Փոխնակ մոր ծառայությունը Հայաստանում գնալով ավելի պահանջված է դառնում: Ընդ որում՝ դիմում են ոչ միայն մեր երկրում ապրող զույգերը, այլեւ արտասահմանից: Օրինակ՝  Պտղաբերության կենտրոն (Fertility Center) են դիմել ավելի քան  20 երկրից զույգեր: 

«Փոխնակ մոր ծառայության պահանջարկը կա, մենք հիմա էլ փնտրում ենք փոխնակ մայրերի: Դիմողներ, իհարկե, կան, պարզապես 10-ից միայն մեկը կարող է համապատասխանել բոլոր չափանիշներին», -ասում է կենտրոնի գինեկոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը:

Իսկ որո՞նք են այդ չափանիշները. Doctors.am-ը փորձել է ստանալ այս եւ այլ հարցերի պատասխաններ:

1. Ե՞րբ եւ ինչո՞ւ են դիմում փոխնակ մոր ծառայությանը:

Փոխնակ մոր ծառայությանը դիմում են հետևյալ դեպքերում՝

  • Արգանդի բացակայություն (բնածին կամ ձեռքբերովի):
  • Զարգացման բնածին արատների և հիվանդությունների հետևանքով արգանդիխոռոչի կամ վզիկի դեֆորմացիա:
  • Արգանդի սինեխիաներ, որոնք բուժման ենթակա չեն:
  • Արտասեռական եւ սեռական պաթոլոգիաներ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է կամ անհնարին:
  • ԱՄԲ անհաջող փոձեր, երբ լավ որակի սաղմերի տեղադրման արդյունքում հղիանալ   չի հաջողվել:

2. Ի՞նչ  չափանիշների պետք է համապատասխանի փոխնակ մայրը:

Փոխնակ մայրը պետք է համապատասխանի հետեւյալ չափանիշներին՝

  • ֆիզիկական եւ հոգեկան առողջություն,
  •  տարիքը՝ 18-ից 35 տարեկան,
  •  սեփական առողջ երեխայի առկայություն,
  • ցանկալի է ծննդաբերած լինի բնական ճանապարհով կամ ոչ ավել քան 2 կեսարյան հատում,
  • արհեստական ընդհատումներ արված չլինի։  

3. Ի՞նչ հետազոտություններ պետք  է անցնի փոխնակ մայրը:

Նախեւառաջ, փոխնակ մայրը պետք է բերի քաղվածք հոգեբուժարանից եւ նարկոդիսպանսերից, որ պրակտիկորեն առողջ է եւ հաշվառված չէ։ Երբ արդեն ընտրում ենք փոխնակ մորը, առաջին ամիսը հետեւում ենք արգանդի լորձաթաղանթի վիճակին, ձվարանների ֆունկցիային, հորմոնների վիճակին, այնուհետ երկրորդ ամսում կատարում ենք մի շարք հետազոտություններ՝ սոմատիկ անամնեզի մասին քաղվածք պոլիկլինիկայից, ինֆեկցիաների, արյան եւ մեզի հետազոտություն, ընդհանուր բիոքիմիական, արյան մակարդելիության, անհրաժեշտ բոլոր օրգանների ՈՒՁՀ՝ վահանաձեւ գեղձ, կրծքագեղձ, որովայն, օնկոմարկերներ, էլեկտրասրտագրություն, եւ երբ նկատում ենք, որ կինը պատրաստ է  կրելու էմբրիոնը, իրականացնում ենք գործընթացը:                                                                                            

Մինչեւ 12 շաբաթականը փոխնակ մայրը մեր կենտրոնում հսկողության տակ է պահվում, իսկ դրանից հետո ուղեգրում ենք արդեն մասնագիտացված կենտրոն, որտեղ նա պետք է հետագայում ծննդաբերի:

4. Ինչպե՞ս է իրականացվում բեղմնավորումը:

Արտամարմնային բեղմնավորման մի քանի տարբերակ կա: Ամենադասականը՝ վերցվում է զույգի՝ կնոջ ձվաբջիջն ու ամուսնու սերմը, պատրաստվում է էմբրիոն եւ տեղադրվում փոխնակ մոր արգանդի մեջ:

Մյուս տարբերակը, եթե, օրինակ, կինը ձվաբջիջ չունի, իսկ ամուսինն ունի սերմ,ապա ամուսնու սերմով եւ դոնորական ձվաբջջով է պատրաստվում էմբրիոնը:

5. Պարտադի՞ր է, որ փոխնակ մայրը  երեխային լույս աշխարհ բերի կեսարյան ճանապարհով:

Եթե փոխնակ մայրն իր առաջին երեխային ծննդաբերել է բնական ճանապարհով, ապա արտամարմնային բեղմնավորումը ցուցում չէ, որ երեխան լույս աշխարհ գա կեսարյան հատման եղանակով: 

6. Արդյոք երեխան կարո՞ղ է ինչ-որ բան ժառանգել փոխնակ մորից:

Ոչ, փոխնակ մորից երեխային ոչինչ չի անցնում: Փոխնակ մոր արգանդը ծառայում է որպես պարկ՝ պտուղը կրելու համար: Ծննդաբերությունից հետո իրականացվում է ԴՆԹ թեստավորում, որն ապացուցում է, որ երեխան 99,9% հավաստիությամբ փոխնակմորինը չէ:

7. Որքա՞ն արժե փոխնակ մոր ծառայությունը Հայաստանում:

Մինիմալ վճարը, որը ստանում է կինը փոխնակ մայր լինելու դիմաց, կազմում է 10 հազար դոլար,սակայն հնարավոր է՝ զույգը ցանկանա ավելի շատ վճարել: Եթե բեղմնավորման արդյունքում զույգ է ստացվում, ապա փոխնակ մայրը 2-3 հազար դոլար ավել է ստանում: Բացի այդ, ամուսինները փոխնակ մորն ամսական 100 հազար դրամ են վճարում, որպեսզի երեխան ստանա անհրաժեշտ սնունդ եւ վիտամիններ:


Աղբյուրը՝  Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը