Երևանի Պետական Բժշկական համալսարանում արդեն իսկ գործում է Հերացի արհեստակցական կազմակերպությունը: Ինչ առավելություններ և հնարավորություններ է այն ընձեռում անդամագրված անձանց. կազմակերպության գործող և ապագա ծրագրերի մասին զրուցեցինք կազմակերպության նախագահ, դ.գ.թ. Մարթա Սիմոնյանի հետ:
Մանրամասնե՛ք,խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում Հերացի արհեստակցական կազմակերպությունը: Ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:
Մեր կազմակերպությունը դեռևս նորաստեղծ է. այն ստեղծվել է այս տարվա մայիս ամսին, սակայն անդամագրություններն ավարտվել են սեպտեմբերի սկզբին: Մեր նպատակն է ԵՊԲՀ բոլոր աշխատակիցներին երիտասարդական նոր շնչով հետաքրքիր նախաձեռնությունների մաս դարձնելը: Համալսարանը տարբեր տարիներին ունեցել է արհեստակցական կազմակերպություններ, սակայն սա նոր է, առավել երիտասարդական և ժամանակակից: Բանն այն է, որ աշխատակիցները փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և դրա դիմաց ստանում մեր առաջարկած բոլոր փաթեթներին անդամագրվելու հնարավորություն:
Ինչպես հասկացանք, անդամագրվողների մասնագիտությունները կարևոր չեն: Ներկայացրեք, խնդրեմ առավել մանրամասն` ովքե՞ր կարող են անդամագրվել կազմակերպությանը:
Ճիշտ նկատեցիք: Մասնագիտությունները բացարձակ կապ չունեն: Անդամագրվում են հավաքարարից, անվտանգության աշխատակիցներից, ադմինիստրացիոն կազմից մինչև ամբիոնների աշխատողներ, կլինիկաների բժիշկներ, կլինիկական ամբիոնների աշխատակիցներ… Մի խոսքով` բոլոր այն անձինք, ովքեր գրանցված են որպես Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատողներ` ներառյալ նաև Հերացի ավագ դպրոցի աշխատողները:
Իսկ ի՞նչ հնարավորություններ է ստանում անձը, ով անդամագրված է կազմակերպությանը: Ի՞նչ ծրագրեր եք ներկայացնում այսօր:
Մեր հիմնական ծրագրերը մի քանիսն են. ներառել ենք նաև աշխատակիցների սոցիալական բեռը որոշակի մասով մեր ուսերին վերցնելը. Այսօր, ցավոք, սոցիալաապես անապահով շատ աշխատակիցներ ունենք, ովքեր դիմում են տարբեր կառույցների` սոցիալական օգնություն ստանալու նպատակով: Մենք, իհարկե պարզելով, թե անձը որքանով ունի այդ օգնության կարիքը, որոշակի փոխհատուցում ենք կատարում: Առողջական խնդիրների դեպքում աշխատակիցները ևս ստանում են որոշակի առավելություններ:
Մենք հոգում ենք նաև ԵՊԲՀ աշխատակիցների հանգստի մասին: Արդեն իսկ ունենք պայմանավորվածություն Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ, և Ծաղկաձորի Սպորտ-բազայի 3-րդ մասնաշենքը մեր տրամադրության տակ է, որտեղ ԵՊԲՀ աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները բոլորովին այլ սակագներով կարող են հանգստանալ:
Կարևոր եմ համարում նշել, որ մենք տարբեր ամբիոնների աշխատակիցներին հնարավորություն ենք ընձեռում իրենց գիտական, առողջապահական, ինֆորմատիվ ծրագրերը ներկայացնել արհեստակցական կազմակերպություն, ինչի շնորհիվ իրականացնում ենք 2 կամ ավել ամբիոնների երկօրյա համատեղ անվճար հանգիստ Ծաղկաձորում. այս կերպ հանգիստը և աշխատանքը համատեղվում են:
Հիանալի նախաձեռնություն է: Գիտենք, որ նաև առողջ ապրելակերպին եք մեծ ուշադրություն դարձնում: Ի՞նչ ծրագիր ունեք այս իմաստով:
Այո, իհարկե: ԵՊԲՀ-ն, իհարկե, ունի սեփական սպորտդահլիճ, սակայն մենք առաջարկում ենք նաև այլընտրանքային տարբերակ: Gold’sGym համալիրից ձեռք ենք բերել կորպորատիվ փաթեթ, և, կախված աշխատակցի աշխատանքային փորձից, փաթեթը դոտացիոն համակարգով ավելի մատչելի է դառնում, և նրանք հնարավորություն են ստանում մարզվել այստեղ:
Բացի աշխատակիցների ժամանցի և հանգստի կազմակերպումը, ունե՞ք ծրագրեր, որոնք կնպաստեն նաև նրանց մասնագիտական զարգացմանը:
Իհարկե, մենք սա ևս խիստ կարևորում ենք: Այսօր արդեն ներկայացնում ենք անգլերենի պրոֆեսիոնալ ուսուցման ծրագիր: Քանի որ մենք ունենք մեծ թվով անգլալեզու ուսանողներ, նրանց հետ պարապող դասախոսները մշտապես վերապատրաստման կարիք են ունենում: Այս կերպ, ԵՊԲՀ աշխատակիցները, անգլերենի տարբեր մակարդակի իրենց իմացությունն ու գիտելիքները ավելի են հմտացնում` դոտացիոն այս ծրագրի շնորհիվ:
Փաստորեն, այս մասին ևս հոգացել եք: Կարծում ենք, որ բացի վերը նշված բոլոր հնարավորությունները, կազմակերպությանն անդամագրումը ընձեռում է թերևս ամենակարևոր մի հնարավորություն ևս` շփում, ծանոթացում, կարծիքների և փորձի փոխանակում: Ի վերջո , ստեղծվում է ընկերության ջերմ ու բարի մթնոլորտ:
Համաձայն եմ: Նույնիսկ միևնույն ուղղվածություն ունեցող ամբիոնների աշխատակիցները, շատ դեպքերում, անգամ չեն ճանաչում միմյանց: Ծաղկաձորյան հանգիստը, այս դեպքում, կոտրում է սառույցը, մտերմացնում է աշխատակիցներին և, իհարկե, որպես հետևանք` հանգեցնում գիտական, կրթական հետագա ծրագրերի ստեղծման և իրականացման, համատեղ աշխատանքների:
Մե՞ծ էձեր թիմը: Ինչպե՞ս եք կարողանում շփում ապահովել բոլոր ամբիոնների աշխատակիցների հետ:
Սկզբնական շրջանում մեր թիմը բաղկացած է եղել 12-13 հոգուց: Այնուհետև, ի ուրախություն, մեր թիմն ընդլայնվել է և այժմ բոլոր ամբիոններում կազմակերպությունն ունի իր ներկայացուցիչները` աշխատանքի առավել կանոնավոր համակարգման համար: Ինքս արդեն հանդիպումներ եմ ունենում ամբիոններում և ներկայացնում մեր բոլոր ծրագրերը, որից հետո մարդկանց հետաքրքրությունն ավելի է աճում և իրենք էլ ակտիվ կերպով հետևում են բոլոր նորություններին և ծրագրերին: Բժշկական համալսարանում կարծեք թե նոր շունչ կա, նոր մթնոլորտ է սկսում ձևավորվել, և սա, ինչ խոսք, ուրախալի է:
Եվ եզրափակելով զրույցը, որտե՞ղ կարող են ձեզ դիմել հետաքրքրված անձինք: Ունե՞ք գրասենյակ ԵՊԲՀ-ում:
Իհարկե, մեզ կարող եք գտնել Բժշկական համալսարանում, դիմել բոլոր աշխատանքային օրերին, ինչպես նաև հետևել մեր ֆեյսբուքյան էջին. սիրով կպատասխանենք բոլոր հարցերին և նամակներին:
Շնորհակալ եմ Մարթա, հետաքրքիր և ինֆորմատիվ հարցազրույցի համար: Ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ենք մաղթում: Doctors.am թիմը ևս ինտենսիվ կերպով կհետևի կազմակերպության նորություններին և սիրով կլուսաբանենք դրանք:
Ես ևս շնորհակալ եմ: