Արգանդի արտանկում, ի՞նչ խնդիր է սա և որո՞նք են վիրահատական բուժման եղանակները. ներկայացնում է  «Սլավմեդ» բժշկական կենտրոնի Ծննդատան և գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վարդան Ռափյանը:

Ի՞նչ խնդիր է արգանդի արտանկումը: Ո՞ր տարիքի կանանց մոտ է այն առավել հաճախ հանդիպում և ի՞նչ պատճառով:

Արգանդի արտանկումը հիմնականում միջինից բարձր տարիքի կանանց մոտ հանդիպող հիվանդություն է: Որպես կանոն, արտահայտվում է արգանդի և հարակից օրգանների դիսֆունկցիայով՝ խնդիրներ կապված միզապարկի, աղիների գործունեության հետ: Հիմնական գանգատը՝ սեռական ուղիներից արգանդի մարմնի և վզիկի դուրս գալն է, հեշտոցի պատերի հետ միասին: Այս երևույթը կարող է հանգեցնել միզարձակության խանգարումների՝ հաճախամիզության, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողության առաջացման, որոշ դեպքերում՝ անմիզապահության, ծանրության զգացողություն, ցավերի…Եվ, քանի որ կա սեռական ուղիներից արգանդի արտանկում, շատ հաճախ տեղի են ունենում նաև մեխանիկիական վնասվածքներ՝ հագուստի հետ շփման արդյունքում:

Այս խնդիրը մեծամասամբ հանդիպում է ծննդաբերած կանանց մոտ կամ հյուսվածքների փոփոխության արդյունքում՝ ինչին կարող են հանգեցնել ծննդաբերությունները, պատռվածքները, խոշոր պտղով ծննդաբերելը, շարակցական հյուսվածքների դեֆեկտները՝ պայմանավորված տարիքով…

Կնոջ համար սա, իհարկե , մեծ անհարմարություն է. նա չի կարողանում տանից դուրս գալ, աշխատել, նա հասարակական կյանքում դառնում է ոչ լիարժեք:

Այն հանգեցնում է ինչպես կյանքի որակի անկման, այնպես էլ առողջական մի շարք խնդիրների առաջացման:

Արգանդի արտանկումը կոնքի հատակի դիսֆունկցիայի կլինիկական արտահայտություններից միայն մեկն է, որը հետևանք է շեքի անբավարարության և կարող է արտահայտվել մի շարք այլ դրսևորումներով ևս՝ անմիզապահությամբ, արգանդի պատերի իջեցմամբ և այլն…

Ի՞նչ է իրենից ներկայացնում վիրահատական բուժումը:

Այս դեպքում մենք վերականգնում ենք կոնքի հատակի անատոմիան ամբողջությամբ, մեր նպատակն է վերականգնել միզապարկի նորմալ գործունեությունը, այսինքն, կատարել միզապարկի բարձրացում և դրա ֆիզիոլոգիական դիրքի ապահովում, արգանդի հեռացում կամ երիտասարդ կանանց մոտ վիրահատությունը կատարել արգանդի պահպանմամբ, կատարել նաև ուղիղ աղիքի ֆունկցիայի և շեքի մկանների վերականգնում:

Վիրահատության նպատակն է ֆիքսել արգանդը, միզապարկը և ուղիղ աղիքը՝ նորմալ ֆիզիոլոգիական դիրքում: Այս 3 ուղղությամբ կատարվում է պլաստիկ վիրահատություն, որը ներառում է անատոմիական դիրքի վերականգնումը և ֆիքսումը՝ բացառելու համար խնդրի կրկնման հավանականությունը:

Փաստորեն, այս խնդիրը սկզբունքորեն նման է ճողվածքի:

Այո, ճիշտ եք նկատում: Այն, սկզբունքորեն, կարելի է համեմատել ճողվածքների հետ: Ներորովայնային ճնշման բարձրացման դեպքում՝ աղիների գործունեություն, հազալ, փռշտալ, ֆիզիկական աշխատանք, ճնշումը տարածվում է որովայնի խոռոչում, և, որտեղ առկա է թույլ տեղ, այնտեղից տեղի է ունենում ներքին օրգանների արտանկում՝ ճողվածքի նման:

Խնդիրը ունի նաև ավելի մեղմ դրսևորումներ, երբ արտանկում տեղի է ունենում միայն միզապարկի դեպքում՝ ցիստոցելե, ուղիղ աղիքի պատի թուլություն՝ ռեկտոցելե, որովայնի խոռոչի աղիների պատերի դուրսբերում՝ էնտերոցելե:

Այս երեք կոմպոնենտների ֆունկցիայի վերականգնումը պետք է կատարվի միաժամանակ և դրանցից նույնիսկ մեկի թերի կատարումը կարող է հանգեցնել հիվանդության կրկնության:

Վիրահատության բարդությունը հենց այն է, որ միաժամանակ կատարվում է մի քանի կորեկցիա:

Այսինքն, տեղի է ունենում օրգանների «վերադասավորում» և միաժամանակ նաև պլաստիկա:

Այո, իհարկե:

Վիրահատական ի՞նչ մոտեցումներ գոյություն ունեն այս խնդրի լուծման համար, և  ո՞րն եք առավել արդյունավետ համարում:

Միզապարկի ֆիքսման դեպքում կարիք է լինում տեղադրել կա՛մ ժապավեն, կա՛մ պրոլենե թելեր: Վերջինս, մեր կողմից մշակված նոր եղանակ է, որը մեր հիվանդների օրգանիզմի կողմից ավելի ընդունելի է, և դրանք ամբողջությամբ փոխարինում են ժապավենին:

Ո՞րն է այս թելերի առավելությունը՝ ժապավենի համեմատությամբ:

Ժապավենի դեպքում կարող են առաջանալ բարդություններ՝ միզարձակության դժվարացում, հարակից օրգաններ ներթափանցում և այլն…

Այս թելերը հնարավորություն են տալիս խուսափել շատուշատ բարդություններից: Մենք այժմ փորձում ենք նվազագույնի հասցնել օտար մարմնի կիրառումը: Այս վիրահատության դեպքում աշխատում ենք հենց այդ սկզբունքով՝ հնարավորինս օգտագործել բնական հյուսվածքները, իսկ անհրաժեշտության դեպքում կիրառել պրոլեն՝ փորձելով նմանակել ժապավենի ֆունկցիան:

Արգանդի իջեցման վիրահատական բուժման մի քանի եղանակներ գոյություն ունեն, որոնցից մենք հիմնականում կիրառում ենք հեշտոցային եղանակով վիրահատության մեթոդը, որը հնարավորինս քիչ տրավմատիկ է  կնոջ համար և ամենաարդյունավետը:

Քանի որ արգանդի արտանկման հիմնական պատճառներից մեկը ծննդաբերությունն է, այս դեպքում գոյություն ունի՞ պրոֆիլակտիկա, կարելի՞ է կանխարգելել խնդիրը դեռևս երիտասարդ տարիքում:

Ամբողջությամբ կանխարգելել, գործնականում հնարավոր չէ, սակայն, եթե հաշվի առնենք, որ խնդիրն առաջանում է հիմնականում ծննդաբերական տրավմաների հետևանքով, ապա վնասվածքների պրոֆիլակտիկան կարելի է համարել նաև իջեցման պրոֆիլակտիկա: Եթե վնասվածքները նորմալ ապաքինվել են, հետծննդյան շրջանում կինը հետևել է, որ մկաններն արագ վերականգնվեն, զբաղվել է ֆիզիկական ակտիվությամբ՝ հավանականությունը, իհարկե, փոքրանում է: Չմոռանանք սակայն, որ տարիքի և շարակցական հյուսվածքների փոփոխություններով պայմանավորված՝ խնդիրը 100%-ով բացառել անհնար է:

Պետք է յուրաքանչյուր տարիքում լինել ֆիզիկապես հնարավորին չափ ակտիվ, հետևել ներորովայնային ճնշմանը՝ կանխարգելել փորկապությունները... Այսպիսով խուսափել ոչ միայն արանկման, այլ նաև մի շարք այլ խնդիրներից:


Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Հեղի​նակ՝ Ամալյա Գրիգորյան
25 Դեկտեմբերի, 2015