Շոշափման ընկալումը փոքրիկի ֆիզիկական և զգացողական զարգացման կարևորագույն գործոն է: Մերսումը, որի ժամանակ դուք շոյում ու փայփայում եք Ձեր փոքրիկին, նրա հետ մտերմանալու և հարազատանալու լավագույն միջոցներից է: Հնդկաստանում և Աֆրիկայում հարյուրավոր տարիներ երեխաներին մերսում են ոչ միայն մոր և երեխայի միջև մտերմություն հաստատելու, այլև խիթերից ազատելու, մարսողությունը լավացնելու և մկանները ուժեղացնելու համար: Թեթևակի թփթփոցները թուլացնում են որովայնի պատը, ինչը իր հերթին հեշտացնում է գազերի դուրս գալը և վերացնում խիթերից առաջացող ցավը: Մերսումը ամրացնում է նաև երեխայի թաթիկներն ու տոտիկները:
Կան մերսման շատ տեսակներ, որոնք ցանկության դեպքում դուք կարող եք ուսումնասիրել, բայց առաջին ամիսներին փոքրիկի համար բավական են նույնիսկ Ձեր նուրբ հպումները: Ամենից ավելի լավ է մերսում կատարել կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում, երբ զգում եք, որ դա երեխային հաճույք է պատճառում և հա լավ տրամադրություն ունի: Մինչև երեխային մերկացնելը ստուգեք` սենյակում տա՞ք է, միջանցուկ քամիներ չկա՞ն: Դա շատ կարևոր է, որովհետև երեխաները մոտավորապես 10 անգամ ավելի արագ են կորցնում ջերմությունը, քան մեծերը: Մի՛ մոռացեք, որ չի կարելի նորածինների թաթիկներն ու տոտիկները եռանդագին մարզել:
Մերսումից առաջ հանեք Ձեր մատանիներն ու ապարանջանները, կարճ կտրեք ու լավ մշակեք եղունգները, որ նրանց վրա անհարթություններ չլինեն: Ներքև կախելով և թափ տալով թուլացրեք Ձեր ձեռքերը և ապա ափերը իրար շփելով` տաքացրեք: Մի քիչ մանկական յուղ քսեք և մատների ծայրերով զգուշությամբ, թեթև ու ռիթմիկ շարժումներով սկսեք մերսել փոքրիկին: Մերսումը սկսեք գլխի շրջանից, հետո աստիճանաբար անցեք տոտիկներին:
Մերսման ընթացքում մատների հպումները պետք է լինեն շատ նուրբ ու փետուրի պես թեթև, հատկապես գլխի շրջանը և դեռ ամբողջովին չսպիացած պորտիկի շուրջը թփթփացնելիս: Նորածինները ձգտում են այնպիսի դիրք ընդունել, ինչպիսին նրանք ունեին մոր արգանդում: դա բնական է, խորհուրդ չի տրվում շատ փոքր հասակում ուղղել փոքրիկների վերջույթները: Երգ փոքրիկը մի քիչ մեծանա, մերսման ժամանակ Ձեր հպումները ավելի վստահ կարող եք կատարել, և արդեն կարելի կլինի մերսումը կատարել ոչ թե մատների ծայրերով, այլ ափերով: Վերջացնելով մերսումը` հագցրեք երեխային, իսկ եթե նա քնել է ուզում, թող քնի: