Հաշված օրեր են մնացել ամանորյա եռուզեռին: Շուտով կսկսվեն տոները՝ շատերին բերելով ուրախ տրամադրություն, ոմանց էլ՝ սթրես, ավելորդ լարվածություն եւ մրցավազք, թե ում սեղանն ավելի ճոխ կլինի:

Doctors.am-ը զրուցել է սննդաբան Լիդիա Այվազյանի հետ, որը ներկայացնում է խորհուրդներ, թե ինչպես անցկացնել Ամանորը՝ առանց առողջությունը վնասելու:

1. Թունավորվելու մեծ հավանականություն

Եթե ուտելիքը թողնենք սեղանին, ապա թունավորվելու հավանականությունը կարող է առաջանալ երկրորդ օրն իսկ: Մայոնեզով, թթվասերով համեմված աղցանները 20 եւ ավելի աստիճան ջերմության պայմաններում մի քանի ժամում կարող են փչանալ: Առհասարակ, սեղանին չի կարելի թողնել որեւէ ուտեստ, սակայն եթե ցանկությունը շատ մեծ է, ապա գոնե պետք է բավարարվել միայն աղանդերը թողնելով՝ շոկոլադ, մրգեր, ընկուզեղեն: Շատ հաճախ սեղանին որպես աղանդ են թողնում նաեւ տորթերը, խմորեղենը, որոնք կաթնամթերք են պարունակում (կարագ, սերուցք, թթվասեր) եւ նույնպես շատ արագ կարող են փչանալ: Մի քանի ժամում դրանց մեջ ստեֆիլակոկերի կուլտուրաները կարող են այնքան շատանալ, որ մարդու համար դառնան թունավոր:

2. Անընդհատ ուտելու ցանկություն

Ամանորյա սեղանների հաջորդ բացասական կողմն այն է, որ մարդն անընդհատ ուտում է, քանի որ աչքի առաջ դրված է: Եվ ուտում է ամենակալորիական բաները: Նույնիսկ ընդեղենը, որն օգտակար է եւ շատ կարեւոր ճարպաթթուներ է պարունակում, մեզ կարող է ավելորդ կիլոգրամներ «նվիրել», քանի որ դրանց 100 գրամում 600-700 կիլոկալորիա կա:

Անընդհատ ուտելու ցանկությունը ոչ միայն կարող է գիրացման պատճառ դառնալ, այլեւ երեխաների եւ մեծահասակների շրջանում ատամի էմալի փչացման եւ կարիեսի առաջացման: 
Երբ մենք ուտում ենք, բերանում թուք է արտադրվում, որն այդքան էլ օտակար չէ էմալի համար, ուստի խորհուրդ չի տրվում անընդհատ ուտել: Իհարկե, ճիշտ է քիչ եւ հաճախակի ուտելը, բայց այդ հաճախակին չպետք է լինի հինգ րոպեն մեկ, այլ 2-3 ժամ տարբերությամբ: Սա հատկապես երեխաներին է վերաբերում, որոնք հինգ րոպեն մեկ կարող են վազել սեղանի մոտ, արագ մի բան գցել բերանը եւ գնալ: Եթե մեծերը կարող են իրենց վերահսկել, ապա երեխաների դեպքում հնարավոր է չկարողանան: Այդ իսկ պատճառով սեղանի վրա ցանկալի չէ թողնել ոչ միայն այն մթերքը, որն արագ կարող է փչանալ բարձր ջերմաստիճանի պայմաններում, այլեւ քաղցրեղենը, անգամ չրերը, որոնք մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Գլյուկոզան, ընկնելով ատամների արանքը, նպաստում է բակտերիաների զարգացմանը, ինչն էլ հետագայում կարող է կարիես առաջացնել:

3. «Մի հատ մեր բլինչիկից կեր» կամ էթիկայի բացակայություն

Ամանորի օրերին շատ վատ սովորություն կա մեզանում՝ հյուրին ստիպել անպայման ուտել սեղանին դրված որեւէ բան: Շատ ժամանակ մարդիկ չեն հասկանում, որ չուտելու համար դիմացինն ունի իր պատճառները, եւ երբեմն դրանք կարող են կապված լինել առողջական խնդիրների հետ, որոնք մարդը պարզապես չի ցանկանում ի լուր աշխարհի հայտնել:
Օրինակ՝ մարդն ունի շաքարային դիաբետ, եւ նրան քաղցր չի կարելի, կամ լակտոզայի անտանելիություն ունի, չի կարողանում կաթնամթերք մարսել, կամ գլյուտենի նկատմամբ անտանելիություն ունի եւ չի ուտում գլյուտեն պարունակող ուտեստներ, կամ լյարդի հետ կապված խնդիրեր կան, չի կարող ալկոհոլ օգտագործել կամ պարզապես առողջ սննդակարգի է հետեւում…Պետք չէ Ձեր բլինչիկից անընդհատ հյուրասիրել մարդուն: Գուցե դրա մեջ պարունակվող ալյուրը կամ առհասարակ տապակած ոչինչ չի կարելի:

Այստեղ կարող է հարց առաջանալ՝ «իսկ ո՞ւր մնաց ինքնազսպումը»…
Դժվար է ինքնազսպում ունենալ, երբ արդեն կա խնդիր կամ հիվանդություն: Օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում քաղցրի մեծ պահանջ կա, որովհետեւ ինսուլինն այնքան է պակասեցնում գլյուկոզայի քանակն արյան մեջ, որ ենթագիտակցությունը սկսկում է պահանջել այդ քաղցրը: Կամ ճարպակալում ունեցող մարդանց, որոնք առանց այդ էլ շատ են ուտում, քանի որ ավելի շատ էներգիայի կարիք ունեն, Դուք չեք կարող ասել՝ «զսպիր քեզ», դա սխալ է: Ընտանիքը, ընկերները, աշխատանքային կոլեկտիվը պետք է աջակցեն մարդուն, ոչ թե մի բան էլ հոգեբանորեն ճնշեն, քանի որ երբեմն լինում է, որ գործի են դնում նեղանալու, վիրավորվելու մեթոդը, որպեսզի մարդ հանկարծ չփորձվի հրաժարվել իրենց բլինչիկից:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը