Մայիսի 27-28-ին Երևանում՝ Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնում նախատեսվում է իրականացնել «Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային երկօրյա համաժողովը:

Համաժողովի նպատակն է առավելագույնս ինտեգրատիվ գիտական ծրագրի միջոցով ՄՌՏ ոլորտի համաշխարհային նվաճումները հասու դարձնել համաժողովի մասնակիցներին, կիրառել դրանք ստիմուլյացիոն և կրթական նպատակներով:

«Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» համաժողովի մանրամասներն իմանալու համար Doctors.am-ը զրուցեց միջոցառումների համակարգող, սրտաբան, բ.գ.դ. պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի հետ:

Բժիշկ Սիսակյան, ու՞մ է պատկանում երկօրյա համաժողովի նախաձեռնությունը:

Համաժողովի նախաձեռնությունը 1-ին համալսարանական կլինիկայինն է:  Մեր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ ծառայության հնարավորությունների ընդլայնումը, նոր սարքի և համագործակցության նոր կապերի ձեռքբերումը ԱՄՆ-ի Ջեֆերսոնի համալսարանի Ռադիոլոգիայի կենտրոնի հետ, նպաստեցին նրան, որ կարողանանք զանգվածային կերպով լուսաբանել այս հնարավորությունները ինչպես բժիշկների, այնպես էլ ազգաբնակչության համար:

Ինչպես տեղեկացանք, սրտի առաջին ՄՌՏ հետազոտությունը հենց ձեր կլինիկայում է իրականացվել: Այսօր արդեն ծառայությունների շրջանակն ինչպիսի՞ն է, ի՞նչ նոր հնարավորություններ ունեք ՄՌՏ ոլորտում:

Այո, ճիշտ է: Մեր ձեռք բերած նոր սարքավորումը հնարավորություն է ընձեռում կատարել նաև փափուկ հյուսվածքների, հոդերի, սիրտ-անոթային համակարգի ՄՌՏ հետազոտություններ՝ որակապես նոր, ավելի բարձր մակարդակով իրականացնել գլխուղեղի և նյարդային համակարգի ՄՌՏ հետազոտություններ, իրականացնել նյարդային ուղիների կառուցվածքային գնահատումը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ մեթոդով:

Ըստ Ձեզ, համաժողովի թեման այսօր որքանո՞վ է արդիական: Ինչպե՞ս կգնահատեք մասնագիտական ներուժը մեր երկրում:

Մեր մասնագետների հնարավորությունները կարող եմ գնահատել բավարար-լավ, սակայն բժշկությունն այնպիսի մասնագիտություն է, որ մշտապես, ամբողջ կյանքի ընթացքում պետք է սովորել և վերապատրաստվել: Մեր համաժողովը հենց այդ նպատակը և առաքելությունն ունի՝ վերապատրաստել և նոր գիտելիքներով զինել տեղացի մասնագետներին: Հրավիրել ենք բանախոսներ Եվրոպայից, ովքեր այնտեղ բավական մեծ համբավ ունեն: Ցանկությունս է, որ ՄՌՏ-ի այն ուղղությունները, որոնք նոր են մեզ համար, հրավիրված բժիշկների փորձի և գիտելիքների օգնությամբ լուսաբանվեն, և այդ ամենը կարողանանք հաջողությամբ կիրառել մեր պրակտիկայում, ստանալ շատ ավելի բարձր մակարդակի ախտորոշում:

Ինչպես հասկացանք, համաժողովի ընթացքում նախատեսվում է ակտիվ հարցուպատասխան, կլինիկական դեպքերի քննարկում, փորձի և կարծիքների փոխանակում: Իսկ ըստ Ձեզ՝ հյուրերը նոր բան ունե՞ն ներկայացնելու մեր բժիշկներին:

Սպասելիքներ ունենք, որ նրանք կներկայացնեն մեզ համար նոր տեղեկատվություն, որը օգտակար կլինի մեր աշխատանքում : Կարևոր փաստ է, որ հրավիրված մասնագետները միայն ռադիոլոգներ չեն:

Գործնական բժիշկները ոչ միշտ ունեն ճիշտ պատկերացում, թե ՄՌՏ այս կամ այն հետազոտությունը ի՞նչ նպատակ է հետապնդում և ախտորոշիչ ի՞նչ նշանակություն ունի: Մեր նպատակն է, որ տարբեր պրոֆիլի մասնագետները ավելի լավ պատկերացում ունենան մեթոդի վերաբերյալ: Համաժողովն ունի կրթական նշանակություն:

Իմ ոլորտի մասին խոսելով կարող եմ ասել, որ օրինակ շատ սրտաբաններ նույնիսկ տեղեկացված չեն և չեն պատկերացնում սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ մեթոդի կլինիկական նշանակությունը:

Ինչպիսին է մասնագիտական շրջանակը: Ովքե՞ր կարող են մասնակցել համաժողովին:

Հմաժողովը մեծամասամբ նախատեսված է ռադիոլոգների համար: Սակայն իրենց աշխատանքային գործընթացում կիրառելի շատ օգտակար գիտելիքներ կարող են ստանալ նաև թերապևտները, ընտանեկան բժիշկները, սրտաբանները, վնասվածքաբանները, նյարդաբանները…

Սպասու՞մ եք մասնակից-բժիշկների ՀՀ մարզերից: Կարո՞ղ են մասնակցություն ունենալ նաև բժիշկ ուսանողները և օրդինատորները:

Իհարկե, խրախուսելի է հնարավորինս շատ բժիշկների մասնակցությունը նաև մեր մարզերից: Հուսամ, որ նաև ձեր լուսաբանման շնորհիվ շատ կդիմեն մարզային բժիշկներ:

Ուրախ կլինենք ներկաների շարքում տեսնել նաև մոտիվացված, թեմայով հետաքրքրված բարձր կուրսերի ուսանողների, ովքեր նպատակ ունեն այս ուղղությամբ շարունակել ուսումը, նաև, իհարկե, կլինիկական օրդինատորների:

Որո՞նք են Ձեր սպասելիքները երկօրյա համաժողովից:

Հույս ունենք, որ հրավիրված առաջադեմ մասնագետները կներկայացնեն նորություններ, որոնք կբարելավեն մեր աշխատանքի որակը:

Սա այս ուղղվածությամբ առաջի՞ն համաժողովն է Հայաստանում:

Կարելի է ասել, որ այս ձևաչափով, այո, առաջին մեծածավալ համաժողովն է, քանի որ նախկինում մեր բժիշկների համար դեռևս չի ներկայացվել օրինակ սրտի ՄՌՏ-ն, ունենալու ենք նաև այլ նեղ մասնագետների զեկույցներ:

Դուք ևս զեկույց ներկայացնելու՞ եք:

Այո, իհարկե: Լինելու է հետաքրքիր դեպքի նկարագրություն:

Մուտքը համաժողովին վճարովի՞ է:

Ոչ, մուտքն ազատ է լինելու: Փորձել ենք այնպես անել, որ  տեղեկատվությունը հնարավորինս հասանելի լինի բոլորին և ով հետաքրքրված է՝ կարողանա մասնակցություն ունենալ և նոր գիտելիքներ ձեռք բերել:

Որպես ամփոփում, ո՞րը լինի Ձեր խոսքն այն մասնագետներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել:

Մեր համաժողովի անվանումը հենց համապատասխանում է բովանդակությանը. այն գործնականում կիրառելի գիտելիքներ պետք է տա պրակտիկ բժշկին: Ներկայում, ցավոք, միշտ չէ, որ հանդիպում ենք թերապևտների, սրտաբանների և այլ մասնագետների, ովքեր լիարժեք տիրապետում են պարակլինիկական մեթոդների ճիշտ կիրառմանը: Հուսանք, որ այս համաժողովը ևս մեկ քայլ կլինի դեպի մեր բժիշկների մասնագիտական զարգացում և նոր գիտելիքներով կզինի նրանց:

Հիշեցնենք, որ մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց մասնակցությունը ինչպես զանգահարելով (055 78 00 67), այնպես էլ՝  ԳՐԱՆՑՎԵԼ ԱՌՑԱՆՑ:

Հաստատել մասնակցությունը ֆեյսբուքով:


Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am
6 մայիսի, 2016