«ՄեդԷքսպրեսս»  բժշկական կենտրոնի գործունեության, մատուցվող ծառայությունների, կենտրոնի գնային և սկզբունքային քաղաքականության մասին Doctors.am-ին պատմում է կենտրոնի հիմնադիր-տնօրեն, բ.գ.թ. Գարեգին Պետրոսյանը:

 

Բժշկական ինչպիսի՞ օգնություն կարելի է ստանալ «ՄեդԷքսպրեսս» բժշկական կենտրոնում: Ի՞նչ ծառայություններ են այստեղ մատուցվում:

Մեզ մոտ այցելուն կարող է ստանալ ախտորոշիչ, լաբորատոր և բժշկական հետևյալ ծառայությունները հետևյալ մասնագիտություններով՝ սրտաբանություն, ակնաբուժություն, էնդոկրինոլոգիա, գինեկոլոգիա, նյարդաբանություն: Սրանք այն հիմնական, պահանջված մասնագիտություններն են, որոնք մեզ մոտ մատուցում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Կլինիկայում առկա է նաև բազմապրոֆիլ լաբորատորիան, որ գործում է հինգ ուղղություններով:

Գիտենք, որ կենտրոնում առկա է նաև գենետիկ հիվանդությունների ախտորոշիչ լաբորատորիան, ինչը կարելի է եզակի համարել: Մանրամասնե՛ք խնդրեմ՝  ի՞նչ է սա իրենից ներկայացնում:

Իսկապես, սա հաճախ հանդիպող երևույթ չէ: Կան հետազոտություններ, որ իրականացվում են միայն մեր կլինիկայում: Օնկոգենետիկայի լաբորատորիան հնարավորություն է տալիս հայտնաբերել օրինակ կնոջ նախատրամադրվածությունը կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղային հիվանդությունների նկատմամբ: Գենետիկ նախատրամադրվածությունը կնոջ մոտ մինչև 80 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կարելի է ասել, որ սա բավական արդյունավետ կանխարգելիչ հետազոտություն է:

Այս լաբորատորիայում իրականացվում է նաև սեռավարակների հայտնաբերման հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել միանգամից 13-14 սեռավարակներ, որոնց առանձին հետազոտությունը բավական թանկ արժե: Քսուքի նմուշ վերցնելով, մի քանի ժամվա ընթացքում ստանում ենք արդյունքները, վարակների  առկայությունը, տոկոսայնությունը և այլն:

Հիվանդությունների հայտնաբերման դեպքում՝ տեղում իրականացվու՞մ է արդյոք բուժում:

Այո, մենք ունենք գինեկոլոգիական կաբինետ՝ հագեցած վիդեոկոլպոսկոպիայով: Այս սարքավորման միջոցով կինը կարող է մեծ էկրանի վրա տեսնել հետազոտության ողջ ընթացքը: Այս կերպ խուսափում ենք նաև  ''կեղծ'' դիագնոստիկայից:

Ո՞րն է կենտրոնի առավելությունը: Ինչու՞ ընտրել «ՄեդԷքսպրեսս» -ը:

Ցանկացած դեպքում, ես անչափ կարևորում եմ բժշկի դերը: Ժամանակակից սարքավորումները, մեթոդներն իհարկե բավական կարևոր են, սակայն հմուտ, գրագետ մասնագիտական օգնությունն անփոխարինելի է: Ինքս, ավելի քան 35 տարի աշխատելով այս ոլորտում, փորձել եմ հավաքել իսկապես լավ բժշկական անձնակազմ: Դա կարող եմ համարել առավելություն և հաջողության գրավական:

Լինու՞մ են դեպքեր, երբ Դուք անձամբ զրուցում եք պացիենտի հետ, լսում գանգատները, ուղղորդումորոշակի օգնություն ցուցաբերում:

Իհարկե, նման դեպքեր լինում են: Հաճախ պացիենտները, կլինիկա գալով, դեռ կողմնորոշված չեն լինում, թե իրենց ի՞նչ մասնագետ է հարկավոր, չեն պատկերացնում՝ ում դիմել: Նման դեպքերում պատահում է, որ ես անձամբ ուղղորդում եմ: Կամ եթե որևէ դեպք առնչություն է ունենում իմ մասնագիտացման հետ (վիրաբուժություն) , ևս պատրաստակամ եմ օգնել: Կարևորում եմ մարդկային մոտեցումը:

Կարևոր է, որ բժշկական կենտրոնի ղեկավարն առաջնորդվի ոչ միայն տնտեսական շահով:

Կենտրոնում մատուցվող ծառայությունները հասանելի՞ են արդյոք լայն զանգվածների համար:

«ՄեդԷքսպրեսս»-ն առաջնորդվում է մրցակցային գների սկզբունքով: Գնային սանդղակը կարող եմ բնութագրել որպես միջին և նույնիսկ միջինից ցածր: Կարևորն այս դեպքում որակ-գին ճիշտ հարաբերակցությունն է: Մեր քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչներից է հասարակությանը հասանելի  լինելը:

Համագործակցու՞մ եք այլ կենտրոնների կամ մասնագետների հետ:

Այո, ունենք համագործակցություն և՛ կլինիկաների, և՛ բժիշկների հետ՝ հատկապես լաբորատորիայի մասով: Գիտենք, որ ոչ բոլոր կենտրոնները կարող են զինված լինել բազմապրոֆիլ լաբորատոր սարքավորումներով: Սակայն, իհարկե, այն գործում է նաև որպես առանձին լաբորատորիա, և պացիենտը կարող է դիմել անմիջապես լաբորատոր ծառայությունների համար (տեղում հանձնել անալիզներ, նմուշը բերել ստուգման և այլն):

 

Ո՞րն է «ՄեդԷքսպրեսս» -ի աշխատանքի սկզբունքը: Ինչո՞վ եք առաջնորդվում:

Կարծում եմ, որ կարևորագույն սկզբունքն անկեղծությունն ու անհատական մոտեցումն է յուրաքանչյուր պացիենտին: Իսկ կենտրոնն առաջնորդվում է մի պարզ բանաձևով՝ հարկավոր են լավ մասնագետներ, ճշգրիտ ախտորոշում և բժշկական ոլորտի նորարարությունների կիրառում՝ արդյունավետ բուժման համար: Այս ամենի համակցումով փորձում ենք օգնել ՝ ստանալ որակյալ և արդյունավետ բժշկական օգնություն:

 

 

Հարցազրույցը՝ Ամալյա Գրիգորյանի

Աղբյուրը՝ Doctors.am