Doctors.am-ի հյուրասրահում է "Կամար" ստոմատոլոգիական կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգ, մանկաբույժ Արթուր Թոփալյանը:
 
Թեմա ՝ Մանկական ստոմատոլոգիա. երեխաների ատամների խնամք
 
- Մանկական ստոմատոլոգիան ստոմատոլոգիայում առանձին, զարգացած ուղղություն է: Ի՞նչ կասեք դրա առանձնահատկությունների մասին: Ի՞նչ տարբերություններ կան երեխաների և մեծահասակների սպասարկման մեջ:
 
- Մանկական ստոմատոլոգիան շատ առանձնահատկություններ ունի և շատ է տարբերվում ընդհանուր ստոմատոլոգիայից , բայց, միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ սխալ է միմյանցից շատ առանձնացնել այս ուղղությունները . մեծահասակներին պետք է սպասարկել ինչպես երեխաներին և հակառակը, երեխաներին՝ ինչպես "մեծ" մարդկանց: Փոքրերի նկատմամբ ավելի զգույշ պետք է լինենք, որովհետև ցանկացած վախ, ստիպողական գործողություն կարող է ստիպել երեխային ամբողջ կյանքում վախենալ ստոմատոլոգից, ցանկացած վրիպում կարող է վիրավորել նրան:
 
- Հատկապես ի՞նչն է երեխայի մոտ վախ առաջացնում:
 
- Այստեղ դաստիարակության խնդիր կա: Ծնողները որևէ վատ արարքի դեպքում երեխային միշտ վախեցնում են ատամնաբույժով: Նման կերպ վարվել չի կարելի: Ծնողներին խորհուրդ եմ տալիս ոչ մի դեպքւմ երեխային չսաստել բժշկի մոտ տանելու սպառնալիքով: Պարտադիր չէ, որ հենց առաջին այցելության ժամանակ ստոմատոլոգը ինչ-որ գործողություն կատարի, ավելի ճիշտ է երեխայի հետ խոսել, ներկայացնել կաբինետը, փոխել նրա նախատրամադրվածությունը, և հետո միայն անցնել բուժման ընթացքին:
 
- Ինչպիս՞ին պետք է լինի երեխայի առաջին հանդիպումը բժշկի հետ: Արդյ՞ոք ավելի ճիշտ չէ առաջին անգամ ստոմատոլոգին այցելել պրոֆիլակտիկայի նպատակով, ոչ ցավի դեպքում:
 
- Միանշանակ: Այս դեպքում կարելի է ավելի խաղարկային անցկացնել հանդիպումը, բացատրել , ներկայացնել: Առաջին կոնտակտը շատ կարևոր է:
 
- Ի՞նչ եք կարծում, կարևո՞ր է , որ բժիշկը լինի հենց մանկաբույժ, մանկական ստոմատոլոգ:
 
- Երեխաների հետ աշխատող ցանկացած բժիշկ, առաջին հերթին լավ հոգեբան պիտի լինի և ծայրահեղ անկեղծ:
 
- Մի փոքր պատմեք խնդրեմ երեխայի մոտ ատամնաշարի զարգացման մասին: Ո՞ր տարիքում են դուրս գալիս կաթնատամները, ե՞րբ են դրանք փոխարինվում հիմնական ատամներով:
 
- Կաթնատամները դուրս են գալիս 4-8 ամսական հասակում, և մինչև 2 տարեկան արդեն ատամնաշարը ձևավորվում է: Երեխան ունենում է 20 կաթնատամ մինչև 12 տարեկանը: 6-8 տարեկանում արդեն կաթնատամները փոխարինվում են հիմնական ատամներով: Շատ մայրիկներ այս տարիքի երեխաների մոտ առաջացած ստոմատոլոգիական խնդիրներին մի փոքր անլուրջ են վերաբերվում, մտածելով, թե երեխայի մոտ միայն կաթնատամներ են, սակայն այդ տարիքում փոքրիկը ունի արդեն 8 մնայուն ատամ: Եվ եթե այս տարիքում կանխվի նոր առաջացող խնդիրը, հետագայում երեխան կարող է խուսափել օրթոդոնտիկ խնդիրներից, ատամնաշարի դեֆորմացումից…
 
- Ի՞նչ դեր ունի ծծակը երեխայի մոտ ատամնաշարի զարգացման գործում: Այն ուն՞ի որևէ ազդեցություն:
 
- Ծծակի երկարատև օգտագործումը, ինչպես նաև բութ մատը անըհդհատ բերանում պահելու վատ սովորությունը շատ վատ ազդեցություն կարող է ունենալ: Հետագայում դա կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ բաց կցվածք, խաչաձև կցվածք: 8 ամսականից հետո խորհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ: Եթե մինչև 8 ամսական երեխան մայրական կաթ չի ուտում, խորհուրդ չի տրվում նաև շշի ծծակի անցքը լայնացնել: Մայրիկները դա անում են, որպեսզի երեխան ուտելիս շատ ջանք չգործադրի, սակայն կարևորը հենց ջանք գործադրելն է:
 
- Ինչպե՞ս է պետք երեխային սովորեցնել կոշտ սնունդ ընդունել:
 
- 6 ամսականից հետո երեխային պետք է սովորեցնել կոշտ սննդին: Այն պետք է շատ մատչելի չլինի երեխայի համար: Ատամների առկայության դեպքում պետք չէ սնունդը աղալ, մանր կտրատել, եթե միրգ է, երեխան պիտի կծելով ունի, միսը նույնպես:
 
- Ի՞նչ է մանկական կարիեսը: Կարելի՞ է արդյոք այն կանխարգելել:
 
- Կարիեսի առաջացումն ամբողջությամբ կանխարգելել հնարավոր չէ: Քաղցրասեր երեխաների ծնողները պետք է սովորեցնեն նրանց կոնֆետ ուտելուց հետո գոնե ջրով ողողել բերանը: Կարիեսի առաջացման շատ պատճառներ կան, հիմնականներն են բակտերիան , քաղցրը և ժառանգականությունը: Իհարկե, մեր ջրի մեջ յոդի և ֆտորի պակասը նույնպես նպաստում է դրա առաջացմանը:
 
- Ի՞նչ է արծաթավորումը: Ե՞րբ և ինչպե՞ս է այն իրականացվում:
 
- Արծաթավորումը նախնական կարիեսի կանխանրգելման պրոֆիլակտիկ միջոց է: Արծաթավորումը և ֆտորացումը օգնում են որոշ ժամանակով դադարեցնել կարիեսի զարգացումը: Արծաթավորման միակ թերությունն այն է, որ այն սևացնում, փոխում է կաթնատամների գույնը: Ֆտորացման դեպքում նույն խնդիրը չկա, պարզապես արդյունավետությունն ավելի թույլ է, այն հիմնականում կիրառվում է գերզգայունության դեպքում:
 
- Ինչպ՞ես պետք է սովորեցնել երեխային լվանալ ատամները: Ո՞ր տարիքից է ճիշտ համարվում դա անել, կա՞ն կանոններ:
 
- Երկու տարեկանից սկսած պետք է սովորեցնել երեխային օրական երկու անգամ ատամները լվանալ, սկզբում ծնողի օգնությամբ, իհարկե: Կարևոր է ատամները մաքրելու տևողությունը: Եթե դա 10-15 վայրկյան է, հավասար է չմաքրելուն: Մաքրելու ճիշտ տևողությունն է 1.5-3 րոպե: Այս պրոցեսը ևս կարելի է խաղի վերածել, թայմեր դնել, կամ բջջայինների համար շատ ծրագրեր կան, երբ, օրինակ շնիկը լվանում է ատամները, և երեխան հոլովակի հետ զուգընթաց մաքրում է իր ատամները:
 
- Ինչպե՞ս երեխայի համար ընտրել ճիշտ մածուկ և խոզանակ:
 
- Երեխայի համար մածուկ և խոզանակ խորհուրդ եմ տալիս գնել դեղատներից: Մանկական մածուկի բաղադրությունը այլ է: Նրանք ատամները լվանալիս մեծ քանակությամբ մածուկը ուտում են, հետևաբար, այն պարունակում է միայն կալցիում և այլ բաղադրիչներ: Չի կարելի երեխային տալ մեծահասակների համար նախատեսված մածուկ: Իսկ խոզանակը, ցանկալի է որ լինի սովորական, դասական առանց պտտվող, շարժվող հատվածների:
 
- Ի՞նչ կասեք կանանց մոտ հղիության ընթացքում առաջացող պրոբլեմների մասին: Կարելի՞ է արդյոք սպասարկել հղի կնոջը: Որ՞ոնք են առաջացող հիմնական խնդիրները:
 
- Կանանց սպասարկել միանշանակ հարկավոր է: Իհարկե, հեռատես կինը պետք է լուծի ատամների հետ կապված խնդիրները մինչև հղիանալը, սակայն եթե առաջացել է խնդիր, հղիության ընթացքում կա ժամանակահատված՝ 3-6 ամսականը, երբ կարելի է նորմալ բուժսպասարկում իրականացնել: Պետք չէ մոռանալ, որ հղի կինը, ունենալով ատամնացավ, բորբոքում, սթրեսը փոխանցում է նաև երեխային: Հիմնական խնդիրը ֆտորի և կալցիումի պակասելն է օրգանիզմում, որը և բերում է կարիեսի առաջացման: Ցանկալի է այդ ընթացքում շատ օգտագործել կալցիում և ֆտոր պարունակող սնունդ, ոչ թե դրանք ընդունել պրեպարատների միջոցով:
 
- Ձեզ համար՝ որպես ստոմատոլոգ, ավելի հեշտ է աշխատել երեխաների թ՞ե մեծահասակների հետ:
 
- Երեխաների հետ աշխատանքն ինձ մեծագույն հաճույք է պատճառում: 2003 թվականից աշխատում են նաև որպես մանկական ստոմատոլոգ: Այս գործը մեծ ջանքերի ներդրում է պահանջում, որ երեխան հանկարծ լաց չլինի:
 
- Ո՞րն է Ձեր խորհուրդը երիտասարդ մայրիկներին: Ինչի՞ն է պետք մեծ ուշադրություն դարձնել:
 
- Հղիության ընթացքից սկսած, մայրիկը պետք է ուշադիր լինի սկզբում իր, հետո նաև փոքրիկի մոտ բերանի խոռոչի, ատամների խնամքի նկատմամբ: Պետք չէ երեխայի մոտ զարգացնել վատ սովորությունները՝ ծծակի երկարատև օգտագործումը: Նաև պետք է ուշադրություն դարձնել երեխայի շնչառությանը քնած ժամանակ: Բերանային շնչառությունը կարող է լրջորեն վնասել ատամները: Խորհուրդ եմ տալիս հետևել, որ երեխան օրական գոնե մեկ անգամ անպայման մաքրի ատամները:
 
 
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am