Երեխայի ծնունը միշտ էլ ուրախություն է ընտանիքի համար: Սակայն երբեմն այդ ուրախությունը կարող է խամրել` պայմանավորված երիտասարդ մայրիկի վիճակով` ընդ որում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան: Եթե ծննդաբերությունից մի քանի օր կամ շաբաթ անց կինը իրեն սկսում է տարօրինակ պահել, օրինակ, չի ուզում փողոց դուրս գալ, անտեղի անհանգստանում է երեխայի համար, ոչ մեկին երեխայի մոտ չի թողնում կամ, ընդհակառակը, անտարբեր է երեխայի նկատմամբ, նման նշանները վկայում են հետծննդաբերական փսիխոզի մասին:

Հետծննդաբերական փսիխոզ առաջանում է ծննդաբերած կանաց 0,1-1,2 տոկոսի մոտ: 40-50 տոկոսի դեպքում հիվանդությունը պայմանավորված է մոր հոգեկան խանգարումներով, սակայն մնացած դեպքերում հիվանդության պատճառը  հղիության ոչ նորմալ ընթացքն է:  Հետծննդաբերական փսիխոզի առավել շատ հանդիպող տարբերակներից է հետծննդաբերական դեպրեսիան:

Հետծննդաբերական փսիխոզը հազվադեպ, բայց  լուրջ բարդություն է, որ հանդիպում է ծննդաբերող հազար կանանցից մեկի մոտ:

Մինչև ծննդաբերությունը կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է, հիվանդության որևէ ախտանիշ չկա: Սակայն ծննդաբերությունից հետո, որպես կանոն, խնդիրները սկսվում են: Ծննդաբերությունը հաճախ լինում է շատ բարդ ու երկարատև,  երբեմն էլ ավարտվում է կեսարյան վիրահատությամբ: Պատահում է, որ կինը նման դեպքում շատ արյուն է կորցնում կամ նրա մոտ հետծննդաբերական սեպսիս է սկսվում (արյան վարակում): Հետծննդաբերական փսիխոզի առաջացման մեջ մեծ է նաև ժառանգականության դերը:

Փսիխոզը, սակայն, հիմնականում պայմանավորված է ծննդաբերությունից հետո կնոջ առողջության ծանր վիճակով: Իսկ հոգեկան շեղումներն աստիճանաբար են ի հայտ գալիս` ծննդաբերությունից մի քանի օր կամ շաբաթ անց: Կինը նման դեպքերում իրեն տարօրինակ է պահում. անտարբեր է երեխայի նկատմամբ, երբեմն չարացած նրա դեմ, կամ էլ շատ է անհանգստանում նրա համար, կարծում է, որ բոլորն ուզում են վնասել իր փոքրիկին:

Նման դեպքերում բժշկական միջամտություն է հարկավոր` կանխելու հիվանդության հետագա զարգացումը: Եթե նորաթուխ մայրիկը, չնայած ողջ օրվա լարվածությանը և հոգնածությանը, անքնությամբ է տառապում, սա արդեն իսկ անհանգստանալու և բժշկի դիմելու առիթ է:

Հետծննդաբերական փսիխոզի առաջացման հավանականությունը մեծ է առաջին ծննդաբերության ժամանակ:Նման դեպքերում նախ պետք է դիմել հոգեբույժի, որն էլ բուժում կնշանակի, բացի այդ, կնոջ ապաքինմանը պետք է հետևի նաև բժիշկ-թերապևտը:
Եթե կնոջ կոգեկան և ֆիզիկական վիճակը ծանր է, նրան կարող են հոսպիտալացնել, եթե ոչ` բուժումը հնարավոր է կազմակերպել տնային պայմաններում:

Անկախ նրանից, թե որտեղ կիրականացվի բուժումը, կնոջ հարազատները պետք է նրա կողքին լինեն, մշտապես աջակցեն նրան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարազատների սիրով ու հոգատարությամբ շրջապատված կանայք նման դեպքերում ավելի շուտ են ապաքինվում:Կարևոր է նաև կնոջը երեխայի հետ մենակ չթողնել` կախված հիվանդության խորությունից` կինը կարող է չգիտակցված արաքներ կատարել:

Հետծննդաբերական փսիխոզը հիմնականում ավարտվում է ապաքինմամբ:Սակայն կարևոր է, որ հիվանդը հետևի բժշկի բոլոր խորհուրդներին և ժամանակին դեղամիջոցներն ընդունի:Բացի այդ, կնոջը հարկավոր է ապահովել նաև համապատասխան միջավայրով` լիակատար հանգիստ, լիարժեք քուն, շփում հարազատների հետ:

Բուժվելուց հետո որոշ ժամանակ դեռ վիտամիններ և հանգստացնող դեղամիջոցների կարիք կլինի:Իսկ բուժումից հետո արդեն մայրիկը կկարողանա իր փոքրիկին տալ սեր և ուշադրություն, որը նրան այդքան պետք է:

impokrik.am