Ամեն տարի հուլիսի 28-ին աշխարհը նշում է  Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ իրականացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին:

Doctors.am-ը այս տարի իրազեկման առաքելությունը վստահել է գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Մանիկ Գեմիլյանին:

Բժշկուհի Գեմիլյան, ի՞նչ է ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում քրոնիկ հեպատիտի վիրուսը. իչպե՞ս է այն ախտահարում մարդու օրգանիզմը և հատկապես լյարդը:

Հեպատիտ, ընդհանուր առմամբ, նշանակում է լյարդի բորբոքում: Հուլիսի 28-ին առավելապես բարձրաձայնվում է վիրուսային հեպատիտի թեման:

Քրոնիկ հեպատիտի պատճառ են դառնում  հեպատիտի B և C տեսակները: Սրանք երկուսն էլ, վարակելով մարդուն, առաջացնում են լյարդի քրոնիկ բորբոքում, որի ելքը, ցավոք,  լյարդի լուրջ հիվանդություններն են, օրինակ՝ ցիռոզը: Սակավ դեպքերում, հնարավոր է նաև լյարդի քաղցկեղի զարգացում: Սակայն հաճախ վիրուսն ունենում է նաև արտալյարդային դրսևորումներ, որոնք առաջացնում են այլ օրգանների, երբեմն նույնիսկ ամբողջ օրգանիզմի ախտահարում:

Ե՞րբ են ի հայտ գալիս առաջին ախտանիշները և որո՞նք են դրանք. ինչպե՞ս հասկանալ, որ արդեն Հեպատիտ վարակակիր ես:

Հեպատիտի սկզբնական շրջանը, ցավոք, դեպքերի մեծամասնությամբ, ընթանում է առանց ախտանիշների: Հիվանդության ծածկընթաց զարգացումը հենց դառնում է բարդությունների պատճառ:

Պետք է ասել սակայն, որ ախտանիշները կարող են լինել ոչ սպեցիֆիկ՝ ընդհանուր թուլության, հոգնածության զգացողություն, հոդացավեր, մաշկի ցան, բացի լյարդից՝ կարող է ախտահարվել նաև վահանաձև գեղձը:

Խիստ կարևոր եմ համարում ասել, որ հեպատիտի այն դասական դրսևորումները՝ դեղնություն, ջերմության բարձրացում, սրտխառնոցներն ու փսխումը կարող են դիտվել սակավ դեպքերում կամ ընդհանրապես ի հայտ չգալ՝ մինչև ցիռոզի բարդացածումները: Իսկ ցիռոզի դեպքում հիմնական ախտանիշներն են որովայնի ծավալի մեծացումը, կերակրափողի արյունահոսությունը…

Իհարկե, հետևողական և ուշադիր լինելու դեպքում, կարելի է կանխել այս ախտանիշների ի հայտ գալը:

Լաբորատոր ի՞նչ հետազոտություններով է ախտորոշվում Հեպատիտը:

Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ ամեն 12 հոգուց մեկը Հեպատիտ C կամ B վարակակիր է: Եվ եթե մարդը մտահոգ է, որ այս խնդիրը կարող է առնչվել նաև իրեն, ապա գոյություն ունեն ախտորոշման վստահելի մեթեդներ, ինչպիսին է արյան մեջ վիրուսի քննությունը: Այս կերպ կարելի է համոզվել, որ հեպատիտի վարակակիր չես կամ վիրուսի առկայության դեպքում գոնե վաղ հայտնաբերել այն:

Իսկ արդեն բարդացած փուլում հնարավո՞ր է արդյոք իրականացնել արդյունավետ բուժում:

Այս մասին խոսելը շատ կարևոր է: Քանի որ մինչև բոլորովին վերջերս ցիռոզի փուլում հակացուցված էր վիրուսի դեմ բուժում իրականացնելը, սակայն ժամանակակից բժշկությունն առաջարկում է նորագույն դեղորայք, որն օգնում է Հեպատիտի վիրուսը ճնշել նույնիսկ լյարդի ցիռոզի առկայության պարագայում: Սակայն, իհարկե, վերջնական հաջող արդյունք կարելի է ակնկալել առավելապես վաղ հայտնաբերման և ախտորոշման դեպքում:

Հայտնի է, որ վիրուսը գրեթե 90 % դեպքերում փոխանցվում է  արյան միջոցով: Ի՞նչ կասեք վարակի փոխանցման հավանականության մասին սեռական և այլ ճանապարհներով:  Ովքե՞ր կարող են լինել ռիսկային խմբերում:

Այո, իհարկե: Վիրուսը փոխանցվում է հիմնականում արյան շփման միջոցով և ցանկացած գործիք, որ շփվում է համապատասխանաբար մի քանի մարդու արյան հետ, վարակի պոտենցյան աղբյուր է: Ամենառիսկային խմբում են, իհարկե, ներերակային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ: Սակայն, այն հաստատություններում, որտեղ գործիքները շփվում են արյան հետ և պատշաճ կերպով չեն ախտահարվում, ևս ռիսկային խմբում են. օրինակ՝ մատնահարդարման և պեդիկյուրի, դաջվածքների սրահները, ականջ դակելու սրահները: Առավել բարձր ռիսկային խմբում են, իհարկե,  հեմոդիալիզի անհրաժեշտություն ունեցող  հիվանդները:

Բուժաշխատողները, ովքեր գործ են ունենում արյան հետ, ևս ռիսկային խմբում են:

Հեպատիտ B-ի ռիսկայինության տեսանկյունից, հարկավոր է բացառել անպաշտպան սեռական հարաբերությունները՝ այսպիսով կանխելով վարակի փոխանցումն այս ղանակով:

Այսինքն, ընդհանուր առմամբ, վարակի փոխանցումը տեսականորեն կարելի է բացառել, դա վերահսկելի է:

Այո: Իրականում, վարակի փոխանցումը լիովին հնարավոր է կանխել: Պետք չէ էսթետիկ սրահներում ամաչել միանվագ գործիքների օգտագործում պահանջելուց, որովհետև հետևանքները կարող են լինել ճակատագրական:

Կարևոր եմ համարում փոխել հատկապես մարդկանց անհոգ վերաբերմունքն այս խնդրին: Ցավոք, դա կարող է պատահել հենց Ձեզ հետ, պետք է զգուշանալ, պաշտպանել սեփական առողջությունը:

Կարելի՞ է արդյոք վստահաբար բացառել Հեպատիտի վարակի փոխանցումը օդակաթիլային ճանապարհով՝ սովորական շփման ընթացքում: Ի՞նչ անել, եթե ընտանիքում կա հեպատիտ վարակակիր:

Օդակաթիլային եղանակով վարակի հնարավորություն չկա, սակայն ընտանիքի անդամների հետ կենցաղում հարկավոր է կիրառել որոշակի հստակ կանոններ. Առանձնացնել անձնական հիգիենայի բոլոր պարագաները, որոնք տեսականորեն կարող են շփում ունենալ արյան հետ՝ ատամի խոզանակներ, ածելիներ, եղունգ կտրելու մկրատներ: Եթե վարակակրի արյունը թափվել է արտաքին մակերես, հետքերը պետք է հեռացնել հատուկ քլորային մաքրող նյութերով:

Ինչպե՞ս պետք է կազմակերպի իր հետագա կյանքը արդեն իսկ վարակակիր անձը: Պարբերաբար ի՞նչ հետազոտություններ է պետք անցնել, ո՞ր մասնագետի հսկողության տալ լինել, ինչպե՞ս վարել կենցաղը:

Քրոնիկ հեպատիտ C ախտորոշման դեպքում, բժիշկը միանշանակ ցուցում է հակավիրուսային բուժում: Բուժումն ավարտելուց կես տարի անց կրկին ստուգվում է վիրուսի առկայությունը:

Մարդը կարող է համարվել լիովին առողջ, երբ վիրուսն ամբողջությամբ վերացել է օրգանիզմից:

Քրոնիկ B հեպատիտի դեպքում, առավել հաճախ է հարկավոր այցելել բժշկի, անցնել հետազոտություններ: Այս հսկողությունը կարող է լինել ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ հեպատիտի այս տեսակը ներկայումս հնարավոր չէ լիարժեք բուժել:

Իհարկե, հեպատիտի ընթացքը վերահսկվում է ինչպես գաստրոէնտերոլոգի, այնպես էլ այլ մասնագետների խմբի կողմից:

Եվ վերջապես, ժամանակակից բժշկությունը վստահորեն կարո՞ղ է փաստել, որ քրոնիկ հեպատիտն «ապրելակերպ» է, և ոչ անբուժելի հիվանդություն:

Քրոնիկ հեպատիտ C-ն մինչև վերջին տարիները համարվում էր անխուսափելի կերպով ծանր հիվանդություններ առաջացնող վարակ: Սակայն այսօր, մենք հպարտ ենք ասել, որ նաև Հայաստանում կարող ենք բուժել հեպատիտ C-ն և մարդուն վերադարձնել առողջությունը, ինչպես նաև զգալիորեն բարելավել կյանքի որակը:

Սակայն` որպես մասնագետ, կարևոր եմ համարում ասել, որ հեպատիտի լավագույն բուժումը կանխարգելումն է: Պետք է լինել պրոակտիվ, տեղեկացված, պարբերաբար այցելել բժշկի, հետևողական և հոգատար վերաբերմունք ցուցաբերել սեփական առողջության նկատմամբ:

Բոլորին առողջություն եմ մաղթում:

Շնորհակալ ենք բժշկուհի՝ օգտակար տեղեկատվության և իրազեկման համար:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
28 Հուլիսի, 2015