զգացումն այնքան վառ չի դչսևորվում: Հաճախ մայրերը հիասթափվում են իրենց զգացումներից, գոհունակության փոխարեն ծագում է վախի, անվսատահության զգացում նոր պարտականությունների նկատմամբ: Այդ մտքերը չեն վնասում երեխային, չեն խաթարում մոր հետ նրա հարաբերությունները: Կարևորն այն է, որ մայրը իր զգացմունքին աճելու և զարգանալու հնարավորություն տա:Հայրական սիրո զարգացման ձևավորումն էլ է անցնում նույն ընթացքով: Հայրերը ոչ միայն լավ են տրամադրվում իրենց երեխայի աշխարհ գալուն, այլև հենց սկզբից շատ շուտ են սիրում նրան: Սակայն նորաթուխ հայրիկի զգացումները միանգամից չեն ձևավորվում: Տղամարդկանցից շատերը կնոջ ծննդաբերությունն ընկալում են որպես զգացմունքային ծայրահեղ լարվածության պահ և հանգստի կարիք են զգում: Տղամարդիկ հաճախ առաջին հերթին, մինչև փոքրիկին գրկելը, մտահոգվում են կնոջ վիճակով:
Հետծննդյան շրջան
Հետծննդյան է կոչվում ծննդաբերությանը հաջորդող 6-8 շաբաթվա ժամանակահատվածը: Այդ ընթացքում մոր օրգանիզմում, հոգում բավական մեծ փոփոխություններ են կատարվում: Դա գերզգայունության շրջան է, որը պայմանավորված է նոր իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությամբ. ամեն ինչ նոր է, օրգանիզմի հորմոնները վերակառուցվում են, մոր կողքին է փոքրիկը, որը շատ ուշադրություն ու խնամք է պահանջում: Կանայք տարբեր կերպ են հարմարվում այս շրջանին, մի քանիսը բացարձակապես անուժ են, շատ են քնում և << անջատվում >>: Մյուսները էյֆորիայի մեջ են ընկնում, չեն կարողանում աչք կտրել փոքրիկից: Հետծննդյան բուժքույրը և բժիշկը հետևում են, որ մայրը լավ հանգստանա, հղիության, ծննդաբերության հետ կապված լարվածությունը մեղմանա, ջերմությունը չբարձրանա և այլն: Բուժքույրն օգնում է մորը երեխային կերակրելիս, խորհուրդներ տալիս` ինչ անել, որ կրծքի կաթը շատ լինի, և մայրը խուսափի կրծքի բորբոքումներից:
Մայրը և երեխան նույն սենյակում (Rooming-in)
Առաջ ընդունված էր, որ ծննդաբերությունից հետո ծննդատանը նորածինն առանձին սենյակում գտնվի, և մայրը յուրաքանչյուր 2 կամ 4 ժամը մեկ տեսնի նրան` կերակրելու համար: Հայրը, եղբայրները և քույրերը փոքրիկին տեսնում էին միայն ապակու հետևից: Այդպես էին վարվում` հիգիենիկ պահանջներից ելնելով կամ տեղի խնայողության նպատակով: Վիճակը բարեբախտաբար փոխվել է: Մորը երեխայի հետ նույն սենյակում պահելու փորձառությունը Հայաստանում կիրառվում է 1994-ից: Այժմ Հայաստանի բոլոր ծննդատներում երեխան մոր հետ 24 ժամ գտնվում է նույն սենյակում, եթե չկա դրան խանգարող որևէ լուրջ պատճառ` մոր կամ երեխայի առողջության հետ կապված: Մոր և երեխայի միասին գտնվելն ունի մի քանի առավելություններ`
- Մայրն արագ և լավ է ճանաչում երեխային, նրա պահանջմունքները:
- Առաջնածին մայրերն ավելի վստահ են լինում երեխայի հետ հարաբերություններում, քանի որ նրան փաթաթելու, լողացնելու, հագցնելու հնարավորություն ունեն: Այդ ընթացքում անհետանում է մոր վախը, թե չի կարողանա լավ կատարել իր պարտականությունները: Եթե կարիք կա, օգնում է բուժքույրը:
- Նորածնի աճն արագանում է, նա հաճախ է ժպտում և ավելի քիչ է լալիս, քան առանձին գտնվող երեխաները:
- Այս եղանակն օգնում է հեշտ հարմարվել կրծքով կերակրելուն, քանի որ մայրը կարող է փոքրիկին կերակրել այն պահին, երբ նա սոված է: Դա խթանում է կաթի գոյացումը, բացի այդ ավելանում է մոր` կրծքով և ոչ թե շշով կերակրելու ցանկությունը:
- Ամրակայվում է երեխայի վստահությունը, քանի որ մայրը նրան կերակրում է լաց լինելու առաջին իսկ պահին: Փոքրիկներն իրենց սիրված և հասկացված են զգում: - Այս եղանակը դրական ազդեցություն ունի նաև հետծննդյան դեպրեսիայի վերացման համար, քանի որ հորմոնալ փոփոխություններից բացի անհետանում են դեպրեսիայի պատճառները` երեխայի մասին մտքերն ու վախը, երբ փոքրիկն առանձին է:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am