Մայիսի 7-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում տեղի ունեցավ թանգարանի բացման հանդսավոր արարողություն և միջոցառում, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
 
Ողջունելով ներկաներին մայիսյան գալիք եռատոնի կապակցությամբ՝ ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին՝ իրենց կատարած գործի և հաղթանակներով հպարտանալու բերկրանքը մեզ պարգևելու համար:
 
Պաշտպանության նախարարության և անձամբ իր անունից միջոցառման մասնակիցներին թանգարանի բացման և մայիսյան հաղթանակների առիթով շնորհավորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
 
- 2015 թվականը մեզ համար լի էր իրադարձություններով, որոնք հիշողությունների խորհուրդ ունեն. մենք հիշում ենք մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, այն դառնությունները, որ կրել ենք մեր պատմության ընթացքում, բայց հիշում ենք նաև մեր հաղթանակները և Հայրենական մեծ պատերազմում, և արցախյան ազատամարտում: Իսկ հիշողությունների ամրագրման գործում թանգարանի բացումը ամենակարևոր միջոցառումներից մեկն է, - նշեց Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց հայ բժիշկների, հատկապես՝ ռազմական բժիշկների ներդրումն այդ հաղթանակներում, քանի որ վերջիններս կանգնած են եղել հայկական Զինված ուժերի կազմավորման ակունքներում՝ կարևորելով նրանց դերը հայ զինվորի, հայոց սպայի առողջության պահպանման գործում ոչ միայն պատերազմական իրավիճակում, այլև խաղաղ պայմաններում:
 
Ողջույնի խոսքից հետո պաշտպանության նախարարը մեդալներով և արժեքավոր նվերներով պարգևատրեց Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի աշխատակիցների և կուրսանտների, որից հետո շրջեց նորաբաց թանգարանում:

             

             


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝ ԵՊԲՀ (YSMU.am)
08 Մայիսի, 2015