Այս շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հետևյալ ժամանակահատվածում, մանկաբարձը ուշադիր կհետևի Ձեր առողջությանը տանը կամ ծննդատանը: Բացի կարերի վիճակին և լոխիայի գույնին հետևելուց, նա կհետևի Ձեր պուլսին, արյան ճնշմանը, ինչպես նաև արգանդի կրճատման պրոցեսին` գնահատելով, թե ինչպես է արգանդը վերադառնում սովորական չափսերին:
Պորտալարի մնացորդը արդեն չորացել է և ընկել, բայց պետք է շարունակել մշակել պորտը: Եթե պորտալարի տեղում կա արտադրություն, առավել ևս` արյունահոսություն, անհապաղ դիմեք բժշկին: Ուրիշ մտահոգության պատճառ կարող է դառնալ պորտի շրջանից տհաճ հոտը, որը վկայում է պորտի մեջ ինֆեկցիայի անցման և նրա բորբոքման մասին: Նորածինը կամաց-կամաց ավելացնում է իր քաշը և հնարավոր է` առաջին ամսում ավելացնի 600-700 գրամ: Երկարությունը ավելանում է 1-2 սմ-ով:
Նորածնի աչքերը կարող են ֆոկուսավորել միայն այն առարկաները, որոնք գտնվում են 35-40 սմ հեռավորության վրա, ուստի հաճախ գրկեք նրան և նայեք աչքերի մեջ:

Մայրական զգացմունքները

Գիտնականներից շատերը համարում են, որ երեխային պետք է հնարավորինս շուտ գրկել, իսկ հետագայում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրա հետ շփվելով: Տաք և հարմարավետ արգանդից դուրս գալուց հետո փոքրիկը կարող է լինել անհանգիստ, նյարդային և նույնիսկ` վախի զգացում ունենալ: Մարմնական կոնտակտները մոր հետ օգնում են նորածնին վերականգնել կորցրած կապը մոր հետ, իսկ մորը` ավելի լավ ճանաչել երեխային: Որքան մայրը հաճախ շփվի և շոյի մանկանը, այնքան արագ նրա մեջ կարթնանան մինչ այժմ անծանոթ զգացմունքները, իսկ երեխայի տրամադրությունը և ինքնազգացողությունը կլավանա: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մայրն ինքը խնամի փոքրիկին` անգամ ծննդատանը գտնվելու ընթացքում: Եթե երեխայի մոտ խնդիրներ առաջանան, և նրան տեղափոխեն ինտենսիվ թերապիայի պալատ, հարկավոր է նրան հաճախ այցելել: Երեխայի տեսքը ապակե կյուվեզում պառկած, երբ նրան միացված են զանազան ապարատների խողովակներ, Ձեզ կարող է անհանգստություն պատճառել, սակայն կարևորն այն է, որ փոքրիկը կգնահատի Ձեր ներկայությունը և քնքշանքը:

Հայրական սերը

Զգացմունքներ կարող են առաջանալ ոչ միայն մոր և մանկան միջև: Ձեր ամուսնուն նույնպես հարկավոր է ծանոթանալ փոքրիկի հետ նրա կյանքի առաջին րոպեյից սկսած: Մանկաբարձները սովորաբար դեմ չեն ինչ-որ ժամանակահատվածով Ձեր ընտանիքի առանձնանալուն: Երջանիկ հայրիկներին թույլ են տալիս նույնիսկ ավելին: Թող հայրը կտրի մանկան պորտալարը ծնվելիս, լողացնի, քնեցնի երեպային, փոխի տակաշորերը: Փոքրիկը շուտով կսկսի ճանաչել հոր ձայնը և հոտը, ինչն ավելի լավ կանդրադառնա հոր զգացմունքների վրա:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին