Ցավոք, հաճախ է պատահում, երբ լսում ենք  միջին տարիքի տղամարդկանց հանկարծամահության դեպքերի մասին: Երբեմն, ոչ տեղեկացված մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե սա պատահում է լիովին առողջ մարդկանց հետ, և մարդն այս դեպքում անզոր է, սակայն ոչ միշտ է դա այդպես:  Սիրտ-անոթային խնդիրները կարող են զարգանալ շատ ավելի վաղ և լինում են ախտանշնաններ, որոնք «հուշում են»
սպասվող վտանգի մասին, բայց հիվանդը կամ նրա հարազատները դրան ուշադրություն չեն դարձնում: Սիրտ-անոթային պատահարների կանխարգելման, սրտամկանի ինֆարկտի դեպքում առաջին օգնության և այլ կարևոր հարցերի մասին խոսել ենք «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ի սրտաբան դոցենտ Լաուրա Սահակյանի հետ:

Ի՞նչն է պատճառը, որ սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով առավել հաճախ հանկարծամահ են լինում հենց միջին տարիքի տղամարդիկ:

Ընդհանրապես, համարվում է, որ 40-ից բարձր տարիքային խմբի անձինք առավել հակված են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, պայմանավորված ռիսկի գործոնների քանակի ավելացմամբ: Անհրաժեշտ է հատուկ հաշվի առնել ռիսկի խմբերը: Օրինակ՝ ռիսկի խումբ է համարվում ժառանգական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց խումբը:  ժառանգական նախատրամադրվածություն ասելով հասկանում ենք, որ մարդու արյունակից մոտ հարազատներն ունեն  սիրտ-անոթային վաղաժամ հիվանդացություն կամ սրտանոթային հիվանդությունից մահացություն (վաղաժամ ասելով հասկանում ենք տղամարդկանց դեպքում՝ 55-ից ցածր տարիքային խմբի հարազատներ, կանանց դեպքում՝ 65-ից ցածր): Այս խմբում կարելի է շեշտադրել այնպիսի ռիսկի գործոնի առկայությունը, ինչպիսին ժառանգական կամ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա հասկացությունն է: Կան ընտանիքներ, որոնց մոտ  խոլեստերինի բարձր մակարդակը հանդիսանում է ժառանգական հիվանդություն: 


Տղամարդկանց հանկարծամահության հիմնական պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է, այսինքն, սրտի սնուցող զարկերակների՝ կորոնար զարկերակների աթերոսկլերոզը:

Իհարկե մոտ 20% դեպքերում կան նաև հանկարծամահություն առաջացնող այլ գործոններ և հիվանդություններ, բայց այժմ քննարկում ենք ամենատարածվածը:
Հիվանդությունն իր առավելագույն դրսևորմանը հասնում է 40-ից բարձր տարիքային խմբում, սակայն հիվանդությունը սկսվում է շատ ավելի վաղ տարիքից, պարզապես կլինիկական դրսևորումները հասունանում են հենց այս տարիքային խմբում: Կանանց մոտ նույնպես առկա է այդ խնդիրը, բայց դրսևորվում է ավելի բարձր տարիքում՝ 10 տարի ուշ: Պատճառը կանանց սեռական հորմոններն են՝ էստրոգենները, որոնք պաշտպանում են անոթներն աթերոսկլերոզի վաղ զարգացումից: Դաշտանադադարից հետո կանանց մոտ խնդիրը հանդիպում է նույն հաճախականությամբ: Բացի այդ, տղամարդկանց մոտ վնասակար գործոններն ավելի շատ են, քան կանանց մոտ: Դրանք են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սխալ ապրելակերպը, ինչը նույնպես պատճառ է:
Հանկարծակի սրտային մահը հաճախ զարգանում է սուր կորոնար համախտանիշի հետևանքով, որը սրտի իշեմիկ հիվանդության դրսևորումներից մեկն է: Հիվանդի մոտ զարգանում է սրտի արյունամատակարարման հանկարծակի սուր նվազում, պայմանավորված սրտի սնուցող զարկերակի խցանմամբ: Մի ընթացքը կարող է լինել սրտամկանի ինֆարկտը, որը հնարավոր է բուժել և ունենալ բարեհաջող ընթացք, իսկ մյուս դեպքում կարող է հանկարծամահություն լինել: Հանկարծամահության խմբի մահվան հիմնական պատճառը պսակաձև անոթի խցանման հետևանքով առաջացած տարատեսակ առիթմիաներն են, և այս դեպքում պրոցեսը չի հասնում այն աստիճանի, որ հիվանդի մոտ  զարգանան ինֆարկտի բոլոր դրսևորումները, որովհետև մահը վրա է հասնում շատ կարճ ժամանակում: 

