Արդեն ամառ է, ինչը նշանակում է, որ վարիկոզ երակները կրկին «գլուխ են բարձրացնելու»: Թեմայի հետ կապված Doctors.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել «Ուիգմոր Քլինիքի» անոթային վիրաբույժ, ՀՀ ԱՆ անոթային վիրաբուժության գծով խորհրդատու Էդուարդ Աղիյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ.
1. Ի՞նչ ասել է վարիկոզ երակներ
Վարիկոզ երկաները լայնացած, ոլորուն մակերեսային երակներ են: Տեսականորեն կարող է հանդիպել ցանկացած մակերեսային երակի վարիկոզ տրանսֆորմացիա, բայց առավել հաճախ հանդիպում է ստորին վերջույթների մակերեսային երակների վարիկոզը: Այն դրսեւորվում է կամ ենթամաշկային երակների լայնացումով՝ խաղողի ողկույզների նման ոլորուն, լայն երակներ, կամ ավելի թեթեւ դեպքերում անոթային աստղիկների, սարդանման երակների ձեւով։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, ինչը կարող է պայմանավորված լինել հղիությամբ եւ հորմոնալ առանձնահատկություններով:
2. Որո՞նք են պատճառները
Վարիկոզ երակները ներքին եւ արտաքին անբարենպաստ գործոնների համադրման արդյունք են: Ներքին գործոններից են, օրինակ՝ երակի պատի եւ երակային փականների բնածին թուլությունը, որի հետեւանքով խախտվում է արյան նորմալ հոսքը երակներով, առաջանում է հետհոսք, որպես հետեւանք մակերեսային երակներում ստեղծվում է բարձր երակային ճնշում, որն էլ բերում է հիվանդության զարգացմանը: Այլ գործոններից են նստակյաց ապրելակերպը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ավելորդ քաշը, ընտանիքի անդամների մոտ վարիկոզ երակների առկայությունը, սեռը, տարիքը, հղիությունը եւ այլն: Հղիությունը լուրջ գործոն է հիվանդության առաջացման եւ պրոգրեսիայի համար, որովհետեւ հղիության ժամանակ հորմոնների ազդեցության տակ թուլանում են երակների պատերը եւ երակայինի փականները, ավելանում է շրջանառող արյան ծավալը, բացի այդ՝ հղիության ուշ փուլերում պտուղը սկսում է սեղմել կոնքի երակները:
3. Ախտանիշները
Վարիկոզ երակները կարող են չունենալ ախտանիշներ, այսինքն՝ լինել ասիմպտոմ, եւ միայն կոսմետիկ խնդիր ներկայացնեն պացիենտի համար: Սակայն կարող են դրսեւորվել նաեւ մի շարք ախտանշաններով, ինչպիսիք են ցավը, քորը, ստորին վերջույթներում ծանրության զգացողությունը, այտուցը, ակամա կծկումները մկաններում՝ հատկապես գիշերային ժամերին, այրոցի զգացողությունը եւ այլն: Հիվանդության առաջխաղաղացման հետ կարող են ի հայտ գալ մաշկի փոփոխություններ՝ հիպերպիգմենտացիա՝ մաշկի մգացում, լիպոդերմատոսկլերոզ՝ մաշկի կարմրածություն, ճարպի բորբոքում, էկզեմա եւ այլն՝ ընդհուպ մինչեւ խոցերի առաջացում։
4. Ախտորոշումը
Ախտորոշման համար շատ հաճախ բավական է պացիենտի հետ զրույցը եւ արտաքին զննումը։ Գործիքային հետազոտություններից շատ կիրառական է դուպլեքսային սքանավորումը: Սա բացարձակ անվնաս, անցավ, արագ եւ մատչելի սոնոգրաֆիկ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել մակերեսային եւ խորանիստ երակների վիճակը, փականների անբավարարության աստիճանը, հասկանալ հիվանդության տարածվածությունը, պաթոգենեզը, անատոմիական առանձնահատկությունները եւ ճիշտ ընտրել ու պլանավորել բուժման հետագա տակտիկան:
5. Բուժումը
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է պացիենտի գանգատներից, երակների անատոմիական առանձնահատկություններից, փականների անբավարարության առկայությունից, հիվանդության պաթոգենեզից, պացիենտի ակնկալիքներից եւ այլն։ Կախված վերոհիշյալ գործոններից, պացիենտը կարող է կարիք ունենա ուղղակի հետեւելու, ռիսկի գործոնների մոդիֆիկացիայի, երբեմն կոմպրեսիոն տրիկոտաժ կրելու, ինչպես նաեւ վիրահատական եւ ոչ վիրահատական միջամտությունների՝ սկլերոթերապիա, բաց վիրահատություն, ներերակային միջամտություններ եւ այլն։ Սկլերոթերապիայի ժամանակ հատուկ նյութ ենք ներարկում երակի մեջ, որը վնասում է երակի պատի ներքին շերտը, եւ այն սկսում է աստիճանաբար փակվել: Վիրահատական միջամտություններից են դասական բաց վիրահատությունը, երբ աճուկում կամ ծնկափոսում կտրվածք է արվում, հեռացվում է երակի հիվանդ ցողունը եւ առանձին մի քանի մմ-ոց անցքերից հեռացվում են վարիկոզ լայնացած ճյուղերը։ Այս վիրահատությունը ունի ավելի քան 100 տարվա պատմություն, աստիճանաբար կատարելագործվել է եւ այժմ հանդիսանում է շատ արդյունավետ, ապահով, կոսմետիկ միջամտություն։ Ավելի արդիական մեթոդներ են էնդովենոզ միջամտությունները, ինչպիսիք են լազերային կամ ռադիոհաճախային աբլյացիաները, որոնք այժմ հանդիսանում են ցողունային վարիկոզի բուժման առաջին ընտրության մեթոդներ։ Մի շարք պատճառներով մենք նախընտրում ենք ռադիոհաճախային աբլյացիան։
6. Ի՞նչ է ռադիոհաճախային աբլյացիան
Ռադիոհաճախային աբլյացիայի ժամանակ կատարում ենք երակի պունկցիա՝ սոնոգրաֆիայի հսկողության տակ: Երակի մեջ մասնավոր կաթետեր ենք անցկացնում, այն տեղակայում ճիշտ դիրքում, այնուհետեւ երակի կողքը պատում ենք հատուկ հեղուկով, որը շրջապատում է անոթը եւ ապահովում անզգայացումը, երակի ու կաթետերի բավարար հպումը, նաեւ պաշտպանում է շրջակա հյուսվածքները ջերմային վնասվածքից: Կաթետրին ռադիոհաճախային ալիք է հաղորդվում, այն տաքանում է մինչև 120 աստիճան եւ վնասում անոթի ներսի շերտը՝ բերելով երակի փակման: Ընդ որում՝ այս մեթոդի առավելություններից է նաեւ այն, որ սարքը կաթետրից ստանում է հետադարձ ինֆորմացիա եւ ինքնուրույն է հաշվարկում հզորությունը, որն անհրաժեշտ է հաղորդել ապահովելու համար ճշգրիտ ջերմաստիճանը՝ օպտիմալ արդյունքի հասնելու համար։ Միջամտությունը միջինում 40 րոպե է տեւում: Ամբողջ միջամտությունը պարտադիր կատարվում է սոնոգրաֆիայի հսկողության ներքո եւ հնարավոր է իրականացնել նույնիսկ միայն տեղային (տումեսցենտ) անզգայացմամբ։ Այն շատ էֆեկտիվ է, թույլ է տալիս արագ եւ ապահով կերպով ձերբազատվել վարիկոզի հետ կապված գանգատներից եւ խնդիրներից։ Պացիենտն իր ոտքով մտնում է վիրահատարան, իր ոտքով էլ դուրս է գալիս՝ բարդությունների շատ ցածր ռիսկերով, չկտրվելով աշխատանքից, չունենալով կտրվածքներ, մեծ արյունազեղումներ եւ էսթետիկ տհաճություններ:
7. Վարիկոզ երակները ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել
Առհասարակ, վարիկոզ հիվանդությունը հակում ունի պրոգրեսիվելու եւ տեւական ժամանակ չբուժելու դեպքում կարող է առաջացնել բարդություններ, օրինակ՝ մաշկի փոփոխություններ՝ էկզեմաներ, լիպոդերմատոսկլերոզ, հիպերպիգմենտացիաներ, երբ մաշկը սկսում է վնասվել, մգանալ, կարմրել, բորբոքվել, չորանալ: Առավել բարդ դեպքերում կարող են առաջանալ նաեւ վերքեր, խոցեր: Կարեւոր է նշել, որ մաշկի փոփոխությունները, որպես կանոն, անդարձելի են, ուստի շատ ցանկալի է բուժել հիվանդությունը մինչեւ դրանց ի հայտ գալը։ Մեկ այլ բարդություն է թրոմբոֆլեբիտը, երբ արյան ոչ ճիշտ հոսքի պատճառով արյունը երակի մեջ մակարդվում է եւ խցանում այն։ Շատ հազվադեպ հանդիպող բարդություն է վարիկոզ երակներից արյունահոսությունը։
8. Հնարավո՞ր է արդյոք կանխարգելել երակների վարիկոզ լայնացումը
Ցավոք, վարիկոզ երակների առաջացումը կանխարգելող ապացուցված արդյունավետությամբ միջոց դեռ չունենք։ Սակայն կան որոշակի ցուցումներ, որոնք կարող են դանդաղեցնել հիվանդության զարգացումը եւ առաջխաղացումը: Դրանք են՝ ֆիզիկական ակտիվության բարձրացումը, երկարատեւ նստած կամ կանգնած դիրքից խուսափելը, քաշի վերահսկողությունը, ըստ ցուցումների երբեմն գուլպաների կրումը: Նստակյաց աշխատանքի դեպքում առաջարկվում է կես ժամը մեկ վեր կենալ եւ քայլել (ի դեպ, նույնիսկ 20-30 քայլը արդեն բավարար է), հնարավորության դեպքում ոտքերը մի փոքր բարձր դնել: Բարձրակրունկ հագնելը եւս ռիսկի գործոն է, ինչպես նաեւ նեղ, ձգող հագուստը՝ հատկապես գոտկային հատվածում:
Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը