Երեխայի սրտի բնածին հիվանդությունները հնարավոր է հայտնաբերել հղիության ընթացքում: Պտղի սրտի կառուցվածքը գնահատելու համար` 18-20 շաբաթականում, երբ սիրտն արդեն ձևավորված է, կատարվում է սկրինինգ հետազոտություն: Doctors.am-ը «Սրտաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում մանկական սրտի հիվանդությունների մասին զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան Մարիամ Սապոնջյանի հետ:

-Բժշկուհի Սապոնջյան, ինչպե՞ս է կատարվում պտղի սրտի հետ կապված խդիրների հետազոտությունը:

-Մասնագետները հղիության վաղ շրջանում ֆետալ էխոսրտագրության միջոցով կարող են հայտնաբերել պտղի սրտի բնածին արատներն ու գնահատել՝ արդյոք դրանք համատեղելի են երեխայի կյանքի հետ։ Սա բժիշկներին հնարավորություն է տալիս խնդիրի դեպքում ծնվելուց անմիջապես հետո երեխային ցույց տալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Եթե մինչև ծնվելը պտղի մոտ ախտորոշվել է սրտի խնդիր, ապա լույս աշխարհ գալուց հետո այն հաստատվում կամ հերքվում է: Որոշ դեպքերում ախտորոշումը միանշանակ է, սակայն ավելի հաճախ` երեխայի ծվելուց հետո, լինում է ճշգրտման կարիք: Որոշ արատներ, ինչպիսիք են սրտի միջփորոքային դեֆեկտները, միջնախասրտային միջնապատի դեֆեկտները, թոքային զարկերակի նեղացումը, մինչ ծվելը հնարավոր չէ բացառել: Սակայն որոշ կոպիտ արատներ, որոնցից է միափորոք սրտի առկայությունը` կարելի է ախտորոշել մինչ երեխայի ծնվելը:

-Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ պտղի և երեխայի մոտ սրտի հիվանդությունների առաջացման համար:

-Սրտի արատով երեխա կարող է ծնվել ինչպես ռիսկի խմբում գտնվող, այնպես էլ առողջական որևէ խնդրի չունեցող զույգերի մոտ: Աշխարհում ծնված յուրաքանչյուր հարյուր երեխայից մեկն ունենում է սրտի արատ` անկախ ռիսկի գործոններից: Սակայն կան դեպքեր, երբ ցուցված է կատարել ֆետալ էխոսրտագրություն: Ռիսի խումբ են համարվում` դիաբետ, առանց պատճառի վիժում, մեռելածին պտուղ  ունեցող կանայք, ինչպես նաև, երբ մայրը կամ հայրն ունեցել են սրտի բնածին արատ: Այս դեպքում սրտի արատով երեխա ունենալու հավանականությունը երկու տոկոս է:

-Հայաստաում երեխաների շրջանում սրտի արատներն ու հիվանդություններ արդյո՞ք տարածված երևույթ են:

-Ավելի հաճախ երեխայի մոտ հայտնաբերված սրտի արատը հեշտ լուծվող խնդիր է: Որոշ դեպքերում լուրջ միջամտության կարիք չի լինում, եթե հիվանդությունը հայտնաբերվում է ճիշտ ժամանակին: Սրտի հետ կապված խնդիրներով երեխաների թիվը վերջին շրջանում ավելացել է, սակայն սխալ է ասել, որ Հայաստանը ռիսկի գոտի է: Կարելի է արձանագրել, որ բժշկին դիմողների թիվն է ավելացել` կախված իրազեկվածությունից:

-Հայաստանում սրտի հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն ապահովելու համար ինչպիսի՞ հնարավորություններ կան:

-Մեր երկրում սրտի հիվանդությունների բուժումն իրականացվում է բարձր մակարդակով: Ունենում ենք և՛ երեխա, և՛ մեծահասակ հիվանդներ նաև հարևան երկրներից: Շուտով «Աստղիկ» բժշկական կենտրոնում կբացվի «Մանկական սրտային վիրաբուժության կլինիկա»: Այժմ վերանորոգման ու տեխնիկական հագեցման փուլում է: Մեկ տարվա ըթացքում սրտային վիրաբուժության բաժանմունքի բժիշկներն աևդեն սրտի բնածին արատով ու ռիթմի խանգարումներով մինչև յոթ տարեկան ութ երեխայի հաջող վիրահատություն են կատաել:

-Նման խնդիր ունեցող երեխան ինչպիսի՞ ապրելակերպ պետք է վարի:

- Ապրելակերպը պետք է կախված լինի սրտի հիվանդությունների տեսակից: Որոշ դեպքերում վիրահատությունից հետո որևէ սահմանափակում ամբողջ կյանքի ընթացքում չի լինում: Այսպիսի խնդրով երեխան կարող նույնիսկ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Սակայն կան դեպքեր, որ լրացուցիչ հսկողություն է սահմնավում, դա կարող է ցուցում լինել կնոջ համար հղիություն չունենալու հարցում: Նախկինում սահմանափակումներն ավելի շատ էին, քանի որ հիվանդությունը հայտնաբերվում էր ուշ շրջանում: Հիմա ճիշտ ժամանակին կատարվում է հետազոտություն և անհրաժեշտության դեպքում` վիրահատություն: Մեծ տարիքում բարդությունների առաջացման հավանականությունն էլ նվազում է:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
13 Նոյեմբերի, 2017