Շատ դեպքերում հարազատները նշում են, որ հիվանդը նախկինում հիվանդության մասին հուշող որևէ գանգատ չի ունեցել: Հնարավո՞ր է այդպես, թե՞, այնուամենայնիվ, կան որոշակի ախտանշաններ, որոնք չպետք է անտեսել:

Նախ շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ անձը նախկինում ֆիզիկապես ակտիվ  եղել է, թե՞ ոչ, քանի որ առօրյա ակտիվության սահմանափակումը վերջին մեկ ամսվա ընթացքում կարող է հուշող ախտանիշ լինել:

Կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանիշներ, որոնք մարդու ամբողջ կյանքի ընթացքում չեն եղել. օրինակ՝ հետկրծոսկրային ցավ կամ ծանրության զգացում կրծքավանդակում, որը տևում է միջինում 5-10 րոպե: Ամենազգայուն ախտանիշը սա է. դա կարող է սրտի իշեմիկ հիվանդության սկիզբ լինել: Եթե ցավերն ավելի տևական են, ուղեկցվում են սառը քրտնարտադրությամբ, հևոցով, սրտխառնոցով, սրտխփոցով, գլխապտույտով և այլն, ապա ցանկալի է, որ հիվանդը դիմի շտապօգնության, որովհետև դա կարող է ինֆարկտի նշան լինել: 
Կրծքավանդակի ցավը կարող է ունենալ ատիպիկ տեղակայում կամ ճառագայթել: Ճառագայթումը սովորաբար լինում է դեպի ծնոտ, դեպի ձախ ուս, թիկունք, ստամոքս: Շատ է պատահում, որ ստամոքսի ցավի հետ են շփոթում. պետք է առավել հետևողական լինել պարզելու համար: 


Ախտանիշ է նաև ուղեկցող գանգատների առկայությունը. օրինակ՝ դյուրհոգնելիություն կամ հևոցը ֆիզիկական ակտիվության ժամանակ: Եթե 40-ից բարձր տարիքի տղամարդու մոտ առաջին անգամ, հանկարծակի ի հայտ են եկել նման գանգատներ, ապա պետք է անպայման դիմել հիվանդանոց և ժխտել կամ հաստատել  սրտի իշեմիկ հիվանդությունը:
Իսկ ինչ վերաբերում է անախտանիշ ընթացքին՝ հանկարծակի սրտային մահի մինչև 50% դեպքերում հենց այդպես է լինում, ցավոք: Մինչև տվյալ պրոցեսի զարգացումը  ոչ մի դրսևորում տեղի  չի ունենում: Այս դեպքում միակ ելքը նախապես ստուգվելն է և ռիսկի գործոնների վրա ազդելը: Եթե բարձր ռիսկի անձանց մասին է խոսքը, ապա հետազոտությունները պետք է սկսել  վաղ տարիքից, իսկ եթե ռիսկի գործոններ չկան, ապա  40-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ է տրվում բուժզննում անցնել տարին մեկ անգամ: Եթե հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ նորմալ է, ապա հաջորդ ստուգումը կարող եք անցնել 3-5 տարի հետո:  Եթե հայտնաբերվեց որևէ խնդիր, ապա պետք է գտնվել ինտենսիվ հսկողության տակ:


Հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն ռիսկի գործոնների դեմ պայքարելով կարելի է 50%-ով նվազեցնել սրտնոթային հիվանդություններն ու մահացությունը: Կարևոր եմ համարում կրկին հիշեցնել ռիսկի գործոնները՝ ծխելը, սխալ սննդակարգը, թերի ֆիզիկական ակտիվությունը, ավելորդ քաշը, զարկերակային գերճնշումը, խոլեսթերինի բարձր մակարդակը և շաքարային դիաբետի առկայությունը:

Իսկ նշված ախտանշանների սրացման  դեպքում ինչպիսի՞ բուժօգնություն պետք է իրականացնել:

Եթե առկա են հավաստի տվյալներ, որ մարդու մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է, այսինքն, սկսվում է կրծքահեղձուկի նոպա, ապա այս դեպքում նախ անհրաժեշտ է չափել զարկերակային ճնշումը, որովհետև առանց զարկերակային ճնշման տվյալների դեղորայքային որևէ բուժում չենք կարող իրականացնել: Եթե սիստոլիկ զարկերակային ճնշումը 100 մմ ս.ս.-ից բարձր է, ապա կարելի է տալ ենթալեզվային նիտրոգլիցերին, իհարկե նախապես կարդալով հակացուցումները: Հիվանդը պետք է պարտադիր նստած լինի, չի կարելի նիտրոգլիցերինն ընդունել ու քայլել: Ընդհանրապես, այդ ժամանակ ճիշտ է ֆիզիկական ակտիվությունն առհասարակ դադարեցնել: Եթե հաբը տալուց հետո ցավի տևողությունը երկարեց 5 րոպեից ավելի, ապա պետք է արագ դիմել շտապօգնության:
Իսկ եթե շտապօգնության հնարավորություն այդ պահին չկա կամ ուշանում է և գործ ունենք շատ բարձր զարկերակային ճնշման հետ (օրինակ` գերճնշումային կրիզ/ հիպերտոնիկ կրիզ), որն ուղեկցվում է ցավով, ապա պետք է ձեռքի տակ եղած հաբերով իջեցնել զարկերակային ճնշման մակարդակը: Եթե գործը հասնում է հանկարծամահության, այսինքն, մարդու մոտ նկատվում է սրտի կանգ, ապա պետք է իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որին ամբողջ աշխարհի զարգացած երկրներում բնակչության զգալի մասը տիրապետում է անկախ մասնագիտությունից: Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներին կարելի է տիրապետել հատուկ դասընթացների միջոցով:

Իսկ վերջում ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին:

Թեմայի հետ կապված ուզում եմ ասել, որ պետք է հնարավորինս խրախուսվի առողջ ապրելակերպը: Ճիշտ է՝ տեսականորեն անընդհատ հնչում է այդ մասին, բայց եթե հետազոտենք, ապա կհասկանանք, որ իրականում բնակչության քիչ մասն է դրան հետևում: Ցանկանում եմ ամփոփ ներկայացնել առողջ ապրելակերպի և սիրտ-անոթային հիվանդությունները կանխելու քայլերը.

  • Հնարանորինս շատ շարժվել, քայլել օրական առնվազն 30-60 րոպե:
  • Պայքարել ավելորդ քաշի դեմ:
  • Ծխելն առհասարակ բացառել և պասիվ  ծխելուն նույնպես չենթարկվել:
  • Սննդակարգում հնարավորինս ավելացնել լիարժեք հատիկային մթերքների, ձկնամթերքի, մրգերի և բանջարեղենի չափաբաժինը:
  • Ժամանակ առ ժամանակ՝ 18 տարեկանից սկսած, կարելի է պարբերաբար զարկերակային ճնշումը չափել, որը չի իրականացվում և մարդիկ հաճախ չգիտեն՝ որն է իրենց նորմալ զարկերակային ճնշումը:
  • Եթե առկա է սրտանոթային հիվանդությունների ժառանգականություն, շաքարային դիաբետ կամ բարձր  խոլեստերին, ապա պետք է անպայման պարբերաբար հետազոտվել:
  • Կարևոր է նաև առողջ քունը,  քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի սրտանոթային հիվանդությունների զարգացման գործում: Թերի քունը կարող է հանգեցնել ճարպակալման, զարկերակային հիպերտենզիայի, սիրտ-անոթային տարբեր  հիվանդությունների: 

    Պատրաստեց Արմինե Սարգսյանը