Նախկինում ընդունված էր, որ ծննդաբերությունից հետո ծննդատանը նորածինն առանձին սենյակում գտնվի, իսկ մայրը յուրաքանչյուր երկու կամ չորս ժամը մեկ տեսնի նրան` կերակրելու համար: Հայրը, եղբայրներն ու քույրերը փոքրիկին տեսնում էին միայն ապակու հետևից: Այդպես էին վարվում` հիգիենիկ պահանջներից ելնելով: Վիճակը այսօր փոխվել է: Մորը երեխայի հետ նույն սենյակում պահելու պրակտիկան Հայաստանում կիրառվում է 1994թ-ից: Այժմ Հայաստանի բոլոր ծննդատներում երեխան մոր հետ 24 ժամ գտնվում է նույն սենյակում, եթե չկա խանգարող որևէ լուրջ պատճառ` մոր կամ երեխայի առողջության հետ կապված:

Մոր և երեխայի միասին գտնվելն ունի մի քանի առավելություն:

  • Մայրն արագ և լավ է ճանաչում երեխային, նրա կարիքները:
  • Առաջնածին մայրերն ավելի վստահ են լինում երեխայի հետ հարաբերություններում, քանի որ նրան փաթաթելու, լողացնելու, հագցնելու, հնարավորություն ունեն: Այդ ընթացքում անհետանում է մոր վախը, թե չի կարողանա լավ կատարել իր պարտականությունները: Կարիքի դեպքում օգնում է բուժքույրը:
  • Նորածնի աճն արագանում է, նա հաճախ է ժպտում, ավելի քիչ է լալիս:
  • Այս եղանակն օգնում է հեշտ հարմարվել կրծքով կերակրելուն, քանի որ մայրը կարող է փոքրիկին կերակրել այն պահին, երբ նա քաղցած է: Դա խթանում է կաթի առաջացումը, բացի այդ ավելանում է կրծքով և ոչ թե շշով կերակրելու մոր ցանկությունը:
  • Աճում է երեխայի վսահությունը, քանի որ մայրը նրան կերակրում է լաց լինելու առաջին իսկ պահին: Փոքրիկներն իրենց սիրված և հասկացված են զգում:


Այս եղանակը դրական ազդեցություն ունի նաև հետծննդյան դեպրեսիայի վերացման համար, քանի որ հորմոնային փոփոխություններից բացի անհետանում են դեպրեսիայի պատճառները` իր կողքին չգտնվող երեխայի մասին վատ մտքերն ու վախը:

Babycare.am