Պերինատալ հոգեբանը աշխատում է կնոջ, ապագա ծնողների և ընտանիքի հետ հղիությունից առաջ, հղիության ընթացքում և երեխայի ծնվելու առաջին ամիսներին։ Նրա հիմնական նպատակը ապագա մայրիկի հոգեբանական հավասարակշռությունն ապահովելն է, օգնել հաղթահարել վախերը, անհանգստությունները և ստեղծել առողջ կապ «մայր–երեխա» հարաբերությունների միջև։
Պերինատալ հոգեբանի հիմնական գործառույթներն են՝
1. Հոգեբանական աջակցություն հղիությանը նախորդող փուլում։
Կինը շատ հաճախ դեռ հղիությունից առաջ ունի ներքին լարվածություն, վախեր կամ կասկածներ մայր դառնալու վերաբերյալ։ Հոգեբանը օգնում է հասկանալ այդ զգացումները, ազատվել անցյալի ազդեցություններից և ձևավորել վստահ վերաբերմունք ապագա մայրության նկատմամբ։
2. Աջակցություն հղիության ընթացքում։
Հորմոնալ փոփոխությունները, ֆիզիկական դժվարությունները և պատասխանատվության բարձրացումը հաճախ առաջացնում են անհանգստություն։ Հոգեբանը սովորեցնում է, ինչպես կառավարել սթրեսը, ինչպես ընդունել մարմնի փոփոխությունները և ինչպես պահպանել ներքին հանգստությունը։
Այս աշխատանքը նաև ձևավորում է կայուն հուզական կապ՝ մայրիկի և երեխայի միջև։
3. Ծննդաբերության նախապատրաստում։
Պերինատալ հոգեբանը օգնում է պատրաստվել ծննդաբերությանը ոչ միայն տեղեկատվական, այլև հուզական մակարդակով․
• հաղթահարել ծննդաբերության վախը,
• հասկանալ, թե ինչ է իրականում սպասվում,
• զարգացնել ինքնավստահություն և վերահսկողության զգացում։
4. Աջակցություն երեխայի ծնվելուց հետո։
Ծննդաբերությունից հետո կարող են ի հայտ գալ հուզական տատանումներ, դժվարություններ նոր դերերում, մայրության վախ կամ հոգնածություն։
Հոգեբանը օգնում է.
• նվազեցնել հետծննդաբերական սթրեսը,
• պահպանել առողջ հարաբերություններ ընտանիքում,
• ձևավորել ապահով և սիրառատ կապ մայրիկի և փոքրիկի միջև։
Ինչու՞ է այս մասնագետի աշխատանքը կարևոր
Պերինատալ հոգեբանը մեծապես նպաստում է ապագա մայրիկի հոգեկան առողջությանը, իսկ դա ուղղակիորեն ազդեցություն ունի նաև երեխայի զարգացման վրա։
Մայրիկի ներքին հավասարակշռությունը՝
• նվազեցնում է հղիության ընթացքում անհանգստությունը,
• բարելավում է երեխայի հուզական վիճակը,
• ուժեղացնում է ընտանիքի միասնականությունը։
կլինիկական հոգեբան



