Արհեստական (փոխարինող) սնուցման տարբերակներն են
- գործարանային պատրաստման հարմարեցված կաթնախառնուրդ (ֆորմուլա)
- տնային պատրաստման կաթնախառնուրդ, պատրաստված կենդանու կաթից
Կաթնախառնուրդը գործարանային պատրաստման դեպքում ձևափոխվում է այնպես, որ տարբեր սնուցողական նյութերի մասնաբաժիններ ավելի համապատասխան են դառնում մանկանը կերակրելու համար: Հարմարեցված կաթնախառնուրդի հումքը հիմնականում կովի կաթն է, որի մեջ արդյուաբերողները հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ նվազեցնում են սպիտակուցների և որոշ միկոէլեմենտների պարունակությունը (նատրիում, կալիում, քլոր) միաժամանակ ավելացնելով երկաթի, ցինկի պարունակությունը: Կովի կաթից ստացվող ֆորմուլան կարող է մշակվել այնպես, որ այն շիճուկային սպիտակուցների բարձր պարունակություն ունենա: Այդպիսի կաթնախառնուրդներն ավելի հեշտ են յուրացվում մանկան կողմից:
Ֆորմուլան, որը կազեինի բարձր պարունակություն ունի, ավելի դժվարամարս է, քանի որ ստամոքսում հաստ փաթիլներ է առաջացնում: Չնայած ինչպես գործարանային, այնպես էլ տնային պայմաններում պատրաստված կաթնախառնուրդներում սնուցողական բաղադրամասերի մւսսնաբաժինները փոփոխված են, այնուամենայնիվ դրանց որակը չի կարող նույնը լինել, ինչ կրծքի կաթի սնուցողական բաղադրամասերինն է: Կրծքի կաթում պարունակվող իմուն և աճի գործոնները չկան կենդանու կաթում կամ կաթնախառնուրդում, բացի դրանից, փոշի կաթնախառնուրդները կարող են վարակված լինել պաթոգեն միկրոբներով (օրինակ՝ Enterobacter sakazakii). Կաթնախառնուրդի բաղադրությունը նշվում է փաթեթի վրա: Ճիշտ պատրաստելու դեպքում ստանդարտ (առողջ երեխայի համար նախատեսված և Codex Alimentarius-ի սահմանած չափանիշներին բավարարող) մանկական կաթնախառնուրդների 100 մլ-ում պարունակվում է
- 65-70 կկալ (նման է կրծքի կաթի էներգետիկ արժեքավորությանը),
- 1, 5 գ սպիտակուց (մայրական կաթում 1գ),
- մոտ 3, 5 գ ճարպ, որն ապահովում է էներգետիկ պահանջարկի մոտ 45%-ը,
- ածխաջրատը հիմնականում լակտոզան է,
- վիտամիններն ու հանքային աղերը բավարարում են երեխայի օրական պահանջարկը:
Մանկական կաթնախառնուրդները սովորաբար արտադրվում են փոշի կաթի տեսքով, որին պետք է միայն անհրաժեշտ քանակությամբ ջուր ավելացնել, և ավելի հազվադեպ՝ խտացված հեղուկ կաթի կամ նոսրացում չպահանջող «օգտագործման համար պատրաստ» կաթի տեսքով:
Արհեստականորեն սնվող երեխան ունի նաև ջրի կարիք:
Չի կարելի կերակրելուց հետո դատարկ կամ կիսադատարկ շիշը թողնել երեխայի բերանում: Դա նպաստում է ատամների կարիեսին և հակահիգիենիկ է: Գերադասելի է արհեստական սնունդ ընդունող երեխային կերակրել բաժակով և ոչ թե շշով ու ծծակով: Կաթնախառնուրդի մնացորդը պետք է թափել, այն չի կարելի պահել հաջորդ կերակրման համար:
Մանկաբուժություն դասագիրք
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի, դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան