Երեխային տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը հաշվարկվում է ծավալային և կալորիական եղանակներով: Ծավալային հաշվարկը կատարվում է տարբեր միջոցներով, որոնցից հարմար են հետևյալները.

- 10 օրականից 2 ամսական երեխային տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը պետք է հավասար լինի նրա գրամներով արտահայտված քաշի 1/5-ին, 2-4 ամսականում 1/6-ին, 4-6 ամսականում 1/7-ին:

- 2-6 ամսական երեխայի քաշի յուրաքանչյուր կգ-ին օրական տրվում է մոտավորապես 150 մլ հարմարեցված կաթնախառնուրդ:

Կալորիական հաշվարկի հիմքում ընկած է երեխայի կալորիական պահանջարկը.

- Անհաս ծնված երեխաները մինչև 3-4 ամսական հասակը մարմնի քաշի 1 կիլոգրամի հաշվարկով ամեն օր մոտավորապես 120-140 կկալ-ի կարիք ունեն:

- Հասուն ծնված երեխաները մինչև 3-4 ամսական հասակը մարմնի քաշի 1 կգ-ի հաշվարկով օրական մոտավորապես 110-120 կկալ-ի կարիք ունեն:

- Տարիքի հետ մարմնի մեկ կիլոգրամին բաժին ընկնող կալորիաների պահանջը նվազում է, և 1 տարեկանում այն կազմում է մոտ 100 կկալ:

- Իմանալով, որ 1մլ կրծքի կաթում և հարմարեցված կաթնախառնուրդում պարունակվում է մոտավորապես 0,7 կկալ, մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ կաթի ծավալը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով.

Ծավալը = քաշը (կգ-ով) x կալորիական պահանջը (կկալ/կգ/օր) 0,7*:

Մանկանը տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը չպետք է մեկ լիտրից ավել լինի: Մեկ կերակրման համար անհրաժեշտ քանակը որոշելու համար պետք է օրական ծավալը բաժանել կերակրումների թվի վրա:

Հաշվարկված քանակն ունի միայն կողմնորոշիչ նշանակություն, և եթե երեխան մի փոքր ավել կամ պակաս քանակությամբ կաթնախառնուրդ է պահանջում, ապա պետք է առաջնորդվել նրա ախորժակով:

Սննդի քանակի համապատասխանության հիմնական ցուցանիշը մանկան աճի տեմպն է: Քաշի նորմայից արագ ավելացումը, գխտոցը, փսխումը և հաճախակի առատ կղանքը վկայում են գերսնուցման մասին, իսկ քաշի անբավարար ավելացումը, անհանգստությունը, փորկապությունը թերսնուցման մասին:

 

Մանկաբուժություն դասագիրք

 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան