Սոնոգրաֆիան (ուլտրաձայնային հետազոտություն) ինֆորմատիվ, անվնաս եւ մատչելի հետազոտություն է: ՈւՁՀ-ն կարելի է կատարել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ անհատական ցանկությամբ:
ՈւՁՀ-ն հնարավորություն է տալիս հետազոտել որովայնի խոռոչի եւ հետորովայնամզային տարածության օրգանները, փոքր կոնքի օրգանները՝ տրանսաբդոմինալ, տրանսվագինալ, վահանաձեւ գեղձը, կրծքագեղձը, փափուկ հյուսվածքները, լիմֆատիկ համակարգը, հղիությունը, հոդերը, պերիֆերիկ նյարդերը:

ՈՒՁՀ-ի ժամանակ պացիենտի մաշկը պատում են հատուկ գելով, քանի որ ուլտրաձայնն օդի միջոցով մարդու մարմին անցկացնելը գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով կարիք կա լրացուցիչ կոնտակտային քսայուղերի: Ժելեանման գելերը միանգամայն անվնաս են եւ չեն առաջացնում ալերգիաներ:

«Ուիգմոր Քլինիքի» ճառագայթաբան Մարգարիտա Ներսիսյանը ներկայացնում է  ուլտրաձայնային հետազոտության վերջին տեխնոլոգիաները՝ նյարդերի եւ հոդերի սոնոգրաֆիան:

Մինչ օրս նյարդերի հետազոտության միակ միջոցը համարվում էր էլեկտրոնեյրոգրաֆիան, սակայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով եւս կարող ենք ախտորոշել նյարդերի հետ կապված խնդիրներ: Նման հետազոտությունը լայն տարածում ունի Եվրոպայում, սակայն Հայաստանում վերջերս են սկսել կիրառել: 

ՈՒՁՀ-ի ժամանակ հետազոտվում են ստորին վերջույթների նյարդերը եւ վերին վերջույթների երեք նյարդերը՝ ռադիալիս, մեդիանուս եւ ուլնարիս:

Մեդիանուս նյարդի ախտահարման ժամանակ հիվանդները գանգատվում են առաջին, երկրորդ եւ երրորդ մատների ծակոցից, թմրածությունից, այրոցի զգացումից, ցավերից (վերջինն ավելի հաճախ գիշերային ժամերին է արտահայտվում), իսկ ուլնարիսի վնասման ժամանակ այս նույն գանգատները զգացվում են չորրորդ եւ հինգերորդ մատներին:
Ռադիալիսի վնասվածքները հիմնականում առաջանում են տրավմաներից հետո:

Ի դեպ, ՈՒՁՀ-ը թույլ է տալիս նկատել նաեւ նյարդերում նորագոյացությունների առկայությունը:

Հոդերի հետազոտություն

Հոդացավերն ամենատարածված գանգատներից են, որոնք ստիպում են հիվանդներին հետազոտվել, իսկ հետազոտման արդյունավետ տարբերակներից է ուլտրաձայնային հետազոտությունը:

ՈՒՁՀ-ի միջոցով կարելի է ուսումնասիրել՝

✔ուսահոդերը
✔արմնկային հոդերը
✔ճաճանչ-դաստակային հոդերը
✔կոնքազդրային հոդերը
✔ծնկան հոդերը
✔սրունք-թաթային հոդերը

Վերջին տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է կատարել ուսահոդի ուլտրաձայնային հետազոտություն, որը համարվում է շատ ինֆորմատիվ մեթոդ: ՈւՁՀ-ի միջոցով կարելի է հետազոտել ջլերը, կապանները, մկանները, հոդաշապիկը, սինովիալ պարկերը:

Ուսահոդի հիվանդություններից է համարվում տենդինիտը՝ ջլերի բորբոքումը: Հիվանդները գանգատվում են ուսահոդի ցավերից, որը կարող է լինել նաեւ գիշերը, ձեռքի շարժումների սահմանափակումից: Պատճառներն են՝

  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը հաճախ հանդիպում է մարզիկների մոտ
  • ռեւմատոիդ արթրիթ
  • օսթեոպորոզ
  • էնդոկրին հիվանդություններ

Հիշեք, որ ժամանակին արված ՈւՁՀ-ն թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները՝ դրանց զարգացման վաղ փուլում եւ նշանակել համապատասխան բուժում:


Աղբյուրը՝ Doctors.am
Պատրաստեց Շուշան Շատիկյանը