Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության միակ ծառայությունը գործում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 2005 թ-ից:

Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝  կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի պաթոլոգիաներով հիվանդների  վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Բ.Գ.Թ. Արմինե Ղարաքեշիշյանը: Նա վերապատրաստվել է աչքի պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ ԱՄՆ-ի Ռոչեսթեր համալսարանում և Հնդկաստանի ԼՎ Պռասադ Աչքի Ինստիտում 2003-2004 թթ-ին:

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժի կողմից իրականացվում են հետևյալ վիրահատությունները.

  • Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով
  • Արցունքային ուղիների պլաստիկա
  • Բլեֆարոպլաստիկա
  • Պտոզի ուղղում
  • Ծանր աստիճանի պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
  • Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով
  • Ակնակապիճի պլաստիկա
  • Էնուկլեացիա պլաստիկայով
  • Լագոֆթալմի պլաստիկա ոսկյա իմպլանտով
  • Էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա: 

Խրոնիկ արցունքահոսությունը հանդիսանում է խիստ տարածված պաթոլոգիա, որի հիմնական պատճառը հանդիսանում է արցունքաքթային կանալի բլոկադան:

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, և՛ հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:

Պտոզը վերին կոպի կախվածությունն է, որը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ, և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում անբուժելի պաթոլոգիա էր: Ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում միակն է, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում լավագույն սիլիկոնային լարերի միջոցով:

Կոպերի ուռուցքները բավականին տարածում ունեցող պաթոլոգիա են: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և անատոմիան և ֆունկցիան:

Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և՛ կոսմետիկ դեֆեկտ, և՛ խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի: Տարածաշրջանում Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնը միակն է, որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով: