Օլիգոֆրենիա անվանումը նշանակում է սակավամտություն կամ մտավոր հետամնացություն։

 

է. Կրեպելինի առաջարկած (1915թ.) օլիգոֆրենիա անվան տակ հասկացվում էր տարբեր ախտապատճառներից առաջացած, սակայն համեմատաբար միանման կլինիկական պատկեր ունեցող ախտաբանական վիճակ, որը հիմնականում արտահայտվում էր բանականության հետամնացությամբ։

 

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները բազմաթիվ են ու բազմազան։ Դրանց շարքն է դասվում ներարգանդային շրջանում պտղի գանգուղեղի ախտահարումը, որի պատճառ կարող են հանդիսանալ ծանր տոքսիկոզները, տոքսոպլազմոզը, կարմրախտը, ռեզուս անհամատեղելիությունը և այլն։ Կարևոր պատճառներ են նյութափոխանակության խանգարումները, ծնողների ալկոհոլամոլությունն ու սիֆիլիսը, քրոմոսոմային անոմալիաները, միկրոցեֆալիան, հիդրոցեֆալիան։ Նշանակություն ունեն նաև ծննդաբերական ասֆիքսիան ու վնասվածքները, հետծննդյան շրջանի առաջին ամիսների և նույնիսկ առաջին տարիների կրած ինֆեկցիաները (մենինգիտ, էնցեֆալիտ), ինտոքսիկացիաները, գանգուղեղային վնասվածքները և այլն։

 

Մտավոր հետամնացության առաջին նշանները ի հայտ են գալիս երեխայի կյանքի ամենավաղ շրջանից սկսած։ Դիտվում է ֆիզիկական և հոգեկան ուշացած ու դանդաղ զարգացում, ֆիզիկական արատներ, նյարդաբանական կոպիտ ախտանշաններ, ցնցումային նոպաներ և այլն։ Ըստ ծանրության օլիգոֆրենիան բաժանվում է երեք աստիճանի խոր (ապուշություն, իդիոտիա), միջին (իմբեցիլություն) և թեթև (դեբիլություն

 

Ապուշությունը հաճախ զուգակցված է լինում ֆիզիկական արատներով, խոսքը բացակայում է, հիվանդները միայն անորոշ ձայներ են արձակում, կատարում են միօրինակ շարժումներ (անընդատ ճոճվում հոգեբուժություն են և այլն), հակված են աֆետիվ պոռթկումների, բղավում են, կծոտում իրենց ձեռքերը, ճանկռոտում դեմքը։ Բայց սովորաբար ապուշները պասիվ են, շրջապատի երևույթներին համապատասխան ռեակցիա տալու անընդունակ։

 

Իմբեցիլություն, իմբեցիլների բառապաշարը շատ աղքատ է (մինչև 200-300 բառ), խոսում են բառերը հաճախ սխալ արտասանելով, դանդաղամիտ են, մտածողությունը պարզունակ է ու կոնկրետ առարկայական։ Վերացական մտածողությունը բացակայում է, գիտելիքները սահմանափակ են, հաշվել չեն կարողանում, գույները չեն տարբերում, իրերի և առարկաների էությունն ու նպատակը չեն հասկանում։

 

Իմբեցիլները կարող են ցուցաբերել որոշակի հուզականություն, կապված են հարազատներին, իրենց խնամողներին։ Իմբեցիլները ինքնուրույն կյանք չեն կարող վարել, մշտական հսկողության ու խնամքի կարիք ունեն։ Նրանց մոտ երբեմն հնարավոր է որոշ կենցաղային ունակություններ մշակել (ինքնուրույն բնական կարիքները հոգալ, հասարակ ֆիզիկական աշխատանք կատարել հսկողության տակ)։

 

Դեբիլություն՝ այստեղ բառապաշարը համեմատաբար ավելի մեծ է, խոսքը՝ աղքատ, քիչ արտահայտիչ։ Նման երեխաները հանրակրթական դպրոցների նույնիսկ տարրական դասարաններում շատ թույլ են սովորում, հաճախ կրկնում դասարանները։ Համեմատաբար լավ մեխանիկական հիշողություն ունենալու շնորհիվ հասարակ թվաբւսնական գործողությունները (գումարում, հանում) կարողանում են կատարել, սակայն մտածողությունը կոնկրետ է, ասացվածքների և առածների իմաստը դժվարությամբ են հասկանում։

 

Այդուհանդերձ դեբիլները հաճախ ցուցաբերում են ջանասիրություն, որը և օգնում է նրանց որևէ արհեստ ձեռքբերելու։ Կենցաղային ոչ բարդ հարցերում նրանք վատ չեն կողմնորոշվում, հատկապես թեթև դեբիլները։ Նրանք կարող են ինքնուրույն կայնք վարել, ֆիզիկական աշխատանքով զբաղվել, արհեստ ձեռք բերել, ակտիվ ձևով հարմարվել շրջապատի միջավայրին, ամուսնանալ, ընտանիք կազմել։

 

Դեբիլները բնավորությամբ ներշնչվող են, շուտ ընկճվող ու նեղացկոտ։ Չնչին առիթներից կարող են բռնկվել, ագրեսիվ արարքներ կատարել։