Գիշերանոթից օգտվելուն պատրաստ լինելը կախված է երեխայի տարիքից ու անձնական հատկություններից: Լսելով տարբեր մարդկանց` հավանաբար դուք կմտածեք, թե երեխային գիշերանոթից օգտվելուն վարժեցնելը ծանր գործ է: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Մեծանալով` երեխաները իրենց աղիքներն ու միզապարկը կարգավորելու ունակություն են ձեռք բերում: Մայրը պետք է ուշադիր հետևի իր երեխային` սպասելով, թե ե՞րբ է նա ուզում այդ պահանջը կատարել, և բարեկամաբար խրախուսի նրան օգտվել գիշերանոթից:
Ամենից առաջ պետք է հիշել, որ տարբեր տարիքում տարբեր երեխաների աղիքներն ու միզապարկը իրար նման չեն գործում: Բացի այդ, տարբեր է նաև երեխաների վերաբերմունքը վարժեցման ձևի նկատմամբ:
Որոշ երեխաների կղանքը կանոնավոր է լինում, մյուսներինը` ոչ: Կյանքի առաջին տարվա ընթացքում երեխաների մեծ մասը համարյա չի զգում, թե ե՞րբ են գործելու իր աղիքները: Հենց որ ուղիղ աղիքը լցվում է, կղանքը դուրս է հրվում այնպես, որ մայրը չի հասցնում հետևել:
Որոշ երեխաների առաջին (կամ միակ) կղանքը օրվա ընթացքում լինում է միշտ նախաճաշից մի քանի րոպե հետո: Լցված ստամոքսը ստիպում է աղիքներին գործել, հատկապես գիշերը երկարատև հանգստից հետո: Այդ պահը «որսալը» բավականին հեշտ է: Բայց ասվածը չի նշանակում, թե դուք արդեն վարժեցրել եք երեխային գիշերանոթից օգտվելուն: Առաջին տարվա ընթացքում նա համարյա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Դեռևս դուք վարժեցրել եք ոչ թե երեխային, այլ Ձեզ: Երեխան դեռևս միայն ընտելանում է գիշերանոթին:

Ուրիշ երեխաների կղանքը լինում է օրական մի քանի անգամ, օրվա տարբեր ժամերին: Եթե երեխայի աղիքները անկանոն են գործում, անօգուտ է փորձել նրան կյանքի առաջին տարում գիշերանոթի վարժեցնել: Դուք ստիպված կլինեք նրան գիշերանոթի վրա նստեցնել այնքան հաճախ ու երկար, որ նա ավելի շուտ միայն կբարկանա ու կդիմադրի, քան թե կվարժվի:

Կես տարեկանից մեծ երեխային գիշերանոթին վարժեցնելու մեթոդները: Եթե երեխայի փորիկը կանոնավոր է գործում, ծնողները սովորաբար նրան գիշերանոթին նստեցնում են սկսած 7 ամսականից մինչև 12 ամսական հասակում: Դա խելամիտ մեթոդ է այն ծնողների համար, ովքեր ձգտում են հնարավորին չափ շուտ վարժեցնել երեխային գիշերանոթին նստել: Այդ հասակում երեխան կարողանում է լավ նստել, և ի վիճակի է մասամբ ղեկավարել իր մարմնի ներքևի մասը: Եթե երեխայի փորիկը գործում է ամեն օր` նախաճաշից 10 րոպե հետո, ապա հաջողության կարելի է հասնել արագ և առանց էական ջանքերի: Այդպիսի դեպքերում երեխան ստիպված չի լինում չափազանց երկար նստել գիշերանոթին, նա այդքան համբերություն էլ չունի: Իհարկե, սա ուսուցման առաջին փուլն է, քանի որ մինչև մեկ տարեկան հասակը երեխան դեռ լավ չի հասկանում, թե ինչ է պահանջվում իրենից: Նա պարզապես սովորում է նստել գիշերանոթին և դրա հետ է կապում աղիքների գործելուց առաջացած զգացումները: Դուք կմտածեք, թե դա կնախապատրաստի նրան հետագա ուսուցմանը: Բայց հաջորդ անգամ հազիվ թե երեխայի փորիկը գործի օրվա երկրորդ կեսի նույն ժամին:
Եթե այդ տարիքում օրվա մեջ նույնիսկ առաջին անգամ երեխայի փորիկը կանոնավոր չի գործում, ապա անիմաստ է փորձել «որսալ» այդ պահը: Դուք ստիպված կլինեք երեխային գիշերանոթին նստեցնել բավականին հաճախ և բավականին երկար ժամանակով, ինչը երեխային կդարձնի անհամբեր ու համառ:

Վախ, որ կղանքը կլինի պինդ ու ցավոտ

Երբեմն երեխայի աղիքներում աստիճանաբար կամ միանգամից սկսում է ձևավորվել պինդ կղանք, որը դուրս գալիս ցավ է պատճառում երեխային: Բայց ոչ ամեն պինդ կղանք է ցավոտ լինում: Օրինակ` սպաստիկ փորկապության ժամանակ, երբ կղանքը փոքրիկ, պինդ գնդիկների ձև է ունենում, ցավեր սովորաբար չեն լինում: Ցավոտ է լինում պինդ, մեծ, լայն տրամագծով կղանքը: Անցնելով խիստ ձգված հետանցքով` պինդ կղանքը կարող է պատռել նրա եզրը` առաջացնելով շատ փոքրիկ պատռվածք, որը աղիքները գործելու ժամանակ կարող է մեծանալ: Դա շատ ցավոտ է, և եթե կղանքը շարունակում է պինդ մնալ, պատռվածքը դեռ երկար ժամանակ չի լավանում: Դժվար չէ հասկանալ, թե ինչու մեկ անգամ նման պատճառով ցավ զգացած երեխան ամեն կերպ աշխատում է խուսափել դրանից: Եթե երեխային հաջողվում է մի քանի օր պահել կղանքը, այն ավելի է պնդանում և ավելի դժվար է դուրս գալիս: Ստացվում է կախարդված շրջան:
Շատ կարևոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ, եթե երեխայի կղանքը պինդ լինի, մանավանդ կյանքի երկրորդ տարում, երբ երեխան առանձնապես զգայուն է: Բժիշկը կարող է որևէ դեղ հանձնարարել կամ փոփոխություն մտցնել ուտելիքի մեջ: Լավ է օգնում սև սալորի չիրը կամ հյութը: Եթե երեխան սիրում է սալորի չիր, նրան տվեք ամեն օր: Օգնում են նաև հացը և խոշոր աղացած ձավարեղենը, հատկապես` վարսակը:
Որոշ ժամանակ ստիպված կլինեք հանգստացնել երեխային` ասելով, որ դեղն օգնել է, և կղանքն այլևս իրեն առաջվա պես ցավ չի պատճառի: Եթե երեխան շարունակում է վախենալ ու դիմադրել, և Ձեզ թվում է, թե ցավերը շարունակվում են, անհրաժեշտ է երեխային բժշկի մոտ տանել, թերևս պատռվածք է առաջանում, որը չի առողջանում: երբեմն անհրաժեշտ է լինում թմրեցմամբ լայնացնել հետանցքը:
Ինչի՞ց պետք է խուսափել, եթե երեխան համառորեն հրաժարվում է օգտվել գիշերանոթից: Թեև մոր համար դժվար է համբերատար լինել և չբարկանալ երեխայի վրա, եթե ոչ մի կերպ հորդորներին չի ենթարկվում և գիշերանոթի վիա չի նստում, նա պետք է իմանա, թե ինչպե՞ս վարվի, որ դրությունն էլ ավելի չլրջանա: Եթե մայրը ստիպի երեխային ավելի ու ավելի հաճախակի և երկար նստել գիշերանոթին, չնայած վերջինս կտրականապես հրաժարվում է դրանից, ապա դա միայն կուժեղացնի նրա համառությունը: Ծնողների զայրույթը, եթե այն անմիջապես չի ներգործում և միայն ստիպում է երեխային իրեն մեղավոր զգալ, նրան չի ուղղի: Եթե դուք անընդհատ ամաչեցնեք երեխային նրա վարմունքի համար կամ նրա մեջ զզվանքի զգացողություն մտցնեք, ապա, միևնույն է, համարյա ոչնչի չեք հասնի, նրան կդարձնեք չափազանց կամազուրկ մի մարդ, որը վախենում է օգտվել կյանքի հաճույքներից կամ վախենում է ձեռնարկել որևէ նոր բան և շատ արագ հոգեպես ընկճվում է, երբ ինչ-որ բան չի ստացվում:
Մայրը սպասում է, որ երեխան իմաց տա: Ընդհանրապես ծնողները գերադասում են չշտապել երեխային գիշերանոթին վարժեցնել (նրանք սպասում են նաև, որ երկրորդ տարվա վերջին երեխան ինքը խնդրի կղանքի համար գիշերանոթին նստեցնել), չեն շտապում սովորեցնել գիշերանոթի մեջ միզել: այն երեխան, որը 18-ից մինչև 24 ամսական հասակը սովորում է մորը հայտնել, որ փորիկը ուզում է գործել, մոտավորապես մեկ ամիս հետո կսկսի զգալ, որ իր միզապարկը լցվել է և այդ մասին կհայտնի մորը, եթե, իհարկե, մայրը խրախուսի նրան:
Որոշ երեխաներ միզակապություն են ունենում, երբ իրենց տանը չեն: Պատահում է նաև, որ երեխան շատ է ընտելանում իր գիշերանոթին և չի կարողանում միզել ուրիշ տեղ: Եթե երեխայի միզապարկը այնքան լիքն է, որ ցավ է պատճառում, բայց նա չի կարողանում միզել, լավ կլինի, որ 5-10 րոպե տաք լոգանք ընդունի: Հնարավոր է, որ դա օգնի: Եթե դուք պատրաստվում եք երեխայի հետ ճանապարհորդել, անպայման հետներդ վերցրեք նրա գիշերանոթը, որպեսզի «նեղ դրության» մեջ չընկնեք:

Երբ երեխան ամբողջ գիշեր չոր է մնում

Փորձված և անփորձ շատ ծնողներ կարծում են, թե պետք է գիշերը անկողնուց հանել և գիշերանոթին նստեցնել երեխային, որ մինչև առավոտ չոր մնա: Նրանք հարցնում են բկին. «Հիմա ցերեկը երեխան համեմատաբար հազվադեպ է թրջում վարտիքը, գիշերը ե՞րբ պետք է արթնացնել նրան` գիշերանոթին նստեցնելու համար»:
Դա սխալ վերաբերմունք է: Իրականում Ձեզանից ոչ մի ջանք չի պահանջվի, որ երեխան ամբողջ գիշեր չոր մնա: Դա տեղի է ունենում, երբ միզապարկը արդեն բավականին ամրացել է, իսկ երեխան չի նյարդայնանում և չի դիմադրում գիշերանոթի վարժեցնելուն: 12 ամսական հարյուր երեխաներից մեկն է առավոտյան չոր արթնանում, չնայած մայրը երբևիցե նրան չի վարժեցրել այդ բանին, և նույնիսկ այն դեպքում, երբ ցերեկը նա թրջում է իր վարտիքը: Նմանապես շատ երեխաներ երկրեշորդ տարվա վերջին և երրորդ տարվա սկզբին ամբողջ գիշեր չոր են մնում, թեև դեռ չեն սովորել ցերեկվա ընթացքում ղեկավարել իրենց միզապարկը: Քնած ժամանակ երիկամները ինքնաբերաբար ավելի քիչ , սակայն ավելի խիտ մեզ են արտադրում, ուստի միզապարկը կարողանում է մեզը ավելի երկար պահել գիշերվա քնի ընթացքում, քան ցերեկը:
Հենց որ երեխան սովորում է ցերեկվա ընթացքում օգտվել գիշերանոթից, որոշ ծնողներ նախընտրում են ակտիվորեն միջամտել և երեկոյան ժամը 10-ի մոտերքը փորձում են արթնացնել նրան: Երբեմն դա փոքր-ինչ օգնում է, քանի որ ուշ երեկոյան դատարկված միզապարկը վաղ առավոտյան շատ լիքը չի լինում: Որոշ երեխաներ հեշտությամբ են արթնանում և պատրաստակամությամբ էլ նստում են գիշերանոթին: Ուրիշները դժվարությամբ են արթնանում, ոչ մի կերպ չեն կարողանում միզել և նույնիսկ զայրանում են: Եթե այդպիսի դժվարություններ կան, ավելի լավ է երեխային ուշ երեկոյան չարթնացնել: