Հղիությունը մի պրոցես է, որի ընթացքում կնոջ օրգանիզմում աճում է ևս մեկ օրգանիզմ:
Ըստ գինեկոլոգի`  յուրաքանչյուր կին պետք է ապահովի այդ նոր օրգանիզմի բոլոր պահանջները: Նրա օրգանիզմում  պետք է լինեն բավական քանակությամբ նյութեր` ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր: Այդ իսկ պատճառով կնոջ օրգանիզմում առաջանում են կուտակումներ` հատկապես ճարպերի:

Հղիության առաջին եռամսյակում  կարող ենք նայել կնոջը և չզգալ, որ նա հղի է, իսկ երկրորդ եռամսյակից  սկսում է որոշակի գիրացում`մոտավորապես 12-ից 15կգ-ով:
Գինեկոլոգը բացատրում է, որ քաշի մի մասը պտղի և պտղաջրերի հաշվին է,իսկ մյուս մասը`ճարպերի: Ճարպակալումը լինում է հիմնականում ազդրերի և հետույքի շրջանում:

Վերջին` երրորդ եռամսյակում  առաջանում են այսպես կոչված պիգմենտային բծեր: Դրանք կարող են լինել դեմքին` ճակատին և այտերին, որովայնի, կրծքերի վրա:  Սրանք մուգ շագանակագույն, տարբեր ինտենսիվության բծեր են, որոնք, որպես կանոն, հղիությունից հետո անհետանում են: Հնարավոր է այտուցվածություն` սկսած դեմքից, վերջացրած ստորին վերջույթներով:  Բնորոշ է նաև որովայնի առաջնապատի բծերի ի հայտ գալը:

Նրա խոսքով`մաշկը ձգվելու հետևանքով առաջանում են միկրոպատռվածքներ, ինչը հղիության շրջանում արտահայտվում է վառ վարդագույնով, իսկ հղիությունից հետո գունաթափվում է,  բայց ամբողջությամբ չի անցնում:

Հղիությունը ծանրաբեռնվածություն է առաջացնում կնոջ ողնաշարի վրա, որի հետ կապված կնոջ ուսերը և իրանի վերին մասը գնում են հետ. սա կոչվում է "հղիի հպարտ կեցվածք",-բացատրում է գինեկոլոգը:

Բոլորի համար պարզ Է, որ որովայնը  ծննդաբերությունից հետո անմիջապես վերականգնվել չի կարող, քանի որ ձգված է եղել պտղով: Որոշ կանանց մոտ վերականգնվում է արագ, իսկ մյուսների մոտ` ոչ այնքան: Այն կախված է պտղի և արգանդի չափսից:

Այստեղ շատ կարևոր է կնոջ միջամտությունը: Գինեկոլոգը խորհուրդ է տալիս ծննդաբերությունից 6- 8 շաբաթ հետո կատարել մկանները ամրացնող վարժություններ, կրել գոտիներ: Հնարավորության դեպքում օգտվել հիդրոմասաժորներից, որոնք էլեկտրասիմուլացիա են տալիս և ամրացնում որովայնի մկանները:

Կերակրող մայրը  չի կարող խիստ սննդակարգ պահել, բայց որոշակի սննդակարգ պահել պարտավոր է,-ասում է գինեկոլոգը,-չգիտես ինչու, կանանց մոտ կա մի տարածված և սխալ պատկերացում, թե կրծքով կերակրելն ազդում է կնոջ արտաքին տեսքի վրա, այնինչ իրենց տեսքի վրա կարող են ազդել միայն իրենք:

Կերակրող մորը խորհուրդ է տրվում օգտագործել սննդարար ու վիտամիններով հարուստ կերակուրներ` խուսափելով ավելորդ կալորիականություն ունեցող քաղցրավելիքից, ճարպոտ կերակուրներից և չչարաշահելով հացը:

Եթե չկան բարդություններ, ապա ծննդաբերությունից 6-8 շաբաթ հետո օրգանիզմը գրեթե ամբողջությամբ վերականգնվում է: Նախկին տեսքին չեն կարող գալ միայն կրծքերը, քանի որ տեղի է ունենում կաթնարտադրություն և որովայնը, որը նախկին տեսքի բերելու համար ժամանակ և մարմնամարզություն է հարկավոր:

Խորհուրդ է տրվում առաջին ծննդաբերությունից հետո երկրորդ և մնացած հղիությունները պլանավորել  առնվազն երկու տարի հետո, քանի որ պտուղը մոր օրգանիզմում կատարում է կողոպտիչի դեր, վերցնում նրանից մեծ քանակությամբ  նյութեր: Շուտ հղիությունը կարող է բարդություններ առաջացնել,  քանի որ կնոջ օրգանիզմի  միկրոտարրերի պաշարը սպառված է լինում:

Անցանկալի հղիությունը կանխելու համար ներկայումս կան հակաբեղմնավորման բազմաթիվ միջոցներ`ներարգանդային պարույրներ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, մոմիկներ, պատնեշային միջոցներ /պահպանակ/ և այսպես կոչված բնական մեթոդներ /օրինակ` սեռական հարաբերություններ ունենալ ոչ օվուլյացիոն օրերին/:
Գինեկոլոգը նշում է, որ վերոնշյալ միջոցները համարվում են անվնաս, սակայն պետք է հաշվի առնել կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախքան որևէ հակաբեղմնավորիչ միջոց գործի դնելը խորհրդակցել համապատասխան բժշկի հետ:

impokrik.am