Նախկինում կատարված հետազոտությունը պարզել էր, որ իրենց երեխաների լացին արագ և ջերմորեն արձագանքող մայրիկներն ունենում են ավելի լավ զգացմունքային զարգացում ունեցող երեխաներ, քան ավելի քիչ զգայուն մայրերը: Վերջին նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մանկական հասակում երեխայի խնամքի դրական փորձ ունեցած կամ բացասական փորձին համակերպված մայրիկներն ավելի ջերմորեն են արձագանքում իրենց երեխաների լացին:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրենց մանկության տարիներին խնամողների կողմից դրական զգացողություններ ստացած ծնողներն ավելի զգացմունքայնորեն են արձագանքում իրենց երեխաների լացին:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի և Երուսաղեմի հրեական համալսարանի հետազոտողների համագործակցությամբ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում:
Վերջին մյուս ուսումնասիրություններում կարևորվել է երեխաների նկատմամբ ծնողական ուշադրությունը: Վերջերս Medical News Today պարբերականում գրվել է, որ այն, թե ինչպես են ծնողներն արձագանքում երեխաների թոթովանքներին, կարող է ազդել նրանց լեզվական հմտությունների զարգացման վրա:
«Երեխայի լացին զգացմունքորեն արձագանքելը դժվարին, սակայն կարևոր գործ է»,- ասում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը ներկայացնող առաջատար հեղինակ պրոֆեսոր Էսթեր Մ. Լիրքսը:
«Որոշ մայրեր կարիք ունեն օգնության իրենց սեփական անհանգստությունը վերահսկելու և երեխաների լացը՝ որպես կարիքի կամ անհարմարության մասին հաղորդելու փորձ մեկնաբանելու հարցում»,- ասում է նա:
Ելնելով ներկայացվածի կարևորությունից՝ պրոֆեսոր Լիրքսը և գործընկերները ցանկանում էին ուսումնասիրել, թե որ բնորոշիչներն են տարբերվում իրենց երեխաների լացին զգացմունքորեն արձագանքող մայրերի և ավելի քիչ զգացմունքային մայրերի մոտ:
Հետազոտողները հետևել են տարբեր ռասայական և սոցիալ-տնտեսական շերտեր ներկայացնող՝ առաջին անգամ մայրացող 259 կանանց՝ սկսած հղիությունից մինչև նրանց երեխաների 6 ամիսը լրանալը: Բացի այդ, մայրերը լրացրել են իրենց անձնական հատկանիշների և զգայական առանձնահատկությունների վերաբերյալ հարցաշարեր, իսկ հետազոտողները նրանց հարցրել են մանկության տարիներին ծնողների կամ խնամողների հետ կապված իրենց ապրումների մասին:
Երբ հղի մայրիկները դիտում էին չորս լացող երեխաների մասին տեսանյութերը, հետազոտողների թիմը գնահատել է նրանց մաշկի ռեակցիան՝ ինչքա՞ն քրտինք կար նրանց մաշկի վրա ի պատասխան սթրեսի, և նրանց սրտի աշխատանքը՝ լացի նկատմամբ նրանց ֆիզիոլոգիական ռեակցիաները գնահատելու նպատակով:
Արդյունքները ցույց տվեցին, որ այն մայրերը, ովքեր զգացել են անհանգստություն կամ ունեցել են իրենց զգացմունքները վերահսկելու հետ կապված դժվարություններ, ավելի շատ կենտրոնացել են իրենց վրա, քան կարևորել լացող երեխաների կարիքները:
Եթե ներկայացնենք առավել մանրամասնորեն, ապա այն ծնողները, ում ֆիզիոլոգիական հակազդումները վկայել են այն մասին, որ նրանց ֆիզիկական սթրեսը վատ է վերահսկվում, տեսանյութերին արձագանքել են առավել բացասաբար, և ընկալել լացը կա՛մ որպես տհաճություն, կա՛մ մանիպուլյացիա: Բացի այդ, նման ծնողները եղել են ավելի քիչ զգայուն իրենց երեխաների լացի նկատմամբ, երբ այդ երեխաները 6 ամսական էին:
Պրոֆեսոր Լիրքսն ասում է, որ այդ մայրերը կարող են օգնության կարիք ունենալ, և միաժամանակ ավելացրել, որ «այդ հմտությունները կարող են ձևավորել տնայց ծրագրերը կամ ծնողական խնամքի վերաբերյալ դասընթացները, որոնք ծնողներին օգնում են առավել իրազեկ լինել սթրեսի մասին և սովորեցնում այն նվազեցնելու ձևերը, ինչպես նաև ծնողների անհատականացված ուսուցմանն ուղղված ջանքերը»:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռասայի միջոցով չի կարելի կանխատեսել, թե ինչ են մայրերը մտածում, զգում կամ ինչպես են արձագանքում ի պատասխան փոքրիկների լացին, ինչը ըստ պրոֆեսոր Լիրքսի «էլ ավելի է հիմնավորում անհանգստության նկատմամբ մայրերի զգայունակությունը խթանող պրոցեսների համընդհանրությունը»:
Այս տարվա հուլիս ամսին Medical News Today-ը հրապարակել է մի ուսումնասիրության մասին, ըստ որի մայրերն իրենց վախերը փոխանցում են սեփական երեխաներին հոտերի միջոցով:
Թարգմամված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medicalnewstoday.com