Առողջապահական ցուցումներով կրծքի հեռացումը կանանց հաճախ դատավճիռ է թվում.. համարում են, որ կորցրել են կանացի գրավչությունը, իրենց կիսատ և նույնիսկ հաշմանդամ են զգում: Բարեբախտաբար, պլաստիկ վիրաբուժությունն այսօր զարգացել է և հնարավոր  վերականգնել կրծքի նախկին տեսքը: Կրծքի վերականգնման ցուցումների, եղանակների մասին խոսել ենք պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանի հետ:

Կրծքի հեռացումից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է իրականացնել կրծքի վերականգնում:

    Հնարավորության դեպքում կրծքի վերականգնումն իրականացվում է միանգամից նույն վիարահատության ժամանակ, այսինքն՝ ուռուցքի հեռացումից հետո, միանգամից նույն միջամտության ընթացքում կատարվում է կրծքի վերականգնում այս կամ այն մեթոդի կիրառմամբ։


Առավել հաճախ կատարվում է այսպես կոչված մաշկ և պտուկ պահպանողական վիրահատություն, որի ժամանակ կիրառելով սիլիկոնային իմպլանտ միանգամից վերականգնվում է կուրծքը։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս կնոջը զերծ մնալ հետվիրահատական հոգեբանական դժվար ընթացքից, քանզի կուրծքը վերականգնված է լինում և մեկ փուլով իրականացվում է թե՛ ուռուցքի հեռացումը և թե կրծքի վերականգնումը։


    Այն դեպքերում, երբ ինչ-որ պատճառով հնարավոր չէ միանվագ վերականգնել կրծքագեղձը, իրականացվում է կրծքի վերականգնում ճառագայթային և քիմիոթերապևտիկ բուժման ավարտից հետո։
    Բոլոր դեպքերում ժամանակակից պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մեթոդները հնարավորություն են տալիս որպեսզի կինը ունենա կուրծք անգամ եթե այն ամբողջությամբ հեռացվել է ուռուցքային հիվանդության պատճառով։

Կրծքի վերականգնման ի՞նչ եղանակներ գոյություն ունեն և մեթոդներից յուրաքանչյուրն ի՞նչ առանձնահատկություն և ցուցումներ ունի:

Կրծքագեղձի վերականգնման համար կիրառվում են հետևյալ մեթոդները․
•    Վերականգնում սիլիկոնային իմպլանտի կիրառմամբ 
•    Վերականգնում սեփական մկանաշակային լաթերի տեղափոխմամբ
•    Վերականգնում լիպոֆիլինգի միջոցով
•    Մեթոդների զուգակցում

Որքա՞ն է տևում վերականգնման շրջանը և ինչպե՞ս պետք է պահպանել ստացված արդյունքը:

Կախված կիառվող մեթոդի յուրահատկություններից վերականգնման շրջանը կարող է լինել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Որպես կանոն ստացված արդյունքը լինում է կայուն և պահպանվում է տարիներ շարունակ։
Որոշ մեթոդների դեպքում նախատեսվում է փուլային բուժում, օրինակ պտուկի վերականգնում մի քանի ամիս անց։

Կրծքի հեռացումից հետո ո՞ր դեպքերում հնարավոր չէ իրականացնել կրծքի վերականգնում: 

Բացառիկ դեպքերում, երբ կնոջ ընդհանուր առողջական վիճակը և սիրտ-անոթային, էնդոկրին և այլ համակարգերի կողմից կան խիստ արտահայտված շեղումներ հնարավոր է լինեն որոշակի հակացուցումներ կրծքագեղձի վերականգնման համար։ Սակայն նշված ցուցանիշները վերականգնելուց հետո նորից կարելի է նախաձեռնել կրծքի վերականգնման վիրահատություն, որը կպարգևի թե՛ ֆիզիկական և թե հոգեբանական լիարժեքության զգացումը։